«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2009-07-28 | #141, 2009-07-29 | #142, 2009-07-30


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՙ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄԸ

Սակայն վերնագրերում դա դիտարկում են Թուրքիային նախապայման առաջադրելու կամ վերջնագիր ներկայացնելու դրսեւորում

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: Նրա հետ հանդիպումից հետո մամուլի համար նախատեսված հայտարարությունը լրագրողներին ներկայացնելիս, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին:

Դրա առնչությամբ նա ասաց. «Դուք գիտեք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին ներկա գտնվելու հրավեր ունեմ Թուրքիայի նախագահ Գյուլից: Ներկա իրողությունների պայմաններում, անշուշտ, մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար: Նախագահ Տադիչին ես կրկնել եմ իմ նախկին հայտարարությունները, համաձայն որոնց կընդունեմ արված հրավերը միայն ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլեի տեսանելիության դեպքում, այսինքնՙ Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման շեմին»:

Նախագահ Սերժ Սարգսյանի ձեւակերպումները պարզ են եւ հստակ: Թերեւս կարելի էր մտորել «ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման» արտահայտության շուրջը, թե որոնք են դրանք, եթե նա նույն նախադասության մեջ չարտահայտվեր բաց սահմանի կամ Հայաստանի ապաշրջափակման մասին: Սա նշանակում է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ «մերձեցման» նախաշեմին հայկականին հավաստիացրել է, որ սահմանը կբացի եւ դրանով կվերանա շրջափակումը: Կողմերն, ըստ ամենայնի, դրա շուրջն են պայմանավորվել, սակայն խոստումը չի կատարվել:

Թերեւս դա է պատճառը, որ Սերժ Սարգսյաննՙ ընդգծելով կառուցողական քայլերի բացակայությունը, թուրքական կողմից ակնկալում է «համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար»: Այլ կերպ, կառուցողական քայլերի բացակայության հետ, բացակայում է նաեւ միջավայրը: Մինչդեռ սեպտեմբերի 6-ին, վերադառնալով Երեւանից, Անկարայի օդանավակայանում Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր. «Տեսա, որ երկկողմ հարաբերությունների առջեւ ծառացած խոչընդոտները փոխադարձ երկխոսությամբ հաղթահարելու հարցում համամիտ ենք հայաստանյան կողմի հետ: Կարճ ասած, իմ այցն անցել է արդյունավետ, ապագայի համար հույսեր է ներշնչում»:

Ավելին, սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ելույթ ունենալով Ամերիկա-թուրքական միությունում, նախագահ Գյուլն ընդգծել էր. «Մեծարգո Սարգսյանն ամենայն համարձակությամբ հրավիրեց ինձ, ես էլ նույն համարձակությամբ արձագանքեցի: Իմ նպատակը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ այնպիսի մթնոլորտի ձեւավորումն է, որի շնորհիվ հաղթահարվեն հիմնախնդիրներն ու ամեն ինչ մտնի նորմալ հունի մեջ»:

Հարկ է սակայն նշել, որ կառուցողական քայլերի եւ համապատասխան միջավայրի բացակայության պատասխանատուն սոսկ Թուրքիան չէ, որովհետեւ նախագահ Գյուլի երեւանյան այցից առաջ եւ հետո ԱՄՆ պետքարտուղարությունը, Եվրոմիությունն ու Եվրոհանձնաժողովը հաղորդագրություններով Թուրքիայի նախագահին հրավիրելու համար ողջունել էին Հայաստանի նախագահին, իսկ այցի առնչությամբ հույս էին հայտնել, որ Սարգսյան-Գյուլ հանդիպմանը կհետեւեն երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորման անհրաժեշտ քայլերը, ընդգծելով. «Մենք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում ենք ակնկալում»:

Եթե ԱՄՆ պետքարտուղարությունն ու եվրոպական կառույցները չեն կարողանում գիտակցել իրենց պատասխանատվությունը, կնշանակի նրանք տուրք են տալիս Թուրքիայի նկրտումներին: Երեկվա համարում «Ազգը», ելնելով հենց այս հանգամանքից, գրել էր, որ Գյուլի հրավերի մերժման դեպքում Թուրքիան միջազգային ասպարեզում կշահարկի մերժումն ու մերժման արարքն ի լուր աշխարհի կպայմանավորի «հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանի խաղաղության եւ կայունության» նկատմամբ Հայաստանի «անհաշտ» դիրքորոշմամբ, եւ ավելացրել. «Ամենայն հավանականությամբ, միջազգային ուժերը տուրք կտան նաեւ թուրքական շահարկումներին: Այսպիսով, անկախության օրից Թուրքիայի թշնամության թիրախը դարձած Հայաստանն ինքնաբերաբար կստանձնի ընդգծված «հակաթուրքական» քաղաքականություն վարողի դերը»:

Ինչպես ենթադրվում էր, թուրքական մամուլն իսկույն արձագանքեց Սերբիայի նախագահի հետ ՀՀ նախագահի համատեղ հայտարարության Թուրքիային վերաբերող հատվածին: Ժամանակի սղությունն ըստ երեւույթին մեկնաբանելու հնարավորություն չի տվել, սակայն հրապարակված նյութի վերնագրերը մոտեցումների մասին, այնուամենայնիվ, որոշակի պատկերացում տալիս են:

«Հյուրիեթի» նյութը կրում է «Սարգսյան. Քանի դեռ չի բացվել սահմանը, հանդիպման չեմ գա», Զամանինը»ՙ «Վերջնագիր Հայաստանի նախագահից. կամ կբացեք սահմանը, կամ էլ» վերնագրերը: Իսկ Նյու Յորքի Turkishny.com-ը ՀՀ նախագահի խոսքերն ընթերցողին է ներկայացրել «Հանդիպմանը մասնակցելու համար Սարգսյանը նախապայման առաջադրեց Թուրքիային» վերնագրով: Ինչ վերաբերում է թուրքական հանրային հեռուստատեսությանը, ապա դա էլ ֆուտբոլային հանդիպմանը ներկա լինելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանն անդրադարձել է «Քանի դեռ սահմանը չի բացվել, չի գալու» վերնագրով:

Ի դեպ, այս բոլոր լրատվամիջոցներն էլ հրապարակված նյութի վերջում ընդգծել են, որ նախագահ Գյուլը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու համար Հայաստանի նախագահ Սարգսյանի հրավերով մեկնել էր Երեւան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4