«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2009-08-19 | #147, 2009-08-20 | #148, 2009-08-21


ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Գրան պրիի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով շատ կարեւոր հաղթանակ տոնեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ: Հստակ խաղի շնորհիվ հայ գրոսմայստերը մրցակցին ստիպեց հանձնվել 51-րդ քայլին: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակեց 6 միավոր:

Վլադիմիր Հակոբյանը սեւերով խաղում էր առաջատարներից մեկիՙ Պետեր Լեկոյի հետ: Վերջինիս համար այս մրցաշարը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր հաշվարկով 1-2-րդ տեղերի համար պայքարում, ուստի հունգարացի գրոսմայստերը մարտականորեն է տրամադրված: Թեեւ Լեկոն մեկ նավակ ավելի ուներ, սակայն Հակոբյանը զոհաբերելով փիղը, կարողացավ հավերժական շախի շնորհիվ պարտիան ավարտել ոչ-ոքի: Հակոբյանն ունի 4 միավոր:

Մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեց Էռնեստո Ինարկիեւը: Չնայած հաջողությանը, նա 2,5 միավորով եզրափակում է աղյուսակը: Ալեքսեեւը հաղթեց Էլյանովին, Գելֆանդը պարտության մատնեց Չեպարինովին: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Իվանչուկ-Կարյակին պարտիան, որն ավարտվեց ոչ-ոքի: Միավորը կիսեցին նաեւ Գատա Կամսկին եւ Ռուստամ Կասիմջանովը:

10 տուրից հետո աղյուսակը 6,5 միավորով գլխավորում են Լեկոն, Իվանչուկն ու Կասիմջանովը: Արոնյանն ու Ալեքսեեւը ունեն 6-ական միավոր: 11-րդ տուրում Հակոբյանն ու Արոնյանը կմրցեն միմյանց հետ: Կարեոր նշանակություն կունենան Կասիմջանով-Լեկո եւ Բաքրո-Իվանչուկ պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4