Երեկ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Թաբիբյանը:
Ջիվան Թաբիբյանը ծնվել է 1937 թվականին, Լիբանանի Բեյրութ քաղաքում: 1959 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը` քաղաքագիտություն մասնագիտությամբ, ապա Փրինսթոնի համալսարանը: Ջ. Թաբիբյանը ավարտել է նաեւ Սորբոնի համալսարանը` քաղաքական սոցիոլոգիա մասնագիտությամբ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիվանագիտական հետազոտությունների կենտրոնը (Փարիզ): 1962-1971 թթ. դասավանդել է քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի եւ Կալիֆոռնիայի համալսարաններում, նաեւ քաղաքաշինություն է դասավանդել ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի ճարտարապետական դպրոցում: 1971-1996 թթ. կատարել է խորհրդատվական եւ հասարակական ծրագրման աշխատանքներ Մեքսիկայում, Վենեսուելայում, Գվատեմալայում, Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում, Քուվեյթում եւ Ճապոնիայում: 1998-2008 թթ. եղել է ԵԱՀԿ-ում, նաեւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ: 1999-ին Ջիվան Թաբիբյանին շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: 2000-2006 թթ. աշխատել է Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում եւ Սլովակիայում որպես Հայաստանի դեսպան: