Գերմանիայի Մայնց քաղաքում մեկնարկող շախմատային փառատոնն իր մեջ ընդգրկում է մի քանի մրցաշարեր, որոնց կմասնակցեն հայ շախմատիստները: Անկասկած, առաջին հերթին ուշադրության կենտրոնում կգտնվի հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը: Նա կմասնակցի արագ շախմատի երկու մրցաշարի, որոնցում կվիճարկվեն աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Նա նախՙ կփորձի պաշտպանել, այսպես կոչված, Ֆիշերի շախմատի կանոններով արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշարի յուրահատկությունն այն է, որ խաղատախտակին խաղաքարերի նախնական դասավորությունը տարբերվում է սովորականից եւ համակարգիչն է պատահականորեն նշում դիրքը: Օրինակ, հնարավոր է ձին տեղ զբաղեցնի թագուհու տեղը, նավակըՙ արքայի եւ այլն:
Այդ մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը, ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան եւ մոլդովացի Վիկտոր Բոլոգանը: Մրցաշարը կանցկացվի 2 շրջանով, յուրաքանչյուր օր մասնակիցները 3-ական պարտիա կանցկացնեն: Առաջին երկու տեղերը զբաղեցրած շախմատիստները 4 պարտիայից բաղկացած մրցախաղում կվիճարկեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ 3-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կվիճարկեն բրոնզե մեդալը: Ոչ-ոքի արդյունքի դեպքում կնշանակվի կայծակնային մրցախաղ:
Այդ մրցաշարի ավարտից հետո, որը կտեւի 3 օր, Արոնյանը հանդես կգա դասական արագ շախմատի աշխարհի առաջնությունում եւ կփորձի Վիշվանաթան Անանդից խլել ուժեղագույնի կոչումը: Բացի նրանցից, մրցաշարին կմասնակցեն նաեւ գրոսմայստերներ Արկադի Նայդիչն ու Յան Նեպոմնյաչնին: Այն կանցկացվի նույն մրցակարգով:
Հայաստանցի մի խումբ շախմատիստներ, այդ թվում օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը կմասնակցեն «Ordix Open-2009» մրցաշարին: Նրանց մրցակիցների թվում կլինեն գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկը, Էթիեն Բաքրոն, Գատա Կամսկին, Վուգար Ղասիմովը, Շահրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Վիորել Բոլոգանն ու այլ շախմատիստներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ