«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2009-07-29 | #142, 2009-07-30 | #143, 2009-07-31


«ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՆ ԱՀԱՎՈՐ Է»

Կառավարության վերջին արտագնա նիստում, որը տեղի ունեցավ Սյունիքի մարզում, որոշվեց մարզի զարգացման ծրագրերի համար հատկացնել 71,9 միլիարդ դրամ: Գումարը ծախսվելու է գրեթե բոլոր ոլորտներում` սոցիալական ապահովություն, առողջապահություն, բնապահպանություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն եւ այլն:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ տեղեկացրեց, որ առաջիկայում արդեն կսկսվեն 20 միլիոն դոլար արժողությամբ ճոպանուղու շինարարական աշխատանքները: Այսօր, սակայն, ըստ Սուրեն Խաչատրյանի, Սյունիքի մարզը կանգնել է մեծ խնդրի առջեւ` բնակլիմայական երեւույթների հետեւանքով: «Գյուղատնտեսության վիճակը ահավոր վատ է այս տարի: Ինչպես մնացած մարզերում, այնպես էլ Սյունիքում, գիտեք, որ եղանակի պատճառով գյուղացին այս տարի երեւի թե բերք չվերցրեց: Իր այն միջոցները, որ ծախսել էր աշնանը, սպասելիքներ ուներ, այդ սպասելիքները չիրականացվեցին: Այդ ակտերը կազմված են, հանձնաժողովների միջոցով ներկայացված են կառավարությանը, սպասում ենք, չեմ կարող ասել` կլինեն, թե չեն լինի: Գումարի չափը միլիարդների է հասնում` 3 միլիարդ է»:

«Ագարակի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատների աշխատանքային ծավալներն այնքան են, որքան խորհրդային ժամանակներում եղած աշխատանքի ծավալները», տեղեկացրեց Սուրեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով, ձեռնարկությունների աշխատողները նորմալ գնում են աշխատանքի, ստանում են իրենց աշխատավարձը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4