«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2009-07-30 | #143, 2009-07-31 | #144, 2009-08-01


GSP+-Ը ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Էկոնոմիկայի փոխնախարարը համակարգը ներկայացրեց գործարարներին

Եվրոմիության սահմանած արտոնությունների GSP+ համակարգից, որը թույլ է տալիս զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով ապրանքներ արտահանել Եվրոմիության երկրներ, ի թիվս 16 երկրների, այս տարվա հունվարի 1-ից մինչեւ 2012-ի հունվարի 1-ը օգտվում է նաեւ Հայաստանը: Արտոնությունների համակարգը հայ գործարարներին ներկայացնելու նպատակով երեկ տեղի ունեցած սեմինարի ժամանակ այդ հարցը մանրամասնեց էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ այս համակարգը Հայաստանի համար մրցակցային առավելություններ է ստեղծում այն երկրների նկատմամբ, որոնք ձգտում են իրենց ապրանքներն արտահանել Եվրոպա: Նրա խոսքերով, Հայաստանում արտադրվող ապրանքների ավելի քան 50 տոկոսն ընդգրկված են այս համակարգում: Միաժամանակ, փոխնախարարը հիշեցրեց, որ այդ համակարգին միանալու համար Հայաստանը չպետք է մոռանա 27 միջազգային կոնվենցիաներով ամրագրված նախապայմանների մասին, որոնց մեր երկիրը միացել է: Դրանք ՄԱԿ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության սահմանած նախապայմաններ են, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքային հիմնական չափանիշներին, շրջակա միջավայրին եւ կառավարման սկզբունքներին:

GSP+ համակարգը հնարավորություն է տալիս դրանից օգտվող երկրներին մոտ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանելու արտոնյալ մաքսատուրքերով: Ծխախոտի համար կիրառվում է 52 տոկոս նվազեցված մաքսատուրք, բնական հյութերի համարՙ 30 տոկոս, մրգերի համարՙ 20 տոկոս, բանջարեղենի համարՙ 14 տոկոս, ձկնամթերքի համարՙ 20 տոկոս, մեղրի համարՙ 17 տոկոս: 2007-ից ի վեր, ինչ Եվրոպական հանձնաժողովը սահմանել է արտոնությունների այս համակարգը, ԵՄ շուկա արտահանողները 357 մլն դոլար պակաս մաքսատուրք են վճարել:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4