Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը սկսել է VISA INTERNATIONAL միջազգային վճարային համակարգի քարտերի տրամադրումը: Ընդ որում, բանկում ներդրվել է վճարային քարտերով միջազգային գործարքների երկու արժույթներով փոխհաշվարկների իրականացման (դոլար եւ եվրո) համակարգ, ինչը հնարավորություն է տալիս VISA վճարային քարտերի քարտապաններին, գտնվելով աշխարհի որեւէ վայրում, իրականացնելու գործարքներ առանց արժույթների լրացուցիչ փոխարկումներ կատարելու: Այսինքն, քարտապանները զերծ կմնան արտարժույթի փոխարժեքի տատանումների եւ փոխարկումների հետ կապված հավելյալ ծախսերից:
Բանկը VISA INTERNATIONAL վճարային համակարգի քարտային ծրագրերից իր հաճախորդներին առաջարկում է VISA ELECTRON, VISA CLASSIC, VISA GOLD, VISA PLATINUM, VISA INFINITE վճարային քարտեր:
Լրացուցիչ բացառիկ ծառայություններից օգտվելու հնարավորություններ են տալիս VISA պրեմիում կարգի քարտերը` մասնավորապես Հայաստանում առաջին անգամ թողարկվող VISA INFINITE տեսակի քարտը: Այն արտասահմանում ավիատոմսերի եւ հյուրանոցային սենյակների ամրագրումից, ավտոմեքենաների վարձակալությունից, բժշկական 90-օրյա անվճար ապահովագրությունից, տարբեր տեսակների իրավաբանական եւ բժշկական խորհրդատվությունից բացի, բացառիկ հնարավորություն է ընձեռում օգտվելու կոնսիերժի շուրջօրյա ծառայություններից: Ըստ պահանջի, օրվա ամեն ժամի, VISA վճարային քարտերի պրեմիում կարգի քարտապանները, անկախ գտնվելու վայրից, 24 ժամվա ընթացքում կարող են ստանալ կորցրած քարտի փոխարեն նոր քարտ, իսկ կանխիկի հրատապ ստացման անհրաժեշտության դեպքում` առանց քարտի առկայության մինչեւ 5000 դոլար գումար աշխարհի մոտ 16000 կետերից: VISA վճարային համակարգի պրեմիում կարգի քարտապաններին տրամադրվում են նաեւ վարկային գծերից օգտվելու արտոնյալ պայմաններ, այդ թվում` մինչեւ 50 օր վարկային գծի մարման արտոնյալ անտոկոս ժամկետ:
Այս առնչությամբ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է. «Աշխարհի ամենատարածված վճարային համակարգի` VISA INTERNATIONAL-ի միջոցով «Արդշինինվեստբանկն» իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հարմարավետ եւ ժամանակակից բանկային եւ սպասարկման բազմաթիվ ծառայություններից: VISA քարտի քարտապանները կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող բանկի սպասարկման կետերից եւ բանկոմատներից, այլեւ ամբողջ աշխարհում տեղակայված բազմաթիվ այլ սպասարկման կետերից, որտեղ կլինի VISA INTERNATIONAL համակարգի տարբերանշանը»:
Ա. Մ.