«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2009-07-28 | #141, 2009-07-29 | #142, 2009-07-30


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ ՎԱՐԿԸ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 30 մլն դոլար արժողությամբ Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը, որը կտրամադրի ՀԲ կառույցներից Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ): Այս մասին տեղեկացանք ՀԲ երեւանյան գրասենյակիՙ մեզ տրամադրած հաղորդագրությունից: ՎԶՄԲ վարկի մարման ժամկետը կազմում է 27 տարի, որից 5 տարին արտոնյալ ժամկետ է:

Ծրագիրը 2 բաղկացուցիչ ունի: Առաջինՙ բարելավել Արմավիրի եւ Թալինի ոռոգման համակարգերի ջրօգտագործման արդյունավետությունը, երկրորդՙ խթանել գյուղական վայրերում աշխատատեղերի շտապ ստեղծումը: Մասնավորապես, նախատեսվում է ոռոգման ջրանցքների վերականգնման քաղաքացիական աշխատանքների եւ ոռոգման ենթակառուցվածքը կառավարող հաստատությունների հզորացման միջոցով նվազեցնել ջրի կորուստները:

«Աշխատատեղերի ստեղծումը եւ եկամուտների խթանումը հատկապես գյուղական վայրերում, որտեղ ապրում է աղքատ բնակչության մեծ մասը, հույժ կարեւոր են առկա ճգնաժամային միջավայրում: Այս ծրագիրը կարեւորվում է նրանով, որ նաեւ նպաստելու է գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացմանն ու արտադրողականության բարելավմանը», նշել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը :

Տրամադրվող վարկը կուղղվի Արմավիրում եւ Թալինում մոտ 84 կմ երկարությամբ հիմնական ջրանցքների վերանորոգմանը, ինչի շնորհիվ ջրի կորուստները կնվազեն մինչեւ 70 հազար խմ-ով եւ կվերականգնվի մոտ 7300 հեկտար հողատարածքների ոռոգումը: Ծրագրի արդյունքներից կօգտվեն 73 համայնքների մոտ 39000 ջրօգտագործողներ: Այն նաեւ կնպաստի մոտ 9000 մարդ/ամիս աշխատատեղերի ստեղծմանը:

9-11 տոկոս տնտեսական անկում, 3 տոկոսից ցածր գնաճ Հայաստանում

Համաշխարհային բանկի կանխատեսումներով, տարեվերջին Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 9-11 տոկոս, իսկ գնաճըՙ 3 տոկոսից ցածր: Այս մասին երեկ լրագրողներին ասաց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը : Նա նշեց, որ ակնկալում են ավելի ցածր տնտեսական անկում, քան եղել է մինչ այժմ: ՀԲ ներկայացուցչի խոսքերով, Հայաստանի տնտեսությունը սկսել է կայունանալ: Միաժամանակ, նա նշեց, որ եկող տարի Հայաստանի տնտեսության վերականգնումը շատ դանդաղ կընթանա:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4