Գյուղատնտեսական մթերքների խթանման վերաբերյալ երեկ կառավարության ընդունած երկու որոշումները լրագրողներին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նա նշեց, որ այդ որոշումների ընդունման նպատակը գյուղատնտեսական սեզոնին գյուղմթերքների արտահանման ծախսերի նվազեցումն ու ընթացակարգերի պարզեցումն է: Մասնավորապես, որոշվել է 2,5 տոննայի չափով գյուղմթերքներ արտահանողների համար Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի կողմից տրվող հավաստագրերի արժեքը սահմանել 2 հազար դրամ: Ներկա պահին այն կազմում է 15 հազար դրամ եւ երբեմն նաեւ ավելի: Մյուս որոշումը վերաբերում է բուսասանիտարական զննմանը, որի իրականացման համար ժամկետը կրճատվել եւ սահմանվել է 1 օր:
Հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի, որ ավելի շուտ ընդունվեին այս որոշումները, քանի որ գյուղմթերքների զգալի ծավալներ արդեն արտահանվել են, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ ավելի լավ կլիներ, եթե շուտ ընդունվեր, բայց դեռ ժամանակ կա:
Իսկ թե որքա՞ն են կազմել մինչ այժմ գյուղմթերքների արտահանման ծավալները` Ներսես Երիցյանը պատասխանեց, որ ճշգրիտ տվյալներ չունի, բայց ամռանը ամբողջ արտահանման 20-30 տոկոսը գյուղմթերքներն են:
Ա. Մ.