«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2009-08-01 | #145, 2009-08-18 | #146, 2009-08-19


ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ «ՇՏԿՈՒՄ Է ԲԱՆՏԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵ՞ՐԸ»

Ստեփան Ոսկանյանին թույլ չեն տվել տեսակցել Չախալյանի հետ

2009-ի օգոստոսի 17-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանը փորձել է այցելել իր պաշտպանյալին, որ պահվում է Վրաստանի Ռուսթավի քաղաքի թիվ 5 գաղութում: Սակայն գաղութի ղեկավարությունը հրաժարվել է թույլ տալ տեսակցությունը, պատճառաբանելով, որ փաստաթղթերը, որով հայ փաստաբանը նախկինում իրավունք ուներ հանդիպելու Վահագն Չախալյանի հետ, արդեն անվավեր են:

Ինչպես տեղելացնում է «Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միությունը, նույն օրը Ստեփան Ոսկանյանը դիմել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ, որի աշխատակիցները, ուսումնասիրելով փաստաբանի փաստաթղթերը, գաղութի ղեկավարության որոշումը գնահատել են որպես ամբողջովին անհիմն:

Իր պաշտպանյալի հետ տեսակցությունը թույլ չտալու փաստի առնչությամբ Ստեփան Ոսկանյանը նաեւ գրավոր բողոք է ներկայացրել Վրաստանի հանրային պաշտպանին եւ Ռուսթավիի գաղութի ղեկավարությանը:

«Երկիր» միությունը Վահագն Չախալյանի հետ փաստաբանի տեսակցությունն արգելելու որոշումը գնահատում է որպես վրացական իշխանությունների կողմից ջավախահայ քաղաքական ակտիվիստի տարրական իրավունքների հերթական խայտառակ խախտում, որի նպատակն է խոչընդոտել Չախալյանի գործով ս.թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք դատալսմանը լիարժեք նախապատրաստվելուն: «Վրացական իշխանությունները նշված քայլով նաեւ նպատակ են հետապնդում էապես դժվարացնել Վահագն Չախալյանի` հայկական ԶԼՄ-ներից տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որ ապահովում էր հայ փաստաբանը», նշվում է միության հայտարարության մեջ:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Երկիր» միությունը կոչ է արել Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին եւ դիվանագիտական ներկայացչություններին` համապատասխան գնահատական տալ վրացական իշխանությունների հերթական խայտառակ խախտմանը, ինչպես նաեւ վերացնել դրա հետեւանքները` ապահովելով հետագայում փաստաբանի անարգել մուտքը իր պաշտպանյալի մոտ:

Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ դատական գործն իր առանձնահատուկ ոդիսականն ունի: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցած Չախալյանների գործի վերաքննիչ բողոքի դատական նիստը ոդիսականի ընդհանուր տրամաբանությունից դուրս չէր, որը մարդու իրավունքների պաշտպանության հետ աղերսներ չունի:

«Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի դատավարությունը յուրօրինակ ապացույց էր լեզվի չիմացության պայմաններում սեփական իրավունքների պաշտպանության դժվարության: Միեւնույն ժամանակ, վրացական արդարադատությունն էլ արդեն որերորդ անգամ թարգմանությունների առումով այնպիսի վիճակ էր ստեղծել, որ ո՛չ Չախալյանի խոսքերն են հասնում դատավորին, ո՛չ էլ նրանը` մեղադրյալին:

Հուլիսի 22-ին Թբիլիսիում քրեական գործերով վերաքննիչ դատարանը սկսեց Վահագն Չախալյանի եւ նրա հոր ու եղբոր գործի վերաքննիչ բողոքի քննությունն ու առանձնակի առաջընթաց չգրանցելով` հետաձգեց մինչեւ սեպտեմբերի 18-ը:

Նշենք, որ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց այլընտրանքային փորձաքննություն անցկացնելու համար, որին անհրաժեշտ էր 20 օր: Դատարանն էլ, հաշվի առնելով արձակուրդային վիճակները կամ մնալով Չախալյանների գործում հետաձգումների անպակասության տիրույթում, հետաձգեց դատական նիստը` շարունակության համար ընտրելով սեպտեմբերի 18-ը:

Ու մինչ կգա սեպտեմբերի 18-ը, Չախալյանին չեն թույլատրում տեսակցել իր երեք փաստաբաններից այն մեկի հետ, որի հետ շփումը բանտարկյալի համար լեզվական խոչընդոտներ չի առաջացնում: Ստեփան Ոսկանյանին արդեն բանտում Չախալյանին տեսակցելու հնարավորություն չընձեռելու հանգամանքը թերեւս պայմանավորված է հուլիսի 22-ի դատական նիստում Ոսկանյանի փաստաբանական փաստաթղթերում վրացի երեք դատավորների խճճվելով, երբ Ստեփան Ոսկանյանը բարձրաձայնեց, թե ինչպե՞ս է Չախալյանի պաշտպանը լինելու իր նույն փաստաթուղթն ընդունելի բանտում, բայց ոչ դատարանում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4