Սակայն հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 6,3 տոկոս տնտեսական աճ
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 18,5 տոկոս տնտեսական անկում: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 81,5 տոկոսը կամ մոտ 1 տրիլիոն 417 մլրդ դրամ: Փաստորեն, հունվար-հունիսի համեմատ, անկումն ավելացել է ավելի քան 2 տոկոսային կետով: Միաժամանակ, հարկ է նշել, որ շարունակվում է մայիսից սկսվածՙ յուրաքանչյուր հաջորդ ամիս նախորդ ամսվա համեմատ, տնտեսական աճի միտումը: Հիշեցնենք, որ հունիսին մայիսի համեմատ այդ աճը շատ կտրուկ էրՙ 39,7 տոկոսով: Եվ այն, որ նման կտրուկ աճից հետոՙ հուլիսին հունիսի համեմատ դարձյալ աճ է արձանագրվելՙ 6,3 տոկոսով, փաստում է, որ մեր տնտեսությունը ճգնաժամից դուրս գալու փուլում է: Այս պատկերը նույնն է նաեւ տնտեսության բոլոր ճյուղերում: Ճիշտ է, այս տարվա հունվար-հուլիսի տնտեսական անկման ցուցանիշը 2008-ի հունվար-հուլիսի համեմատ կանգ չառավ, բայց չպետք է մոռանալ, որ անցյալ տարի այդ նույն ժամանակահատվածում արձանագրվել էր տարվա մեջ ամենամեծՙ 10,6 տոկոս աճը: Ինչի հետ համադրելով էլ այս տարվա ցուցանիշը, չնայած տնտեսության ամսեամիս աճին, անկում է արձանագրում:
Ըստ տնտեսության ճյուղերի, 2009-ի հունվար-հուլիսին պատկերը հետեւյալն է: Արդյունաբերության անկումը կազմել է 12 տոկոս, իսկ միայն հուլիսին հունիսի համեմատ այստեղ արձանագրվել է 5,9 տոկոս աճ: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերության անկումը կազմել է 12,2 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հուլիսին նվազել է 11,5 տոկոսով, իսկ հուլիսին հունիսի նկատմամբ գրանցվել է 2,4 տոկոս աճ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 2,1 տոկոսով, բայց հուլիսին հունիսին նկատմամբ զգալիՙ 58,7 տոկոսով աճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է այս տարվա բարձր բերքատվությամբ: Նշենք, որ ՀՆԱ-ում զբաղեցրած ծավալով գյուղատնտեսությունը վերջին ամիսներին առաջ է անցել շինարարությունից եւ զիջում է միայն արդյունաբերությանը:
Մանրածախ առեւտրում այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է չնչինՙ 0,1 տոկոս աճ, իսկ հուլիսին հունիսին նկատմամբՙ 15,8 տոկոս աճ: Եվ վերջապեսՙ ծառայությունների ոլորտում հունվար-հուլիսին արձանագրվել է 0,5 տոկոս անկում, իսկ միայն հուլիսին աճն այստեղ կազմել է 2 տոկոս:
Ամենամեծ անկումը շարունակվում է արձանագրվել շինարարության ոլորտումՙ 55,5 տոկոսով: Միայն հուլիսին հունիսի համեմատ այստեղ 4,5 տոկոս աճ է արձանագրվել: Դարձյալ հիշեցնենք, որ հունիսին մայիսի նկատմամբ շինարարության ծավալները ռեկորդայինՙ 130,8 տոկոս աճ էին ունեցել եւ հուլիսին այդ տեմպը փաստորեն ոչ միայն պահպանվել է, այլեւ ավելացել:
Արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա առաջին 7 ամիսներին կազմել է 2 մլրդ 13 մլն դոլար եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32,7 տոկոսով: Արտահանումը կազմել է 352 մլն դոլարՙ նվազելով 45,5 տոկոսով, ներմուծումըՙ 1 մլրդ 661 մլն դոլար, նվազելով գրեթե 29,5 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառությունը հուլիսին հունիսի նկատմամբ աճել է 1,6 տոկոսով, ընդ որում, հունիսին արձանագրված 44,2 տոկոս աճից հետո: Հուլիսին հունիսի նկատմամբ արտահանման ծավալներն ավելացել են 15,6 տոկոսով, իսկ ներմուծմանըՙ նվազելՙ 1,4 տոկոսով: Ի դեպ, արտահանման ավելացման եւ ներմուծման նվազման նման ցուցանիշ այս տարվա մեջ առաջին անգամ է արձանագրվում: Այդուհանդերձ, արտահանման ծավալները դեռ փոքր են, իսկ առեւտրային բացասական հաշվեկշիռը մեծՙ մոտ 1,3 մլրդ դոլար:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 11,1 տոկոսով: Միջին աշխատավարձն ավելացել է 12,1 տոկոսովՙ կազմելով մոտ 98,5 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է մոտ 82 հազար դրամ, մասնավորումՙ մոտ 122 հազար դրամ:
Այսպիսով, Հայաստանում նախորդ տարվա նույն շրջանի հետ համեմատած, տնտեսական անկումը շարունակվում է, բայց վերջին երեք ամիսներին արձանագրվող անընդհատ տնտեսական աճի ցուցանիշները վկայում են, որ, ինչպես նշել ենք բազմիցս, ամենայն հավանականությամբՙ սեպտեմբեր-հոկտեմբերից կսկսվի կայունացման եւ անկման տեմպի նվազման շրջանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ