Ինչ տեսանք եւ ինչը պետք է կարգավորել
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հուլիս ամսից սկսած տարածքային հարկային ստորաբաժանումներում, ինչպես եւ խոստացել էր «Հրանտ ձյաձյան», սկսեցին վճարել նախորդ երեք ամիսներիՙ ապրիլի, մայիսի, հունիսի ընթացքում ՀԴՄ կտրոնների համար սահմանված բոնուսները (պարգեւավճար): Հիշեցնենք, որ մինչեւ սեպտեմբեր ամսվա վերջը, բոլոր նրանք, ովքեր դեռ չեն դիմել վերոնշյալ պարգեւավճարները ստանալու համար, կարող են դա անել: Իսկ թե ինչպես է ընթանում այդ գործընթացը, առիթ ունեցանք սեփական փորձով մասնակից եւ ականատես լինելու:
Հուլիս ամսին գործնականում անհնար էր ՀԴՄ-ների կտրոնների բոնուսները ստանալը: Մեր այցելած Երեւանի մի քանի տարածքային ստորաբաժանումներում ահավոր հերթեր էին: Որոշ տեղերում քաղաքացիները հերթի ցուցակներ էին կազմում, ինչպես խորհրդային վերջին տարիներին կարագի եւ ՀՀՇ-ական իշխանության տարիներին հացի հերթերի ժամանակ: Սակայն, ի տարբերություն անցյալի, երբ այդ ցուցակների արժեքը կորում էր տվյալ ապրանքը ստանալուն պես, եւ մարդիկ գրոհում էին խանութի դռներն ու փեղկերը, ՀԴՄ-ների կտրոնների հերթի ցուցակները կարծես թե գործում էին: Այդուհանդերձ, առանց նվազագույնը մեկ ամբողջ օր կորցնելու հնարավոր չէր լինում ստանալ բաղձալի միջնորդագիրը, որի հիման վրա բանկերից կարելի էր ստանալ պարգեւավճարը: Ինչպես հայտնեցին հարկային ստորաբաժանումների աշխատակիցները, հուլիսի ընթացքում օրական 100-200 այցելուի էին սպասարկել:
Օգոստոսին հերթերը նվազել էին: Սակայն, օրինակ, հարկայինի Սպանդարյան ստորաբաժանումում մեր այցելած օրը հերթագրվել էր 52 մարդ: Փորձեցինք բոնուսի միջնորդագիրը ստանալ մեկ այլՙ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային ստորաբաժանումից: Հավանաբար ամպամած եղանակն էր պատճառը, որ այդ օրն ընդամենը մի քանի հոգի էին իրենց կտրոնները ներկայացրել: Դրանց քանակը եւ գումարի չափը հարկային ծառայության աշխատակիցները հաշվում էին առանց հատուկ հաշվարկող տեխնիկական միջոցների, ինչի մասին պետեկամուտների կոմիտեի ղեկավարները խոստացել էին, որ հուլիս ամսին կլինի, բայց չկային: Այսինքն, հաշվարկը երկար էր տեւում, ինչն էլ հերթերի հիմնական պատճառն էր: Սակայն, բացի հերթերից, առաջանում էին խնդիրներ, որոնք կարող էին չլինել, եթե նախապես իրազեկեին գործընթացի բոլոր մանրամասները:
Մասնավորապես, քաղաքացիների գերակշիռ մասը, եթե չասենքՙ գրեթե բոլորը, տեղյակ չէին, որ ՀԴՄ-ների կտրոնների հակառակ երեսին պետք է ստորագրեին: Այնուհետեւ, հաշվարկից հետո պարզվում էր, որ բացի անձնագրից, քաղաքացիները պետք է դրա պատճենը տրամադրեն հարկայինին: Մարդիկ նախ ժամանակ էին կորցնում իրենց ստորագրությունները կտրոնների վրա դրոշմելու, ապա շրջակայքում պատճենահաման կետեր գտնելու համար: Մինչդեռ այս խնդիրները չէին լինի, եթե պետեկաումտների կոմիտեն նախապես իրազեկեր, որ միջնորդագիր ստանալու համար, ներկայացված ՀԴՄ-ների կտրոնների հակառակ երեսին քաղաքացիները պետք է ստորագրեն եւ ներկայանան անձնագրով ու անձնագրի պատճեններով:
Միջնորդագիր ստանալուց հետո նմանատիպ խնդիրներ ծագում են նաեւ բանկերում, որտեղ հասնելուց հետո պարզվում էր, որ հարկ է ներկայացնել մինջորդագրի պատճենի 2 օրինակ եւ անձնագրի պատճենի 3 օրինակ: Դարձյալ ժամանակի կորուստ, դարձյալ մոտակայքում պատճենահանման կետի որոնում: Այնինչ դարձյալ դժվար չէր լինի նույն հարկային ստորաբաժանումներում գրել եւ փակցնել պատին, թե միջնորդագրից բացի ինչ է անհրաժեշտ բոնուսը ստանալու համար բանկ ներկայանալիս:
Սրանք սուբյեկտիվ խնդիրներն էին, որոնց լուծումը թերեւս մեծ դժվարություն չի ներկայացնում, եւ հուսով ենք, որ առաջիկայում դրանց պատճառով մարդիկ նյարդեր չեն քայքայի ու ժամանակ չեն կորցնի պետության կողմից իրենց պարտաճանաչության դիմաց խոստացած պարգեւավճարը ստանալիս: Սակայն հիմնական դժգոհությունն այլ էրՙ գրեթե բոլորի մոտ մեծ թիվ էին կազմում բոնուսի գումարի չափին չհասնող կտրոնների քանակները: Խոսքը փոքր գնումներով կտրոնների մասին է, որոնք հիմնականում սոցիալապես առավել անապահով մարդկանց մոտ էին լինում: Թերեւս այստեղ կտրոնների քանակ եւ արժեք հարաբերակցության որոշ փոփոխությունների անհրաժեշտություն կա:
Ճիշտ կլիներ, եթե 50 կտրոնի համար 100 հազար դրամի դեպքում սահմանված նվազագույնՙ 2500 դրամ բոնուսից բացի, սահմանվեր նույնՙ 50 կտրոնի համար 50 հազար դրամ կամ 75 հազար դրամ գումար, ենթադրենքՙ 1500 դրամ կամ 2000 դրամ բոնուսով: Պետք է նկատի առնել, որ հենց սոցիալապես անապահովներն են փոքր գնումներ կատարում ու ավելի շահագրգիռ են կտրոններ պահանջելու եւ հավաքելու հարցում: Եթե նրանք չխրախուսվեն, փոքր գնումների համար կտրոն պահանջելու ցանկությունը կվերանաՙ նպաստելով ստվերի խորացմանը, քանի որ հենց փոքր գնումներն են առավել մեծ ծավալ կազմում:
Ինչ մնում է սպառողներին, ապա ելնելով արդեն առկա փորձից, կցանկանայինք նրանց հետեւյալ խորհուրդները տալ: Առաջին, հնարավորության դեպքում գնումներ կատարել նախ եւ առաջ այն առեւտրի եւ սպասարկման օբյետներից, որտեղ առանց ավելորդ գլխացավանքի տրամադրում են ՀԴՄ կտրոնները: Երկրորդ, ավելի քիչ քանակով եւ ավելի մեծ արժեքով կտրոններ ունենալու համար գնումներ կատարել երկու-երեք օրը մեկ կամ հնարավորության դեպքում ավելի մեծ ժամկետների համար: Եվ վերջապես, ամենակարեւորը, չդադարեն պահանջել կտրոնները եւ օրինականորեն իրենց հասանելիք բոնուսը չթողնեն ուրիշներին որպես ստվերային շահույթ: