Լեւոն Արոնյանին չհաջողվեց պահպանել Ֆիշերի շախմատի վարկածով արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մայնցում անցկացվող մրցաշարը նա շատ հաջող սկսեց, սակայն վճռորոշ հանդիպումներն անհաջող անցկացրեց: 4 պարտիայից բաղկացած եզրափակիչ մրցախաղում Արոնյանը 0,5-3,5 հաշվով զիջեց ԱՄՆ-ում բնակվող ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրային ու զրկվեց չեմպիոնությունից: Առաջին երեք պարտիաներում ճապոնացին հաղթեց, չորրորդում գրանցվեց ոչ-ոքի:
Բրոնզե մեդալի համար պայքարում հաջող խաղաց Սերգեյ Մովսիսյանը: Նա 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Վիկտոր Բոլոգանին:
Այժմ Լեւոն Արոնյանին նոր փորձություն է սպասում դասական արագ շախմատի աշխարհի առաջնությունում, որում նրա մրցակիցներն են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Արկադի Նայդիչը եւ Յան Նեպոմնյաչնին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ