Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Հայ ֆուտբոլասերներին այս մրցաշարում առաջին հերթին հետաքրքրում են Դոնեցկի «Մետալուրգի» մասնակցությամբ հանդիպումները, որում խաղում են Հենրիխ Մխիթարյանն ու Արարատ Առաքելյանը: «Մետալուրգը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Սլովենիայի «Ինտերբլոկին»: Դաշտի տերերի առավելությունը ողջ խաղի ընթացքում զգալի էր, որոնք գոլային մի շարք պահեր ստեղծեցին, սակայն իրացրին միայն երկուսը, այն էլ ստանդարտ իրադրությունները: 20-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը բացեց Ալեքսեյ Գոդինը, իսկ ընդմիջումից քիչ անց Մարիո Սերժիուն իրացրեց 11 մ հարվածը: «Մետալուրգի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ Արարատ Առաքելյանը նույնիսկ հայտավորված չէր խաղին:
Կարծում ենք, հայ ֆուտբոլասերները նախանձով են հետեւում մեր հարեւանների` վրացիների եւ ադրբեջանցիների ելույթներին, որոնք շարունակում են հաղթանակներ տոնել եվրոպական մրցասպարեզում: Կրկին մեծ անակնկալ մատուցեց ադրբեջանական «Ղարաբաղը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով պարտության մատնեց ֆիննական «Հոնկային»: Թբիլիսիի «Դինամոն» էլ սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Սերբիայի «Ցրվենա Զվեզդային»:
Ընդհանրապես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ակումբները վատ հանդես չեկան: Խարկովի «Մետալիստը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց խորվաթական «Ռիեկային»: Անհաջողության մատնվեցին միայն Սամարայի «Կռիլյա Սովետովն» ու լիտվական «Վետրան»: Ռուսական ակումբը հյուրընկալվելիս 0-1 հաշվով զիջեց իռլանդական «Սենտ Պատրիկսին», իսկ լիտվացիները սեփական հարկի տակ խոշոր հաշվով զիջեցին անգլիական «Ֆուլհեմին» (0-3):
«Միկայի» նախկին մրցակից շվեդական «Հելսինգբորգը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Բոսնիայի «Սարաեւոյին»: Ներկայացնենք եւս մի քանի հետաքրքրական արդյունքներ. «Ռոմա» (Իտալիա)-«Գենտ» (Բելգիա)` 3-1, «Էյնդհովեն» (Հոլանդիա)-«Չեռնո Մորե» (Բուլղարիա)` 1-0, «Ռանդերս» (Դանիա)-«Համբուրգ» (Գերմանիա)` 0-4, «Աբերդին» (Շոտլանդիա)-«Սիգմա» (Չեխիա)` 1-5, «Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա)-«Օդենսե» (Դանիա)` 3-4, «Սեւոյնո» (Սերբիա)-«Լիլ» (Ֆրանսիա)` 0-2:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ