Ջերմուկում ընթանում է շախմատի Գրան պրիի նախավերջին` 5-րդ փուլի մրցաշարը, որի 14 մասնակիցների թվում են Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Այս մրցաշարը նվիրված է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին: Հիշեցնենք, որ Գրան պրիի խաղարկության ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հաջորդ տարի կայանալիք 8 հավակնորդների մրցավեճին: Ընդ որում, ընդհանուր միավորները հաշվարկելիս հաշվի են առնվում յուրաքանչյուր շախմատիստի ցույց տված 3 լավագույն արդյունքները: Մրցակարգի համաձայն, յուրաքանչյուրը պետք է մասնակցի Գրան պրիի 4 մրցաշարի:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը հաղթող է ճանաչվել մասնակցած երկու մրցաշարերում էլ` Սոչիում եւ Նալչիկում ու վաստակել է 360 միավոր: Առայժմ նա ընդհանուր հաշվարկով 3-րդ տեղում է եւ ընդամենը 3,33 միավոր է զիջում Ալեքսանդր Գրիշչուկին եւ Թեյմուր Ռաջաբովին: Գրիշչուկն արդեն ավարտել է իր ելույթները Գրան պրիում, իսկ Ռաջաբովը մասնակցելու է վերջին փուլին: Այնպես որ իրական առաջատարը Լեւոն Արոնյանն է եւ եթե նրան հաջողվի հաղթել նաեւ Ջերմուկում, ապա իր համար կապահովի ընդհանուր 1-ին տեղը: Ավելի բարդ է Վլադիմիր Հակոբյանի խնդիրը: Նա 155 միավորով առայժմ 13-րդ տեղում է 21 մասնակիցների ցանկում: Նա շատ անհաջող խաղաց Էլիստայում` Էռնեստո Ինարկիեւի հետ եզրափակելով աղյուսակը եւ վաստակելով ընդամենը 15 միավոր, իսկ ահա Նալչիկում Հակոբյանը գրավեց 2-րդ տեղը ու վաստակեց 140 միավոր:
Վիճակահանությամբ Լեւոն Արոնյանին բաժին է ընկել 13 համարը, Վլադիմիր Հակոբյանին` 12-ը: Արոնյանն իր վարկանիշով (2768) մասնակիցների մեջ առաջինն է:
Արոնյանը հաջող սկսեց մրցաշարը: Մեկնարկային տուրում նա ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ, ապա հաղթեց Եվգենի Ալեքսեեւին: Այնուհետեւ ոչ-ոքի ավարտելով Իվան Չեպարինովի հետ պարտիան, Արոնյանը գեղեցիկ ոճով հաղթեց Գատա Կամսկուն: Սակայն 5-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով անդրանիկ պարտությունը կրեց` զիջելով Ռուստամ Կասիմջանովին: Ճիշտ է, հաջորդ տուրում Լեւոնը հաղթեց Բորիս Գելֆանդին, սակայն 7-րդ տուրում կրկին անհաջողության մատնվեց` պարտվելով Պավել Էլյանովին:
Վլադիմիր Հակոբյանն անհաջող է հանդես գալիս: Նա ոչ-ոքի է ավարտել պարտիաները Եվգենի Ալեքսեեւի, Իվան Չեպարինովի, Գատա Կամսկու, Ռուստամ Կասիմջանովի եւ Պավել Էլյանովի հետ, իսկ Բորիս Գելֆանդի եւ Սերգեյ Կարյակինի հետ հանդիպումներում պարտվել է:
Երեկ կայացավ մրցաշարի 8-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց մրցաշարի ամենակրտսեր մասնակից Սերգեյ Կարյակինի հետ, որը վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել, սակայն ՖԻԴԵ-ի կանոնակարգով դեռ որոշ ժամանակ ներկայացնելու է Ուկրաինան: 29-րդ քայլում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Վլադիմիր Հակոբյանն էլ հաշտություն կնքեց Էթիեն Բաքրոյի հետ մրցավեճում: 8-րդ տուրի պարտիաներից առաջինն ավարտվել էր Ինարկիեւի եւ Էլյանովի մրցավեճը, որում կողմերը 15-րդ քայլին հաշտություն էին կնքել: Ոչ-ոքի ավարտ ունեցան նաեւ Ալեքսեեւ-Կասիմջանով, Չեպարինով-Կամսկի պարտիաները:
5,5 միավորով աղյուսակը գլխավորում են Պետեր Լեկոն ու Վասիլի Իվանչուկը: Վերջինս 98-րդ քայլին հաղթեց Գելֆանդին, իսկ Լեկոն 113-րդ քայլում հաշտություն կնքեց Դմիտրի Յակովենկոյի հետ: Լեւոն Արոնյանն ունի 4,5 միավոր, Վլադիմիր Հակոբյանի օգտին գրանցված է 3 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ