«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2009-07-31 | #144, 2009-08-01 | #145, 2009-08-18


ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ

Ավարտվեցին Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլի եւ ֆուտբոլի մրցումները: Այս տարի սպասվածից ավելի քիչ թիմեր մասնակցեցին մրցումներին` դա պատճառաբանելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամով: Կանանց բասկետբոլի մրցաշարին մասնակցեց ընդամենը 5 թիմ, որոնցից երեքը ներկայացնում էին Հայաստանը (Երեւան, Գյումրի, Սիսիան), մեկը` Արցախը (Ստեփանակերտ): Արտերկրից ժամանել էր միայն Թեհրանի թիմը: Այս մրցաշարում հաղթող ճանաչվեց Երեւանի թիմը, որը եզրափակիչում 72-66 հաշվով պարտության մատնեց Թեհրանի բասկետբոլիստուհիներին: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրին Գյումրիի մարզուհիները` 102-65 հաշվով հաղթելով ստեփանակերտցիներին: Մրցաշարի ամենաարդյունավետ բասկետբոլիստուհի ճանաչվեց երեւանցի Զարուհի Ալեքսանյանը` վաստակելով 110 միավոր:

Ավելի համառ մրցապայքարում անցավ տղամարդկանց բասկետբոլի մրցաշարը, որին մասնակցում էր 14 թիմ: Եզրափակիչում ոսկե մեդալների համար մրցեցին Սոչիի եւ Լոս Անջելեսի թիմերը: 72-68 հաշվով հաղթեցին Սոչիի բասկետբոլիստները: 3-րդ տեղի համար պայքարում Թեհրանի թիմը 2 միավորի առավելությամբ (69-67) հաղթեց երեւանցիներին:

Ֆուտբոլի մրցաշարում 16 թիմերի մրցավեճում ուժեղագույն ճանաչվեց Թեհրանի թիմը` 1-0 հաշվով պարտության մատնելով Երեւանի ֆուտբոլիստներին: 3-րդ տեղի համար պայքարում հաջողությունն ուղեկցեց Բեյրութի թիմին, որն առավելության հասավ Բուենոս Այրեսի նկատմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4