«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2009-07-29 | #142, 2009-07-30 | #143, 2009-07-31


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵԶ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ՍՊԱՌՆԱՑՈՂՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԽՈՍՔԸՙ «ՍՈՒՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԸ ՍՐԻՑ ԿԸՆԿՆԻ»

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Երեկ Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկության ամբիոնի, ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտների սպայական վկայականների հանձնման պատվավոր արարողությունն էր:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ դեսպանատների ռազմական կցորդները:

Վկայականների հանձնման օրը համընկավ նաեւ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 15-ամյակի հետ:

Ռազմական ինստիտուտի ստեղծման 15-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց ինստիտուտի սաներին եւ իր ելույթում նշեց. «Մի քանի օր հետո այսօրվա շրջանավարտները սկսելու են սպայի դժվարին, բայց անչափ պատվաբեր իրենց կենսագրության առաջին էջը, համալրելու են նրանց կուռ շարքերը, ովքեր աներեր եւ պատվախնդրորեն կանգնած են ազգային-պետական գերակա խնդրի` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովման առաջին գծում: Վստահ եղեք, որ նախորդ տարիների նման այսուհետեւ եւս բանակի կատարելագործման, բարձրակարգ սպայական կադրերով համալրման, սպաների, նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները շարունակելու են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ գործունեության գերակայություններից մեկը: Այլ կերպ չի էլ կարող լինել»:

«Այսօր մենք ուժեղ ենք. ուժեղ ենք, քան երբեւէ, մեր բանակն ամուր է, արդիական եւ ունակ լուծելու ցանկացած խնդիր: Նա պատվով է բռնել ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղության քննությունը` մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին: Մեզ պատերազմով սպառնացողներին մենք հիշեցնում ենք աստվածաշնչյան խոսքը. «Սուր բարձրացնողը սրից կընկնի»: Այս բառերի անհերքելի ճշմարտացիությունն իրենց կյանքով ու մաքառումով վերահաստատել են մեր ժողովրդի լավագույն զավակները` մեր հայրերի սերունդը, մեր սերունդը, իմ սերունդը: Թող ոչ ոք չկասկածի` հարկ եղած դեպքում նույնը կլինի նաեւ այսօր», ասաց նախագահ Սարգսյանը:

Սպաներին օրհնեց Գարեգին Բ կաթողիկոսը:

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ, արդեն հրետանային դասակի հրամանատար լեյտենանտ Արման Ավետիսյանը Գյումրիից է: Նա մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ հպարտությամբ է իր ուսերին կրում սպայի նոր ուսադիրները եւ խոստացավ պատվով ծառայել հայ ազգին: Ի դեպ, երեկ ինստիտուտում տեղի էր ունենալու նաեւ ռազմաուսումնական հաստատությունների 2009 թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրի որոշման վիճակահանությունը: Մեր այն հարցին, թե որտեղ կուզենար իր հետագա ծառայությունը անցկացնել, լեյտենանտ Արման Ավետիսյանը ժպիտով պատասխանեց. «Որտեղ էլ ծառայեմ` իմ հայրենիքի, իմ ծնողների, հարազատների ու ժողովրդի համար եմ ծառայելու: Բայց այսօր Արցախը մեր նման սպաների կարիքն ունի, այնպես որ միշտ պատրաստ ենք մեր թշնամուն պատասխան հակահարված տալու»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4