Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հերթական օրը Հայաստանից մրցահարթակ դուրս եկավ Ալլա Սամվելյանը: Մինչեւ 58 կգ քաշային կարգում հայ մարզուհին պոկում վարժությունում բավական համեստ արդյունք ցույց տվեց: Նա միայն 2-րդ մոտեցմամբ կարողացավ իրեն ենթարկել 71 կգ ծանրությունը, իսկ 3-րդ փորձից «սանձեց» 73 կգ ծանրաձողը: Այդ արդյունքը 11 մասնակիցների մեջ 7-րդն էր: Իսկ լավագույն արդյունքի հասավ եւ փոքր ոսկե մեդալը նվաճեց ուկրաինուհի Գալյա Օլեքսիենկոն (83 կգ): Արծաթե մեդալը բաժին հասավ ռուսաստանցի Իրինա Սիբետովային (82 կգ): Բրոնզե մրցանակակիր դարձավ թուրք Նեսլիհան Օկումուսը (81 կգ):
Սամվելյանը ստիպված էր հրում վարժությունը սկսել շատ բարձր քաշից: Նա մասնակիցներից ամենածանր նախնական քաշն էր պատվիրել: Այդ ռիսկն արդարացված էր: Ճիշտ է, Ալլան միայն 2-րդ մոտեցմամբ բարձրացրեց 102 կգ-ը, սակայն 3-րդ փորձի ժամանակ ցույց տվեց 104 կգ, ինչը լավագույն արդյունքն էր: Մասնակիցներից միայն մեկը` բելառուսցի Նատալյա Կոլասը փորձեց գերազանցել հայ մարզուհուն, սակայն չկարողացավ բարձրացնել 105 կգ-ը: Այսպիսով, Ալլա Սամվելյանը հրում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց: Իսկ երկամարտում Սամվելյանը 177 կգ (73+104) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Իրինա Սիբետովան` 185 կգ (82+103): Շնորհիվ 300 գրամ ավելի թեթեւ անձնական քաշի, արծաթե մեդալը նվաճեց թուրք Նեսլիհան Օկումուսը` 184 կգ (81+103), որն առաջ անցավ նույնպիսի արդյունք ունեցող ուկրաինուհի Գալյա Օլեքսիենկոյից:
Մինչեւ 53 կգ քաշային աղջիկների մրցավեճում լավագույնը թուրք Այսեգուլ Կոբանն էր` 173 կգ (73+100): Բուլղարուհի Մայա Իվանովան դարձավ 2-րդ մրցանակակիր 158 կգ (69+89) արդյունքով, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ ռումինուհի Դանա Բերչիին` 157 կգ (68+89):
Մինչեւ 69 կգ քաշային պատանիների մրցաշարում ոսկե մեդալի արժանացավ ռումինացի Մարտին Ռազվանը` 319 կգ (144+175): Նրա հայրենակից Պաուլ Ստոյչիտան երկամարտի 303 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Բրոնզե մեդալակիր դարձավ ալբանացի Դանիել Գոդելին` 298 կգ (133+165):
Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների պայքարում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց բելառուսցի Կազիմիր Ֆիտսները` 327 կգ (153+174): 2-րդ տեղը գրավեց լեհ Կրժիժտոֆ Զվարիչը` 319 կգ (141+178), որին մեկ կգ զիջեց ռուսաստանցի Ալբերտ Սայախովը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ