«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2009-07-28 | #141, 2009-07-29 | #142, 2009-07-30


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Լեւոն Արոնյանը գերազանց է մեկնարկել Գերմանիայի Մայնց քաղաքում անցկացվող Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությունում: Այս մրցաձեւում հայ շախմատիստը կրում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իր երեք մրցակիցների հետ առաջին օրն անցկացված բոլոր պարտիաներում էլ Արոնյանը հաղթեց եւ առաջին շրջանի ավարտից հետո վաստակեց առավելագույն` 3 միավոր: Առաջինը նրա ճնշմանը չդիմացավ ճապոնացի Հիկարու Նակամուրան, որը հանձնվեց 42-րդ քայլում: 2-րդ տուրում Վիորել Բոլոգանն ավելի շուտ հանձնվեց` կատարելով ընդամենը 22 քայլ: Կարճ տեւեց նաեւ Մովսիսյանի հետ մրցավեճը: Սլովակիայում բնակվող Սերգեյը 28-րդ քայլին կանգնեցրեց ժամացույցը:

Կարելի է վստահորեն ասել, որ Արոնյանն արդեն ապահովել է իր մասնակցությունը եզրափակիչում, քանի որ մյուս երեք շախմատիստները վաստակել են ընդամենը մեկական միավոր: Մովսիսյանն այդ միավորը վաստակել է Նակամուրայի նկատմամբ 52-րդ քայլին տոնած հաղթանակի շնորհիվ: Ճապոնացի շախմատիստն իր հերթին 3-րդ տուրում հաղթեց Բոլոգանին, որը մեկնարկում սեւերով 75-րդ քայլին պարտության էր մատնել Մովսիսյանին: Այդ պարտիան առայժմ ամենաերկարատեւն է: Երկրորդ շրջանի մրցախաղերում այս եռյակից ավելի հաջող խաղ ցուցադրած շախմատիստն իրավունք կստանա եզրափակիչում Արոնյանի հետ վիճարկելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4