Երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախօրեին հարձակման է ենթարվել սփյուռքի նախարարության կայքէջը: Ըստ բանախոսի, էլեկտրոնային կայքէջերի վրա հարձակումը կրում է համաշխարհային բնույթ: Հայաստանում հիմնականում հարձակումներ են կատարվում հայկական պաշտոնական կայքէջերի վրա, սակայն, ըստ բանախոսի, հայկական պաշտոնական կայքէջերը հաճախ չեն արձագանքում նմանօրինակ հարձակումներին:
Տեղեկատվական անվտանգության փորձագետը կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում հայկական կայքերի վրա հակերների հարձակումներն ադրբեջանցիների եւ թուրքերի ձեռքի գործն են:
Փորձագետի կարծիքով, նման հարձակումներ կարող են լինել որպես զորավարժություններ. «Ընդհանրապես, հակամարտությունների դեպքում առաջին հարվածը լինում է տեղեկատվական դաշտում: Յուրաքանչյուր կողմ փորձում է կասեցնել մյուս կողմի համացանցը, գրավել համացանցի բարձունքները, իմանալ թշնամու խոցելի տեղերը»:
Այս հարձակումները, ըստ փորձագետի, կարելի է դիտել նաեւ որպես հոգեբանաքարոզչական խնդիր հետապնդող, որպեսզի ցույց տան Ադրբեջանի առավելությունը Հայաստանի նկատմամբ այս ոլորտում:
Կայքերի կոտրվելու պատճառներից, Ս. Մարտիրոսյանի համաձայն, կարելի է նշել դրանց անպաշտպանվածությունը, սերվերի թուլությունը կամ թեկուզ անգիտակությունը, երբ ըստ պատշաճի չեն հետեւում կայքին եւ անգամ կոտրվելու դեպքում կարող են չիմանալ:
Մասնագետի հավաստմամբ, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը շատ լուրջ պաշտպանված է, չնայած հարձակումները տասնապատիկ շատ են, բայց չեն կարողանում կոտրել:
Ըստ նրա, եթե հակերային հարձակումներին կիբեռանվտանգության տեսակետից նայենք, ապա դրանք բավական լուրջ հարված են, քանի որ արվում են դրսից ու ուղղված են պետության դեմ:
Ասուլիսին մասնակից «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը հայտարարեց, թե ադրբեջանցիների եւ թուրքերի կողմից հայկական կայքերի վրա հարձակումները պետական ծրագրի մի մասն են ու նպատակ ունեն ազդելու հայ հասարակության վրա:
Մարտիրոսյանի խոսքերով` հակերների հարձակումները կարող են տարբեր պատճառներով արվել, օրինակ, ըստ նրա, մադրիդյան առաջարկների շուրջն ստեղծված լարվածության ֆոնին Ադրբեջանը թե իր ժողովրդին, թե հայերին ցանկանում է ցույց տալ իր հզորությունը պայքարելով բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ տեղեկատվական: Էդուարդ Աբրահամյանն էլ այն կարծիքին է, որ ադրբեջանական տեղեկատվական ոլորտն ապատեղեկատվության եւ այլ հնարքների միջոցով փորձում է առավելության հասնել ու հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա:
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետը նշեց, որ ադրբեջանցիները համագործակցում են նաեւ արտասահմանյան մամուլի հետ: Ըստ նրա, օրինակ, մի ժամանակ նրանք համագործակցում էին ռուսական Газета.ru կայքի հետ, ինչի արդյունքում այդ կայքում հայտնվել են հակահայկական հրապարակումներ:
«Մեր ազգային անվտանգության ծառայության պետը մի քանի ամիս առաջ ասաց, որ հատուկ պաշտպանության սարքեր են բերել: Հիմա լավ կլինի իրեն հարցնել, թե ինչ եղան այդ սարքերը», ասաց Սամվել Մարտիրոսյանը ի պատասխան լրագրողների հարցերի, թե ով պետք է պայքարի հակերների հարձակումների դեմ: Նա նշեց, թե վերջերս նախագահականին կից տեղեկատվական կառույց է ստեղծվել, նման մի կառույց էլ պաշտպանության նախարարությունում է ստեղծվել: Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ մերոնք ձեռքերը ծալած չեն նստել, պարզապես արդյունքը չի երեւում, քանի որ գործընթացը դեռ «խմորումների» մեջ է:
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանն էլ նշեց, թե հակերների հարձակումների դեմ պետք է պայքարել պետական ծրագրերով, ինչպես նաեւ անձնական նախաձեռնություններով:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ