«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2009-07-30 | #143, 2009-07-31 | #144, 2009-08-01


ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ԼՂՀ կառավարությունը հատկապես գյուղական բնակավայրերի դպրոցներն անհրաժեշտ մասնագետներով համալրելու նպատակով հանդես է եկել մանկավարժներին խրախուսելու նոր նախաձեռնությամբ: Գործադիրի ընդունած նոր որոշմամբ սահմանվել է ուսուցիչներին այլ վայր աշխատանքի ուղեգրելու կարգը, որի համաձայն` պետական միջոցների հաշվին նրանց կտրվի աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար եւ բնակելի տարածության համար` մինչեւ 20 հազար դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն:

Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանրապետության հեռավոր բնակավայրերի կրթօջախներում առավելապես օտար լեզվի մասնագետների կարիք կա, իսկ վեց տասնյակից ավելի դպրոցներ չունեն համապատասխան կադրեր: Այս տվյալները կառավարության նիստում ներկայացրել է կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

Վարչապետ Արա Հարությունյանը նիստում կարեւորել է ուսուցիչներին այսկերպ խրախուսելու անհրաժեշտությունը, շեշտելով, որ հայրենասիրական ձեռնարկին արձագանքող ուսուցիչների համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել:

Ելնելով հայաստանյան փորձից` առաջարկվել է անհրաժեշտության դեպքում ծրագրում ընդգրկել նաեւ համապատասխան կրթություն ունեցող զինծառայողների: Դրա նպատակահարմարությունն այն է, որ ինչպես ցույց է տվել պրակտիկան, զինծառայությունն ավարտելուց հետո նրանց մի մասը շարունակում է աշխատել` բնակություն հաստատելով այդ գյուղում:

Նույն աղբյուրի համաձայն, կառավարությունը նաեւ հաստատել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի 2009 թվականի մագիստրատուրայի ընդունելության մասնագիտությունների ցանկը, ըստ որի` ագրոնոմիա, անասնաբուժություն, խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն ու ագրարային արտադրության էկոնոմիկա եւ կառավարում մասնագիտությունների գծով հատկացվում է անվճար ուսուցման 9 եւ վճարովի ուսուցման 5 տեղ:

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4