Լեհաստանի Շեցին քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որի պարգեւները վիճարկողների մեջ են նաեւ Հայաստանի 8 բռնցքամարտիկներ: Մեր հավաքականի կազմում են Կարեն Այլազյանը (51 կգ), Ալեքսանդր Շահյանը (54 կգ), Արամ Ավագյանը (57 կգ), Վլադիմիր Մարգարյանը (64 կգ), Հարություն Աբրահամյանը (69 կգ), Գոռ Արիստակեսյանը (75 կգ), Ազատ Դավթյանը (91 կգ) եւ գերծանրքաշային Հովհաննես Օհանյանը:
Ռինգ դուրս եկած հայաստանցի 5 բռնցքամարտիկներից երեքը շարունակում են պայքարը: Երկու մենամարտ է անցկացրել մինչեւ 64 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Առաջինում նրա մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Դավիթ Պապոտն էր: Հայ բռնցքամարտիկը վստահ անցկացրեց մենամարտը եւ հաղթեց 5-1 հաշվով: 1/8 եզրափակիչում Մարգարյանը մրցեց ադրբեջանցի Թամեռլան Աբդուլաիեւի հետ: Այս մենամարտում եւս հայ մարզիկն իրեն լավագույնս դրսեւորեցՙ մեծ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ (8-1): Քառորդ եզրափակիչում Վլադիմիրի մրցակիցը կլինի իր հայրենակիցըՙ Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանը: Վերջինս մեծ առավելությամբ հաղթանակներ է տոնել մոլդովացի Վիկտոր Կարապցեւիչի (7-0) եւ թուրք Այդին Մուհամետի (5-1) նկատմամբ: Կարծում ենք, որ հայ բռնցքամարտիկներն իրար արժանի մրցակից կլինեն:
Քառորդ եզրափակիչ է մտել նաեւ Կարեն Այլազյանը (51 կգ): Դրա համար նրան հարկ եղավ ընդամենը մեկ մենամարտ անցկացնել: Նա 4-1 հաշվով պարտության մատնեց Ալեսանդրո Գուբեդդուին (Իտալիա): Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի Մոլդովայի ներկայացուցիչ Իգոր Օսիպովը, որը 2-1 հաշվով հաղթել է բելառուսցի Իվան Ֆիհուրենկային:
Առաջին մենամարտը հաջող անցկացրեց նաեւ 57 կգ քաշային Արամ Ավագյանը: Նա մեծ առավելության հասավ լիտվացի Յոնաս Կազուկաուսկասի նկատմամբ (15-2): 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ռումինացի Մարին Դրագոսը: Վերջինս 4-0 հաշվով պարտության է մատնել բելառուսցի Վիտալի Կոնանաուին:
Անհաջողության մատնվեցին Ալեքսանդր Շահյանը (54 կգ) եւ Գոռ Արիստակեսյանը (75 կգ), որոնք առաջին մենամարտերում պարտվելով, դուրս մնացին հետագա պայքարից: Շահյանը 3-7 հաշվով զիջեց ադրբեջանցի Էլվին Իսաեւին, իսկ Արիստակեսյանը պարտվեց ուկրաինացի Վլադիսլավ Վոյտալյուկին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ