«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2009-07-28 | #141, 2009-07-29 | #142, 2009-07-30


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԱԴԱՐԵՑԻՆ ՆՎԱԶԵԼ

Անհատական տների գների նվազման միտումը հունիսին դեռ պահպանվել է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2009-ի հունիսին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14320 գործարք, ինչը 25,3 տոկոսով ավելի է 2009-ի մայիսին կատարված գործարքների եւ ընդամենը 0,8 տոկոսով պակաս` 2008-ի հունիսի գործարքների համեմատ: Փաստորեն, հունիսին իրականացված գործարքները հասել են անցյալ տարվա գործարքների քանակին, դրանով իսկ փաստելով աշխուժության վերականգնման միտումն անշարժ գույքի շուկայում:

Օտարման գործարքները նույնպես զգալիորեն ավելացել ենՙ մայիսի 2894-ի փոխարեն հունիսին կազմելով 4028, աճելով 39,2 տոկոսով: Անցյալ տարվա հունիսի համեմատ այս ցուցանիշը նվազել է 17,9 տոկոսով: Օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 78,1 տոկոս: Մնացածը նվիրատվություններ ու փոխանակություններ են:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 66,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի մայիսի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում հունիսին աճել է 36,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատՙ նվազել 17,9 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում հունիսին մայիսի համեմատ նվազել են աննշանՙ 0,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները հունիսին այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ Միջին գները (դրամ) հունիս 2008 թ.Միջին գները (դրամ) հունիս 2009 թ.Միջին գները (դրամ) մայիս 2009 թ.
Կենտրոն487000462800461300
Արաբկիր418500350400354400
Քանաքեռ-Զեյթուն309600271700274900
Նոր Նորք281700222600225600
Ավան274000225700221500
Էրեբունի279500243300238900
Շենգավիթ285000235500239000
Դավիթաշեն295000250900252600
Աջափնյակ280800235600234900
Մալաթիա-Սեբաստիա269700218600218700
Նուբարաշեն155300134700134700
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)303300259300259700

Աղյուսակից երեւում է, որ որոշ վարչական շրջաններումՙ Կենտրոնում եւ Աջափնյակում, գներն անգամ աճել են:

Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 326 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ աճել է 45,5 տոկոսով, իսկ 2008-ի հունիսի համեմատ նվազելՙ 22,9 տոկոսով: Միաժամանակ արձանագրվել է նաեւ միջին գների աննշան աճ մայիսի համեմատՙ 0,4 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 182 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը կազմել է 166 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանըՙ 143 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 138 հազար դրամ, Իջեւանըՙ 130 հազար դրամ ցուցանիշով, Աշտարակըՙ 127 հազար դրամ, Գորիսը 124 հազար դրամ, Մասիսըՙ 120 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

Հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 422 գործարք, որից 115-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը մայիսի համեմատ աճել է 2,7 անգամ, իսկ մարզերումՙ 44,1 տոկոսով: 2008-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 12,7 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 30,2 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների միջին 1 քմ-ի միջին գները 2009-ի հունիսին մայիսի համեմատ նվազել են 3,4 տոկոսով: Ըստ վարչական շրջաններիՙ գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ Միջին գները (դրամ) հունիս 2008 թ.Միջին գները (դրամ) հունիս 2009 թ.Միջին գները (դրամ) մայիս 2009 թ.
Կենտրոն494400493000501200
Արաբկիր426900382000396400
Քանաքեռ Զեյթուն316800298000308700
Նորք-Մարաշ288900299500307700
Ավան276100251300272100
Էրեբունի281600273000281500
Շենգավիթ287200261300271000
Դավիթաշեն301200281000297900
Աջափնյակ289000269500274300
Մալաթիա-Սեբաստիա275900252000260300
Նուբարաշեն159900152300155300
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)308900292100302400

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հունիսին մայիսի համեմատ նվազել են 1,7 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 288 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 178 հազար դրամ, երրորդըՙ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճընըՙ 143 հազար դրամ, Իջեւանըՙ 136 հազար դրամ, Աշտարակը 135 հազար դրամ, Մասիսըՙ 130 հազար դրամ, Գորիսը 128 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի հունիսին 2008-ի հունիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 32,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 44,8 տոկոսով:

Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2009-ի հունիսին մայիսի համեմատ աճել է 13,3 տոկոսով, իսկ 2008-ի հունիսի համեմատՙ 32,3 տոկոսով:

2009-ի հունիսին անշարժ գույքի 1285 գրավադրման գործարքներից 68-ն են եղել հիպոթեկային գրավադրման գործարքները: Մայիսի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը հունիսին աճել է 19,3 տոկոսով, ընդ որում Երեւանումՙ 47,1 տոկոսով, մարզերում նվազել է 21,7 տոկոսով: 2008-ի հունիսի համեմատ հիպոթեկային գործարքները նվազել են 80,2 տոկոսով, ընդ որում Երեւանում` 77,9 տոկոսով, մարզերում` 84,6 տոկոսով:

Այսպիսով, հունիսին անշարժ գույքի շուկայում գների նվազումը գոնե բնակարանների մասով, կարելի է ասել, կանգ է առել: Անհատական տների մասով մայրաքաղաքում գների նվազման միտումը պահպանվել է, իսկ մարզերումՙ դանդաղել: Փաստորեն, ամռանը անշարժ գույքի շուկայում գների կայունացման մասին նախորդ ամիսների ցուցանիշները ներկայացնելիս բազմիցս արված մեր կանխատեսումները իրականանում են: Եթե հունիսին բնակարանների գներով է դա երեւում, ապա հուլիս-օգոստոսին այս միտումը ամենայն հավանականությամբ կտարածվի նաեւ անհատական տների վրա: Ամռան մյուս ամիսներին հավանական է, որ գներն անշարժ գույքի շուկայում չնչին փոփոխություններ արձանագրեն եւ հիմնականում կայուն կմնան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4