Նախորդ օրը Անկարայում ընդունելով հորդանանցի պաշտոնակցինՙ Նասեր Ջալդային, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացրել է Իսրայելին: Նա, ակնարկելով Պաղեստինում իսրայելցիներին վերաբնակեցնելու, իսկ Արեւելյան Երուսաղեմը պաղեստինցիներից դատարկելու Իսրայելի քաղաքականության մասին, ասել է, որ ուշադիր հետեւում են Մերձավոր Արեւելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի ձեռնարկումներին, որպեսզի դրանք պսակվեն հաջողությամբ: Իսրայելը պետք է արտահայտի տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու իր կամքը, եթե ունի:
Այնուհետեւ Դավութօղլուն ավելացրել է. «Առաջիկա հունվարին մեր տարածաշրջանում կանցկացվեն կենսական նշանակության երկու ընտրություններ: Դրանք Պաղեստինում նախատեսվող նախագահի եւ խորհրդարանի, ինչպես նաեւ Իրաքի խորհրդարանական ընտրություններն են: Ցանկանում ենք, որ այս ընտրությունները նպաստեն նշված երկրների միասնականությանը, ամբողջականությանն ու կայունությանը:
Հ. Չ.