Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ առաջնության 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը, որի նկատմամբ հետաքրքրասիրությունը մեծ էր: Վերջին շրջանում երկրի չեմպիոնի ելույթները չեն գոհացնում ոչ միայն թիմի մարզիչներին, այլեւ ֆուտբոլասերներին: Հենրիխ Մխիթարյանի Դոնեցկ մեկնելուց հետո «Փյունիկը» լուրջ հիմնախնդիրներ ունի հարձակման գծում եւ պատահական չէ, որ վերջին 7 հանդիպումներից 4-ում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասները, որի պատճառով ընդամենը 2 հաղթանակ է տոնել: Ճիշտ է, մարզիչները հույս ունեին, որ բրազիլացի Մարկոսը լիովին կփոխարինի Մխիթարյանին, սակայն նախկին արարատցին առայժմ լավ մարզավիճակում չէ: Բացի այդ էլ, «Արարատի» հետ նախորդ խաղում Մարկոսը ոտնաթաթի վնասվածք էր ստացել եւ Գեւորգ Ղազարյանի հետ չմասնակցեց հանդիպմանը:
«Բանանցի» հետ խաղին չէր մասնակցում նաեւ «Փյունիկի» երիտասարդ պաշտպան Կարեն Խաչատրյանը, որն անհասկանալի պատճառով հեռացվել էր թիմից: Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա նախորդ խաղում «Միկայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակը հույս էր ներշնչում, որ չեմպիոնի հետ մրցավեճում եւս մարտականորեն կգործեն թիմի ֆուտբոլիստները: Սակայն խաղը չարդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները:
Երկու թիմերն էլ շատ դժգույն խաղ ցուցադրեցին, գոլային սակավաթիվ պահեր ստեղծեցին: Դրանցից մեկը 14-րդ րոպեին իրացրեց Կառլեն Մկրտչյանըՙ հաղթանակ պարգեւելով «Փյունիկին»: Իսկ «Բանանցը» բաց թողած գոլից հետո էլ կարծես մտադիր չէր պայքարել խաղը փրկելու համար: «Փյունիկը» վաստակեց 41 միավոր եւ միանձնյա գլխավորեց աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ