Երեկ կայացած Հանրային խորհրդի 4-րդ նիստի ժամանակ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, թե այն սկզբնական մտքերը, որ «փոխզիջումների, բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ կգանք մի լուծման, եւ Ղարաբաղը բնական ձեւով կինտեգրվի մեր կյանքին, ու մենք կկարողանանք գնալ առաջ, իմ կարծիքովՙ մենք արդեն այդ իլյուզիաներից մի քիչ հեռու ենք»: Վազգեն Մանուկյանը մոտ ժամանակներում ԼՂ-ի խնդրի լուծումը չի տեսնում, որովհետեւ մի շատ վճռական հարց կա: Ըստ նրա` Ադրբեջանը ոչ մի ձեւով ո՛չ համաձայնում է, ո՛չ էլ մոտ ժամանակներում կհամաձայնի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէ. «Այդ դեպքում, որեւէ փոխզիջման մասին խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետեւ այդ խնդիրը եթե կա, զիջումը ուղղակի մոտեցնում է մեզ պատերազմիՙ ոչ մի բան չտալով, ո՛չ տնտեսական, ո՛չ տրանսպորտային, ո՛չ մի բան»:
Վ. Մանուկյանը ողջունում է բանակցային գործընթացին ՀՀ իշխանությունների մասնակցության շարունակությունը: Նա առաջարկում է, որ Հայաստանն ու Ղարաբաղը միմյանց հետ հարաբերությունների հայեցակարգ ձեւավորեն եւ հստակեցնեն, թե ի՞նչ միասնական նպատակներ են հետապնդում:
Հանրային խորհրդի 9 անդամններըՙ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել են Ղարաբաղի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ ՀՀ կառավարության հետ աշխատանքում որեւէ խնդիր չունեն, փոխարենը դժգոհ են Հայաստանի հանրությունից: «Իրենք չեն տեսնում, որ Հայաստանի հանրությունն իրենց մեջքին կանգնած է: Կարդալով Հայաստանի թերթերը, նայելով հեռուստատեսությունըՙ տպավորությունն այն է, որ մեզ միայն երկու հարց է հետաքրքրումՙ պատերազմ լինելո՞ւ է - չի՞ լինելու, հողերը տալո՞ւ են-չե՞ն տալուՙ ո՞վ ո՞ւմ է ծախում: Այսինքնՙ Ղարաբաղն իր բազմաթիվ խնդիրներով դուրս է մղված մեր հանրության հետաքրքրություններից եւ այդ հարցերով գնում է միայն եւ միայն սպեկուլյացիա, որ Հայաստանում առաջացնում է ներքին ճեղքվածք, անվստահություն իրար նկատմամբ»:
Հանրային խորհրդի օրակարգում առաջնահերթ կարեւորության հարցերից մեկն էլ Հայաստան-Ղարաբաղ համագործակցության հայեցակարգի մշակումն է: Նախատեսվում է հստակեցնել համագործակցության եզրերը բոլոր բնագավառներում: Հանրային խորհրդում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ՀԽ-ի բոլոր հանձնաժողովներից: 1-1,5 ամսում էլ պետք է հռչակագիր կազմվիՙ նշելով հայեցակարգի գաղափարախոսությունը: Վազգեն Մանուկյանը նշեց, որ փաստաթղթի մշակման աշխատանքներին մասնակցելու համար կհրավիրեն նաեւ ՀՀ կառավարության եւ ԱԺ-ի ներկայացուցիչներին, բայց այդ հայեցակարգը ՀԽ-ի սեփականությունը պետք է լինի. «Սա ոչ թե ամբիցիայի հարց է, այլ մենք ամենաազատն ենք, մենք ներկայացնում ենք հանրության կարծիքը, մեզ պետք չէ հարմարվել աշխարհի այս կամ այն պետությանը, քաղաքական կոնյունկտուրային, մենք կարող ենք, իսկապես, քաղաքական դաշտից դուրս հանրային կարծիք, հանրային կոնցեպցիա ներկայացնել մեր հասարակությանը»:
Ն. Մ.