ԴԱՀԿ ծառայությունը գլխառադ է անում օրենքի պահանջը` ոտնահարելով երեխաների իրավունքները
Հայաստանի Հանրապետության գրեթե յուրաքանչյուր քաղաքացի կարող է վստահաբար պնդել, որ երեխայի իրավունքները հաճախ են խախտվում սեփական ծնողների կողմից դեռ անհիշելի ժամանակներից: Մեր այս հոդվածի դիտարկումները պարզեցին, որ այդ խախտումները, մեղմ ասած, շարունակություն են գտնում արդարադատության պահապանների թեթեւ ձեռքով նաեւ մեր օրերում: Հատկապես ծանր է այն երեխաների վիճակը, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներում են ապրում կամ ամուսնալուծված ծնողներից մեկի խնամակալության տակ են: Որպես կանոն, նման երեխաներն ունեն ե՛ւ հոգեբանական, ե՛ւ իրավական պաշտպանության խնդիր: Նրանց մեծ մասը տարբերվում է հասակակիցներից, հաճախ ընկճված է, ոմանք էլ` ագրեսիվ: Երեխաները չեն բարձրաձայնում իրենց խնդիրները, բայց նրանց վարքագիծն ամբողջությամբ բացահայտում է խնդրահարույց իրավիճակների առկայությունը:
Ամուսնալուծված ծնողների երեխաների խնդիրների մասին խոսեցինք հոգեբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Հարությունյանի հետ: «Ընդհանրապես ընտանիքը եռանկյունի է, որի ամեն անկյունը մի անդամն է` հայրը, մայրը, երեխան: Եթե անկյուններից մեկը բացակայում է, ուրեմն երեխան կմեծանա աղճատված աշխարհընկալմամբ, ասում է զրուցակիցս: Երեխայի ձեւավորումը կայանում է ծնողների միջանձնային հարաբերությունների ենթատեքստում, այդ իմաստով այդ հարաբերությունները կարող են ավերիչ ֆունկցիա կատարել, եթե ծնողներն իրենց զայրույթը բացահայտեն թեկուզ մեկ անգամ»:
Ամուսնալուծված ծնողների երեխաները ավելի ճնշող խնդիրներ էլ ունեն, քան ծնողի կարոտն է կամ հոր եւ մոր անհաշտությունը: «Եթե ծնողը ալիմենտը կամ այլ հոգս լուծում է դժկամությամբ կամ չի լուծում ընդհանրապես, երեխան հայտնվում է նվաստացած վիճակում: Հատկապես դժվար է, երբ հայրն է զրկում տղա երեխային ուշադրությունից, հոգատարությունից, այդ թվում եւ ալիմենտից: Եթե դա 9-10 տարեկան նախադեռահասային շրջան է, երբ տղան պիտի փորձի նույնանալ հոր հետ, նմանվել նրան, կարող է հակադրվել եւ հոր կերպարին հակառակ մեկը դառնալ: Այստեղ կտրուկ հասունացում է տեղի ունենում, ինչը երեխայի հոգեկանի համար այդքան էլ ճիշտ ու լավ չէ: Իսկ 14-15 տարեկանում նույն երեխան հակադարձելու է ծնողներին եւ շահագործելու է նրանց զգացումները, անկախ նրանից, թե ով է, ըստ իրեն, մեղավոր»: Հոգեբանը դեմ է, երբ մայրերը երեխաների միջոցով փորձում են ստանալ ալիմենտը: «Եթե հետո երեխան ցուցաբերի խղճահարություն առաջացնող վարքագիծ կամ ճնշված, բայց ներքին, խորը թաքնված ագրեսիայով, ոչ ոք թող չզարմանա: Մայրն է նրան սովորեցրել այդպիսի վարքագծով փող ստանալ հորից, զգուշացնում է հոգեբանը: Նման վարքագիծը կբարդացնի միջանձնային, միջսեռային շփումները, անձնային կայացումը: Երեխան ոչ միայն ողջ կյանքի ընթացքում հիշում է, թե ինչպես են իր հետ վարվել, այլեւ յուրացրած լինելով «դասերը», նույն կերպ վարվում է արտաքին աշխարհի հետ»: Խնդրի լուծումը զրուցակիցս տեսնում է այսպես. «Եթե ծնողի հետ աշխատանք տարվի, երեխան խնդիրներ չի ունենա: Հիմնական խնդիրն այն է, որ հայ ծնողը երեխային վերաբերվում է որպես իր բացարձակ սեփականությանՙ մոռանալով, որ նա առանձին անձ է: Ծնողները երեխաներին ներգործության սեփական օբյեկտ են համարում»:
Երեխայի ուսման ու դաստիարակության, ինչպես նաեւ ալիմենտի մասին խոսակցությունը հոգեբանի հետ անընդհատ թեքվում է կնոջ իրավունքի ուղղությամբ, քանի որ, ըստ զրուցակցիս, հատկապես ալիմենտի վճարումը տղամարդ կոչվածի համար գործիք եւ միջոց է կնոջը անելանելի վիճակի մեջ դնելու, ճնշելու, նվաստացնելու համար:
Գանք երեխայի ալիմենտ ստանալու իրավունքի պաշտպանությանը դատարանում, քանի որ եթե մայրը չի աշխատում, հորից ալիմենտ պահանջելը երեխայի հոգսը փոքր-ինչ թեթեւացնելու միջոց է դառնում: Այստեղ էլ մի ուրիշ հակասութուն կա, երեխաների իրավունքը դատարանով հաստատող մայրերի թիվը շատ քիչ է: «Ինչո՞ւ» հարցին պատասխանում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը : «Ճիշտ է, ալիմենտի չափը շատերին չի բավարարում, բայց շատերը նման հայցով չեն էլ դիմում դատարան, մտածում են` միեւնույն է, չի աշխատում, պետք է գնանք, ընկնենք հարկադիր ծառայության հետեւից, զայրանանք եւ այլն: Այսինքն` մայրերն իրենք լավություն են անում, հոգեբանորեն ազատում են այդ մարդուն իր պարտավորություններից», եզրակացնում է դատավորը: Ի դեպ, իրավապահ զրուցակիցս դատավորի քղամիդ է հագնում արդեն 20 տարի եւ 40 տարի դատական համակարգում աշխատելու փորձ ունի: «Օրենքն ասում է, որ մեկ երեխայի դեպքում մինչեւ չափահաս դառնալը բռնագանձել ալիմենտ պարտապանի աշխատավարձի մեկ քառորդի չափով, 2-ի դեպքում` մեկ երրորդ, իսկ երեքից ավելի` աշխատավարձի կեսը: Բայց հիմա ո՞վ է աշխատավարձ ստանում: Տղամարդկանց մեծ մասը, եթե աշխատում էլ է, ապա ոչ պաշտոնական հիմնարկներում, ստվերային տնտեսությունում: Տղամարդը կարող է դասախոսել եւ ստանալ ցածր աշխատավարձ, բայց եթե դիմորդների հետ պարապում է տանը եւ հարկային տեսչությունում նրա վարած գործունեությունը չի արձանագրվում, խնդիր է առաջանում այդ եկամուտը դատարանում ապացուցելու իմաստով: Սա հայցվոր կողմի համար խնդիր է, քանի որ նա փաստացի գիտի, բայց փաստաթղթերով չի կարող տեղեկանք ներկայացնել, որ պատասխանողն ի վիճակի է վճարելու ալիմենտի ավելի մեծ չափ, քան ցույց տրված աշխատավարձի չափն է: Մինչդեռ, նվազագույն` 30 000 դրամ աշխատավարձ ցույց տվող ծնողը օրենքով պարտադրվում է վճարել դրա մեկ քառորդը: Ո՞վ չգիտի, որ այդքանը բավարար չէ երեխայի սննդի, նորմալ բարեկեցիկ կյանքի համար: Շատ է լինում, որ որոշում ենք կայացնում պրակտիկայից ելնելով, օրենքը դրած մի կողմ եւ առաջնորդվելով երեխայի շահով ու ակնառու փաստերով, որոնք են պատասխանողի կենցաղն ու ապրելու պայմանները: Այնուամենայնիվ, պատկերացրեք, որ ունեցել ենք 5 000-10 000 դրամ ալիմենտի կայացրած վճիռներ»:
«Աչքաչափով եւ տրամաբանությամբ» վճիռ կայացնելը դատավորը որակում է գործարար շրջանառության սովորույթ: Դատավորը խոստովանում է. «Բոլորս էլ աշխատում ենք երեխայի օգտին, անգամ նրանք, ովքեր չունեն երեխաներ: Հասկանում ենք, որ երեխա պահելն այսօր շատ դժվար է: Անկեղծ ասած, բոլորս աշխատում ենք երեխայի օգտին, բայց դա քիչ է երեխայի համար»:
Ինչ վերաբերում է երեխաների իրավունքներին ընդհանրապես, դատավորը պատմում է մի քանի ցավալի դեպքեր, որոնցից հատկապես դաժանությամբ առաջնահերթ են հոգեբանական ճնշումները, որոնք, սակայն, օրենքի ուժով գրեթե չեն պատժվում: «Կան շատ դեպքեր, պատմում է Գ. Կարախանյանը, որ ծնողներից մեկը երեխային իր կողմն է գրավում եւ դատարանում պատճառաբանում, թե երեխան իր հետ կապված է ավելի, քան մոր հետ, որ բնակարանի հարցն իր օգտին լուծի»: Սա արդեն բարոյական վնաս կարող է որակվել: Սակայն. «Կա քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը, որը սահմանում է հատուկ դեպքերի ցանկը: Մնացած դեպքերի համար կոնկրետ բարոյական վնասի փոխհատուցման ու դրա չափի մասին խոսք չունենք, բայց դա յուրաքանչյուր գործի քննության ժամանակ հաշվի պիտի առնվի: Դա արդեն գալիս է գործի էությունից, կողմերից եւ նաեւ դատավորի անձից: Պետք է իմանաս` ով է քո առաջ կանգնած, եւ երեխան ինչ խնդիրներ կարող է ունենալ: Մենք ունեցել ենք գործեր, որ երեխաները վիրավորանքից հրաժարվել են ալիմենտից: Պատճառաբանությունն էր, որ եթե հայրը 10-15 000 դրամը պիտի պարտադրաբար տա ու չշփվի, չզբաղվի իրենցով, հատկապես, երբ երեխան տղա է, այդ գումարը պետք չէ: Հոգեբանական պահը սա է, որ ավելի կարեւոր է, քան մի քանի կոպեկը»:
Տիկին Կարախանյանին հարցնում ենք իրենց վճիռների հետագա ճակատագրի մասին: Նա պատմում է, որ դատավորը կատարածուի միջոցով իր որոշման կատարման ընթացքին առաջ էր հետեւում, իսկ հիմա հարկադիր կատարման ծառայության գործառույթն է դա, որի աշխատանքներից, բնականաբար, քչերն են գոհ: Զրույցի ընթացքում զրուցակիցս ասաց հետեւյալը, որ, բնականաբար, դատերի ժամանակ չի կարող արտաբերել, օրենքից դուրս է, բայց, թերեւս, օրենքի չափ կարեւոր է: «Ինձ այնքան չեն հուզում ամուսնալուծության հետ կապված հարցերը, որքան երեխաները: Ես կուզենամ, որ մեր ծնողներն ավելի հոգատար լինեն իրենց երեխաների նկատմամբ, որ վաղուց ի վեր կար մեր ազգի մեջ, հիմա վերանում է: Մեկ-մեկ ուրախանում եմ, որ բաժանվող ծնողները բարեկիրթ են: Նրանք երեխայի հոգեբանության վրա չեն ազդում, դրանով իրարից ոխ չեն հանում, անձնական հարաբերությունների համար երեխային միջոց կամ գործիք չեն սարքում»: Դրական տպավորությունը կին դատավորի հոգատար կեցվածքից շոշափվող հարցում մի պահ է միայն գոհացնում մեզ, երբ հասկանում ենք, թե ինչ կլիներ, եթե նրա մտածելակերպը չունեցող դատավորները շատանային:
Երեխայի իրավունքների պաշտպանության հարցականները մեզ բերեցին նաեւ փաստաբանի մոտ, ում պրակտիկայում նման խնդիրների պակաս չի զգացվում: Փաստաբան Նազելի Վարդանյանն ավելի կոնկրետ է արտահայտվում. «Ալիմենտը ծնողի օրենքով սահմանված ֆինանսական պարտավորությունն է երեխայի կարիքների համար: Դժվարություններ են առաջանում հատկապես հարկադիր կատարման դեպքում, քանի որ շատ դեպքերում պարտավոր ծնողը խուսափում է իր պարտականության կատարումից: Ալիմենտի բռնագանձման մասին դատական պրոցեսն այնպիսին է, որ միշտ բողոքարկվում է: Կամ եթե պարտապանը չի աշխատում կամ ի վիճակի չէ մուծելու, գույքից բռնագանձում է արվում, իսկ դա բավականին աշխատատար պրոցես է: Շատ ժամանակ գործ ես ունենում հարկադիր կատարման գրասենյակի տեսուչների հետ, որտեղ սուբյեկտիվ հանգամանքն ավելի շատ է: Հարկադիր կատարողը կարող է եւ խուսափել, հնարավոր է, որ մյուս կողմի հետ ընդհանուր համաձայնության գա, կարող է քաշքշուկից խուսափելու համար ինքը խուսափել աշխատանքային պարտավորությունների պատշաճ եւ ժամանակին կատարումից: Դժվարություններ կան, հարկադիր կատարման պրոցեսից շատերն են բողոքում: Վերջին տարիներին ահագին մարդ ազատվել է, բայց հարկադիր աշխատանքից խուսափելու դեպքերն ավելի շատ են:Պարտատերը չի կարող վերահսկել հարկադիրի աշխատանքը, որովհետեւ ինքը հարկադիրի աշխատանքի սկիզբն ազդարարող թերթիկն ստանալուց հետո տեղյակ չէ, հարկադիր կատարողը գնացե՞լ է պարտատիրոջ տուն, թե՞ ոչ, տեղյա՞կ է` պարտատերն աշխատում է, թե ոչ, օրենքով սահմանված կարգով հարկադրե՞լ է նրան վճարել ալիմենտը, թե՞ ոչ: Բացարձակ չես կարող վերահսկել»:
Այս առումով կատարողական այս քաշքշուկը բոլոր երկրներում էլ նույնն է, որին եվրոպաներում չեն հասնում մի պարզ պատճառաբանությամբ, այնտեղ քաղաքակիրթ ամուսնալուծությունն ավելի հարգի է, քան թշնամանքի վերջին` հայկական աստիճանը:
ԴԱՀԿ-ի աշխատանքին անձամբ ծանոթ լինելով հանդերձ, ցանկացանք, այնուամենայնիվ, որպես լրագրող հետաքրքրվել այս կառույցի աշխատանքների կազմակերպմամբ հատկապես աչքից հեռու մարզերում ու պատասխանատուներից լսել մի քանի հարցերի պատասխաններ, որոնց թվում էր, թե ինչպե՞ս է, որ հարկադիրը չի կարողանում ճիշտ ժամանակին բռնագանձել երեխայի կենսապահովման համար հաճախ շատ անհրաժեշտ ալիմենտը: Լրատվական բաժնի պատասխանատուի միջոցով փոխանցված պատասխանը ԴԱՀԿ ծառայության երիտասարդ պետից բավականին հնաոճ եւ բյուրոկրատական էր` հարցերը գրավո՛ր ներկայացրեք: Ներկայացնելուց եւ մեր գրավոր խնդրանքից հետո էլ, թե մեզ պետք է առերես հարցազրույց, ծառայության պետը փոխանցեց ավելի հին ու վաղուց արդեն մոդայից դուրս մի ուրիշ պատասխան` Ձեր հարցերին չենք կարող բանավոր պատասխանել: Նման խուճապից պարզ է մի բան, ԴԱՀԿ-ն գլխառադ է անում երեխայի ալիմենտների ստացման որոշումների կատարումը հնարավորինս հեռու եւ հնարավորինս անհայտ ժամանակով:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ