«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2009-08-18 | #146, 2009-08-19 | #147, 2009-08-20


ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԴԱՌՆԱԼ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բոլորն այժմ խոսում են այն մասին, թե Արցախի հարցը կարող է լարումների եւ ներքաղաքական սրացումների պատճառ դառնալ քաղաքական աշնան սկզբին: Այդ սպասումները ծայր առան եւ քիչ-քիչ սաստկացան իրար հաջորդող մի շարք իրողությունների արդյունքում` համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, մադրիդյան սկզբունքների քողազերծումը, Բրայզայի իրարամերժ եւ հետին նպատակներով արվող հայտարարությունները բերում են այն եզրակացության, որ, այո, ինչ- որ բան այս խնդրում թափ է հավաքում, եւ անգամ ենթադրություններ են արվում, որ աշնանը ինչ-որ համաձայնագիր կամ ճանապարհային քարտեզի նման բան է մատուցվելու կողմերին: Կլինի՞ դա ավելի շուտ հետագա մտադրությունների վերաբերյալ ինչ- որ փաստաթուղթ, որը, նայած այնտեղ ամրագրված դրույթներին, կարող է ոչինչ չասող թուղթ լինել կամ մեզ համար վտանգավոր պարտադրանքներ պարունակել, թե՞ ոչ մի համաձայնագիր էլ չի լինի, սա եւս ենթադրությունների մակարդակում է: Բայց հստակ արդեն ուրվագծվում է` օբյեկտիվ թե սուբյեկտիվ դրդապատճառներով, ուզենք թե չուզենք, ղարաբաղյան կարգավորման բանակցային հերթական հանգրվանը դառնալու է ներքաղաքական սրացումների հիմք եւ լավ նվեր օրվա իշխանության ընդդիմախոսներին: Իսկ իշխանությունը ստիպված կլինի խնդիրները կարգավորել երկու ճակատով` դիվանագիտական բոլոր հնարավորություններն օգտագործելով, որպեսզի եթե համաձայնության փաստաթուղթն անխուսափելի է, առավելագույնս հայանպաստ դրույթներ այնտեղ ամրագրվեն, իսկ եթե դա հնարավոր չի լինելու` բոլոր միջոցներով ստատուս քվոն պահպանելու միջոցներ որոնել, զուգահեռ` նաեւ ընդդիմախոսներին պատասխանելու համաչափությունը պահպանել: Մեկ օր առաջ արտահայտված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն հատուկ ոճով ասել էր, թե իշխանություններն արդեն հանձնել են Ղարաբաղը, իսկ նրա խոսքի երանգներից հասկանալի էր, որ աշնանն այդ թեմայով ընդդիմությունը հույս ունի վերակենդանանալ:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը , Տեր-Պետրոսյանի արտահայտության առիթով մեր հարցին պատասխանելիս նկատեց, թե գուցե իրենց ձեռնտու է այդպես ասել եւ ձեռքերը թափ տալ խնդրից. «Ո՛չ, մենք համաձայն չենք ու մինչեւ վերջ չենք համաձայնի նման ծրագրի. գուցե նրանց համար, ովքեր ցանկանում են օր առաջ ազատվել այդ խնդրից, այդպես հեշտ է ասելը, սա նշանակում է հաշտվել ամենավատթարագույն լուծման հետ: Մենք էդպես չենք մտածում», ասաց նա: Բայց եւ, ըստ ՀՅԴ-ականի, ընթանում են գործընթացներ, որոնք եթե իրենց հունով առաջ գնան` կհանգեցնեն որոշակի վտանգավոր լուծումների. «Մենք չարագուշակ ենթադրություններ անելու հակված չենք, բայց ամեն դեպքում վտանգը կա, որ իսկապես կարող է մեզ համար վտանգավոր պայմաններով պայմանագիր ստորագրվել, որի համար, իհարկե, պետք է ձայն բարձրացնել: Էն, ինչ-որ դրված է բանակցությունների սեղանին, ասել ենք, մեզ համար պարունակում է լուրջ վտանգներ»: Բայց ի՞նչ փաստաթուղթ է դրված սեղանին` ո՞վ գիտի: Շահբազյանն ասաց, թե ենթադրվում է, որ մադրիդյան սկզբունքները, համանախագահների հայտարարությունը հիմք են ծառայելու առաջարկվող փաստաթղթի համար, եւ այդ տրամաբանությամբ պայմանագրի կնքումը մեզ համար վտանգավոր է. հայկական կողմը պետք է առաջարկի հստակեցնել սկզբունքները եւ իր պայմանները պետք է առաջադրի: ՀՅԴ-ն աշնանը ծրագրել է հրապարակային միջոցառումներ, որոնք հետեւողական բնույթ են ունենալու` հրավիրելով հասարակությանը զգոն հետեւելու իրադարձությունների զարգացմանը: Ինչ վերաբերում է ներքաղաքական սրացումներին, ըստ Շահբազյանի, դժվար է նման ենթադրություններ անել, բայց Ղարաբաղի հարցում եթե, Աստված մի արասցե, զարգացումները վատագույն սցենարով գնան, չեն բացառվում նաեւ սրացումները:

Բայց խնդիրը կարող է դառնալ նաեւ ներքաղաքական զենք` միմյանց վրա ճոճելու, պոպուլիզմի տարրերով. «Շատ անցանկալի կլինի, որ այդպես լինի, սա այն խնդիրը չէ, որի հետ կարելի է ներքաղաքական շահարկումներ անել եւ մասնավոր խնդիրներ լուծել: Պիտի նայել` ի՞նչ է իրական վիճակը եւ իսկապես անաչառորեն խնդիրները վեր հանել, ոչ թե այն սարքել ներքին բազարների առարկա: Հետեւում ենք գործընթացին եւ պարզաբանումներ ենք ուզելու իրավասուներից, Նալբանդյանից ցանկացած զարգացման վերաբերյալ»:

ՀՀԿ-ական, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն այլ տեսանկյունից դիտարկեց խնդիրը` յուրաքանչյուր տարի ամռանը ընդդիմադիր քաղաքական այրերը նույն պնդումներն են անում, թե տեսեք ինչ է լինելու աշնանը. ներքաղաքական առումով աշնանը որեւէ ցնցում, ըստ նրա, չի լինի, ներքաղաքական կյանքը կզարգանա շատ ավելի բնականոն հունով, քան մինչեւ այժմ եղել է:

Արցախի խնդրի բանակցային գործընթացի վտանգների մասին խոսելիս` Ս. Նիկոյանն անդրադարձ արեց մադրիդյան սկզբունքների բացահայտման դրական կողմին. ըստ նրաՙ առաջին անգամ մադրիդյան սկզբունքներում կա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավական պարտադիր ուժ ունենալու հանգամանքը, ինչը մինչեւ հիմա որեւէ միջազգային փաստաթղթում չի եղել: Իսկ նրա մտահոգությունները վերաբերում են կամարտահայտության մեխանիզմներին. «Շատ կարեւոր է` ինչպե՞ս, որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ միջոցներով է դա իրագործվելու. հազարումի հարցեր կան այստեղ»: Նրա երկրորդ մտահոգությունը վերաբերում է ԼՂ միջանկյալ կարգավիճակին, որից շատ բան է կախված: Եթե միջանկյալ կարգավիճակը մոտ է անկախությանը, դա շատ լավ կլինի, եթե միջանկյալ կարգավիճակը Ադրբեջանի կազմում ինչ-որ իրավասություն է` դա վտանգավոր է: Մտահոգիչ է նաեւ բոլոր ազատագրված տարածքների վերադարձի խնդիրը` եթե իրոք այդպես լինի, խոսքը հատկապես վերաբերում է Հայաստան-Ղարաբաղ ցամաքային կապին` Նիկոյանը հարցնում է, թե ինչպիսի՞ն է դա լինելու. «Կան շատ մտահոգիչ հարցեր, բայց խնդիրը հետեւյալն է` կան տարբերակներ. ա) ոչինչ չանել կամ ձեւ անել, որ բանակցում ենք, բ) չբանակցել եւ պատրաստվել պատերազմի, գ) փորձել բանակցել եւ անել մաքսիմում հնարավորը: Հիմա կարծես թե Սերժ Սարգսյանը գնում է երրորդ ճանապարհով` բանակցում է եւ փորձում է անել մաքսիմում հնարավորը, սա է խնդիրը: Իսկ որ որոշ մարդիկ աղմկում-աղաղակում են, որ այ, վայ, ծախեցին, էս արեցին, էն արեցին` թող իմանան. որեւիցե մեկը չի փորձի ինքնուրույն այդ խնդիրները լուծել, դա կորոշեն ԼՂ ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը»:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ «Լրագիր» ինտերնետային պարբերականին երեկ ասել էր, թե ինչո՞ւ ալեկոծվի քաղաքական դաշտը, երբ դեռ դիվանագետները դիվանագիտական ճանապարհով պետք է հարթեն խնդիրները, եւ այդ ալեկոծությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` իշխանության համար պայքարում ունենալ լավ ելակետ: Սաֆարյանի համար անընդունելի է, որ ԼՂ խնդիրը Հայաստանի ներսում դառնա իշխանության համար պայքարի կարեւոր տարր: Մադրիդյան սկզբունքներում առաջադիմականն, ըստ նրա, առաջին անգամ ինքնորոշման իրավունքի մասին խոսք գնալու պահն է, բայց միակողմանի զիջումներ պոկելը ՀՀ-ից, նախքան ԼՂ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ որեւէ համաձայնության ձեռքբերումը, Սաֆարյանը հայերի համար կործանարար է համարում:

Վերջնական կարգավորման սպասումին էլ նա չի հավատում` շատ ճշտելիք խնդիրներ կան, խոսքը հավանաբար միջշրջանակային համաձայնագրի ստորագրման մասին է, որը կողմերի հետագա քայլերի կանխորոշմանն է վերաբերելու:

Այս մի քանի կարծիքներով, իհարկե, դեռեւս դժվար է եզրակացնել` աշնանը թեժ է լինելու, թե` ոչ այնքան, բայց կարծիքների առումով դեռ երկար ճանապարհ ենք անցնելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4