«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2009-08-18 | #146, 2009-08-19 | #147, 2009-08-20


ԳՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉԳՆԱԼ ԹՈՒՐՔԻԱ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ

Արձակուրդային սեզոնը շարունակվում է, եւ հարցը, թե որտե՞ղ անցկացնել հանգիստը, շատերն են իրենց տալիս: Բնականաբար, բոլորն էլ ցանկանում են ընտրել լավագույն տարբերակըՙ հնարավորինս բարձր սպասարկման որակՙ հնարավորինս ցածր արժեքով: Հայաստանո՞ւմ հանգստանալ, թե՞ դրսում, եթե դրսում, ապա Աջարիայում, Թուրքիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, թե՞ մեկ այլ տեղ: Ահա այս հարցերը զուտ անձնականից վերածվում են պետության համար տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող հարցերի: Իսկ Թուրքիայում մեր հայրենակիցների հանգստանալ-չհանգստանալու հարցն արդեն անձնական կամ տնտեսական հարցից դարձել է նաեւ բարոյական-քաղաքական:

Թուրքիայում հանգստացողների համար ամենակարեւոր հանգամանքները ծովն ու հյուրանոցային ցածր գներն են: Այսինքն, եթե հարցը դիտարկենք տնտեսական տեսանկյունից, ապա Հայաստանի հյուրանոցները, հանգստյան տները պետք է ի վերջո կարողանան մրցակցել Թուրքիայի տուրիստական հանգրվանների հետ: Չնայած այս տեսակետը բազմիցս է արտահայտվել, բայց գնային փոփոխությունները նկատելի են միայն մեր մի քանի առավել հայտնի հյուրանոցների եւ հանգստյան տների մոտ: Ճկուն գնային քաղաքականությունից մեր զբոսաշրջային հանգրվանների գերակշիռ մասը դեռ հեռու է: Նրանց եւ զբոսաշրջության ոլորտի պետական պատասխանատուների արդարացումները, թե ծովային հանգիստն ավելի էժան է, թե մեզ մոտ միայն 2-3 ամիս է զբոսաշրջային սեզոնը, իսկ Թուրքիայում շուրջտարյա, որեւէ քննադատության չեն դիմանում:

Նախՙ ծովային հանգստի ավելի էժան լինելը ոչ թե արդարացում պետք է լինի Հայաստանում հանգիստն ավելի թանկ դարձնելու համար, այլ ընդհակառակըՙ պետք է ստիպի հավելյալ ծառայություններ առաջարկել ավելի բարձր սպասարկմամբ եւ ցածր գնով: Դա կնպաստի նաեւ զբոսաշրջային սեզոնն ավելի երկարացնելուն: Մինչդեռ, մեզանում դեռ գերիշխում է գավառական բիզնես մտածելակերպըՙ 2-3 ամսում բարձր գներ առաջարկելով, ստանալ ամբողջ տարվա շահույթը: Կարելի է պատկերացնել, թե ինչ ողբալի վիճակում կհայտնվի մեր այս բիզնեսը, եթե հայ-թուրքական սահմանը բացվի եւ Թուրքիայում հանգստանալու ծախսերն ավելի նվազեն:

Ինչ մնում է Թուրքիայում հայերիս հանգիստն անցկացնելու հարցի բարոյական եւ քաղաքական տեսանկյուններին... Յուրաքանչյուր հայ, որ ցանկանում է հանգստանալ Թուրքիայում, մշտապես պետք է հիշի, որ այդ երկրի ամեն մի թիզը ողողված է մեր հայրենակիցների արյամբ: (Ասեմ, որ ցեղասպանության զոհ նախնիներ եւ անգամ հեռավոր ազգականներ չունեմ- Ա. Մ.): Բարոյական առումով բացարձակապես անընդունելի է մեր այն հայրենակիցների մոտեցումը, որ հանուն հարյուր կամ երկու հարյուր դոլարի խնայողության, կարող են մոռանալ այդ հանգամանքը: Այո՛, պետությունը չի կարող եւ չպետք է արգելի որեւէ մեկին իր հանգիստն անցկացնելու այնտեղ, որտեղ ցանկանում է: Դա յուրաքանչյուրի իրավունքն է: Սակայն պետական քաղաքականության մեծ բացն է, որ կան հայեր եւ ոչ քիչ, որոնք հանգստանում են այն երկրում, որտեղ իրենց նախնիները հարյուրամյակներ շարունակ ենթարկվել են դաժան հալածանքների եւ 1915-ինՙ ցեղասպանության:

Թուրքիայում հանգստանալ սիրող մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ դրանով ոչ միայն, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում մեր միլիոնավոր զոհերի հիշատակի հանդեպ, այլեւ նպաստում են մեր երկրի նկատմամբ առ այսօր թշնամաբար տրամադրված պետության հզորացմանը: Առավել դիպուկ դա ձեւակերպված էր Դաշնակցության մի պլակատումՙ Թուրքիայում հանգստացող հայերը զինում են թուրքական բանակը:

Անշուշտ, վերոնշյալ մոտեցումներին առարկողներ կան: Իրենց լիբերալ համարող, իսկ իրականում ազգային-պետական շահերի վրա թքած ունեցող քաղաքական ուժերն ու անձինք մշտապես այն կարծիքն են հայտնում, որ շուկայական տնտեսության պարագայում բնականոն է Թուրքիայում հայերի հանգստանալն ու ընդհանրապես այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումը: Ընդ որում, նրանք մշտապես «մոռանում» են, որ նման հարաբերությունները պետք է երկկողմանի լինեն եւ մի շարք այլ «մանրուքներ»: Մասնավորապես, որ սահմանը փակելուՙ շուկայական տնտեսությանն ու բնականոն հարաբերություններին հակասող քայլը կատարել է Թուրքիան, այլ ոչ թե Հայաստանը: Թուրքիան է արգելում հայկական համարանիշներով բեռնատարների փոխադրումներն իր երկրի տարածքում անգամ երրորդ երկրի սահմանից, իսկ Հայաստանում թուրքական բեռնատարները անարգել երթեւեկում են եւ բեռներ տեղափոխում: Չնայած մեր հայրենակիցներն առանց որեւէ խոչընդոտի հանգստանում են Թուրքիայում, բայց Հայաստանից Թուրքիա այս տարի էլեկտրաէներգիա արտահանելու պայմանավորվածությունը թուրքական կողմը չի կատարում: Եվ ի վերջո, հենց Հայաստանը, չնայած ցեղասպանության դառը հիշողությանը, հայտարարեց առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին, որը, փաստորեն, չընդունեց վերջինս: Մեր թուրքասեր «գործիչներն» ու «քաղաքագետները» չգիտե՞ն այս ամենի մասին:

Ամփոփելով, մեկ անգամ եւս կցանկայինք մեր հայրենակիցներին խնդրել, հորդորել հրաժարվել Թուրքիայում հանգստանալուց, չմոռանալ մեր ժողովրդի անցյալն ու չվտանգել մեր երկրի ներկան ու ապագան: Եթե Հայաստանում հանգստի պայմաններն ու գները չեն համապատասխանում ձեր պահանջներին, ճաշակին, գրպանին, ապա հանգիստն անցկացրեք որեւէ այլ երկրում, բայց ոչ երբեք Թուրքիայում: Առնվազն գոնե այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը մնում է Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված, քանի դեռ հրաժարվում է որեւէ ընդառաջ քայլ կատարել տնտեսական փոխշահավետ հարաբերությունների հաստատման, քաղաքական խնդիրների արդար կարգավորման ուղղությամբ, քանի դեռ չի ճանաչում եւ ներողամտություն հայցում միլիոնավոր հայերի բնաջնջման համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4