Աբու Դաբիի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում առաջատարների շարքում գտնվող Աշոտ Անաստասյանն ու Զավեն Անդրեասյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Անաստասյանը հաշտություն կնքեց միջազգային վարպետ, հնդիկ շախմատիստ Ռահման Լակսմանի հետ, իսկ Զավենը խաղաղ դաշն կնքեց եգիպտացի Բասեմ Ամինի հետ: Մյուս առաջատարն էլ` ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովը եւս ոչ-ոքի ավարտեց մրցավեճը Էհշան Ղաեմի հետ: 6 տուրից հետո 9 շախմատիստներ, որոնց թվում են Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանը, 5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Մելքումյանը պարտության մատնեց Էր Նիրմալին:
4,5 միավոր ունի Հրայր Սիմոնյանը, որը ոչ-ոքի խաղաց Վիանի Անտոնիոյի հետ: Տուրը հաջող էր Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանի համար, որը հաղթելով Ալի Աբդուլքարիմին, վաստակեց 4 միավոր: 7-րդ տուրում կրկին առաջատարները կմրցեն միմյանց հետ: Անդրեասյանի մրցակիցը կլինի Լակսմանը, իսկ Անաստասյանը ուժերը կչափի գրոսմայստեր Անտոն Ֆիլիպովի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Ռահմանովը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ