«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2009-08-18 | #146, 2009-08-19 | #147, 2009-08-20


ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՍԵՐ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Հայաստանյան «Գրիար-Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հուլիս ամսից Արցախում եւս բացել է իր մասնաճյուղը:

Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը վստահ է, որ ապահովագրության համակարգը Ղարաբաղում նույնպես զարգանալու հեռանկարներ ունի: «Մենք քաջ գիտակցում ենք, որ Արցախում բացելով մասնաճյուղ եւ առաջինը լինելով տեղի շուկայում, ինքներս պետք է ձեւավորենք ապահովագրական մշակույթը: Ընկերության ղեկավարությունն այդ քայլին դիմելուց առաջ, նախ, ուսումնասիրել է ապահովագրական շուկան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայունորեն զարգանում է, եւ արդեն ժամանակն է, որ ֆինանսական այս ինստիտուտը եւս գործի Արցախում», «Ազգի» թղթակցի հետ զրույցում ասաց նա: Տնօրենի խոսքով, իրենք ԼՂՀ-ին նայում են ոչ միայն որպես ապահովագրական շուկայի, այլեւ ուզում են իրենց ներդրումն ունենալ երկրի տնտեսության մեջ: Ստացված շահույթը, ինչպես հավաստիացնում է Ա. Պետրոսյանը, ամբողջությամբ կներդրվի մասնաճյուղի զարգացման ծրագրերում:

Ընկերությունում տեղյակ են, որ տարիներ առաջ Ղարաբաղում ուրիշ ձախողված փորձեր արվել են ապահովագրական գործունեություն իրականացնելու ուղղությամբ, սակայն դա իրենց չի վախեցնում:

Ո՞ր բնագավառներում կծավալվի ապահովագրությունը: Ի պատասխան այս հարցի, գործադիր տնօրենը նշեց, որ արդեն պլանավորված է ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությունը, մասնավորապես, 1,7 տոկոս սակագնով: Այսինքն, ավտոմեքենայի արժեքի 1,7 տոկոսը լինելու է ապահովագրական վճարը, որը գործելու է մեկ տարվա ընթացքում: Իսկ վնասի չափի գնահատումն իրականացվելու է անկախ փորձագետների միջոցով: Ապահովագրությունը ծավալվելու է նաեւ գույքի, երաշխիքի, դժբախտ պատահարներից, հանկարծակի հիվանդություններից ապահովագրելու ուղղությամբ: Այս դասերում, ըստ Ա. Պետրոսյանի, գայթակղիչ պահեր, իրոք, կան: «Քաղաքացին ինքն է որոշելու իր նկատմամբ ունեցած մեր պատասխանատվության չափը: Օրինակ, որպեսզի մեր ընկերությունը 100.000 դրամի չափով պատասխանատվություն ստանձնի` քաղաքացին պետք է վճարի, մեկ տարվա կտրվածքով, 1000 դրամ: Խոսքը վերաբերում է կյանքի եւ առողջության ապահովագրմանը: Իսկ ռիսկերը հետեւյալն են` դժբախտ դեպքերի հետեւանքով ժամանակավոր անաշխատունակություն, մշտական անաշխատունակության, աչքի կամ վերջույթի կորուստ եւ մահ: Կա նաեւ առողջությանը պատճառած վնասի ապահովագրում», տեղեկացրեց նա: Տնօրենը պարզաբանման կարգով միաժամանակ նշեց, որ բացի քաղցկեղից, տուբերկուլյոզից, հոգեկան ու մաշկային-վեներական հիվանդություններց, մյուս բոլոր հիվանդությունների դեպքում քաղաքացին կարող է ստանալ փոխհատուցում:

Մեր այն հարցին, թե կա՞ն արդյոք ապահովագրման ծրագրեր գյուղատնտեսության բնագավառումՙ հաշվի առնելով նաեւ այն հանագամանքը, որ Ղարաբաղը ագրարային երկիր է, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ տեսականորեն կա այդ հնարավորությունը, որովհետեւ խորհրդային ժամանակներում գյուղատնտեսական ապահովագրությունն իրականացնում էր Պետապը: Ներկա պարագայում, սակայն, այդ մեխանիզմները չեն գործում: Նախ, պետությունն ինքը պիտի անի առաջին քայլերը, մասնավորապես, հակակարկտային կայանքների տեղադրման, անհրաժեշտ ագրոմիջոցառումների իրականացման գործում ֆերմերներին աջակցելու առումներով: Առկա պայմաններում ապահովագրման վերցնելու ռիսկը շատ բարձր է, այն միանշանակ վնասաբեր կլինի ընկերության համար: Բայց հետագայում, երբ այդ մեխանիզմները Ղարաբաղում կձեւավորվեն, անշուշտ, ձեռնամուխ կլինեն գյուղատնտեսության ապահովագրմանը:

Մեր զրույցին ներկա` «Գրիար-ինշուրանսի» արցախյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Աղասարյանը հետագա ծրագրերի առնչությամբ շեշտադրում արեց, որ ռազմականացված գոտի համարվող Արցախում առավել մեծ է դժբախտ պատահարների հավանականությունը: Այս կապակցությամբ նա նպատակահարմար համարեց ապահովագրման գործընթացում ներգրավել նաեւ այն խավերին, որոնց ծառայությունները կապված են ռազմական իրավիճակներով ու հանցավորության դեմ պայքարով պայմանավորված վտանգների հետ: Տվյալ բնագավառներում ծառայողները, բնականաբար, կոնկրետ դեպքերում սոցիալական վճարներ ստանում են, բայց ապահովագրվելով «Գրիար-ինշուրանսում»` անկախ նրանից, թե ծառայողն ինչ հանգամանքներում է տուժել, նա համապատասխան փոխհատուցում կստանա ապահովագրական ընկերության կողմից:

Ինչ մնում է շրջաններում եւս ապահովագրման հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությանը, մասնաճյուղի ղեկավարը հավաստիացրեց, որ ապահովագրման գործընթացում խտրական երեւույթներն ու բյուրոկրատական քաշքշուկները բացառվելու են:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4