«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2009-08-20 | #148, 2009-08-21 | #149, 2009-08-22


ՊԱՐԶ, ԱՆԿԵՂԾ, ՀԱՍԱՐԱԿ...

Ո՞ւմ համար են օրենքներ ստեղծվում: Եթե կարծում եքՙ բոլորի, սխալվում եք, գոնե այնպիսի երկրների դեպքում, ինչպիսին, ցավոք, Հայաստանն է: 100-ամյակներ պետականություն չունենալու պատճառով ձեւավորված մերօրյա հայըՙ լինի ամենասովորական քաղաքացի թե բարձրաստիճան պաշտոնյա, անկախ կրթական ու այլ ցենզերից, վարժված չէ հարգելու օրենքները, էլ չասենք, որ նրան դեռ երկար ժամանակ չի «սպառնում» օրինապաշտ դառնալը: Իսկ հասարակական կյանքում խառնաշփոթից խուսափելու համար քիչ թե շատ, կամա թե ակամա բավարարվում է` չգրված օրենքներ ու ավանդույթներ պահպանելով, որոնք, իրենց հերթին անթերի չլինելով, հատկապես նորանկախ Հայաստանի տարիներին ձեւախեղվում-իմաստափոխվում կամ ընդհանրապես դուրս են մղվում բարոյաարժեքային «շրջանառությունից»ՙ իրենց տեղը զիջելով մոդայիկ, «ճռճռան» եւ օտար սովորույթներին ու նորմերին:

Օրինազանցությունն ամենուրեք էՙ փողոցում, որտեղ հետիոտներն ու վարորդներն իրենց այնպես են զգում ու պահում, կարծես երթեւեկության կանոնները դեռ 100 տարի հետո են ստեղծվելու, ճանապարհային նշաններն էլ միայն նյարդայնացնելու կամ ուշադրություն շեղելու համար են այստեղ-այնտեղ փակցված-գծված-նշված: Բազմատեսակ գրասենյակներում, հիմնարկություններում, սպասարկման կետերում, վաճառատներում, հասարակական վայրերում, որտեղ րոպեում կառավարական 10 որոշում եւ խորհրդարանական դակիչով անցած 2-3 օրենք է խախտվումՙ չիմացությունից, անտարբերությունից, ծուլությունից, վերահսկողության բացակայությունից, պատժվելու վտանգի զգացողության բթացումից կամ իսպառ բացակայությունից: Վերջինը վերաբերում է հատկապես նրանց, ում նյութական ապահովվածության, «վերեւներում» ծանոթ-բարեկամ ունենալու (եթե հենց իրենք չեն այդ «վերեւները») եւ վերջապես սովորական անդաստիարակության պատճառով թվում է, թե իրենք «ուրիշ» են, եւ իրենց կարելի է ԱՄԵՆ ԻՆՉ:

Սահմանադրություն, դատական համակարգ, օրենսդրություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ... Այդ ամենն առանձին-առանձին ու միասին պղպջակների պես պայթում են, հենց հանդիպում են ամենակարող ՓՈՂԻՆ: Հետաքրքիր է, վիճակագրություն կա՞, թե, ասենք, վերջին 5 տարում քանի մեծահարուստ օրինախախտ է հայտնվել ճաղերի հետեւում: Կարծում եքՙ ոչ մի: Երեւի, իսկ եթե բացառիկ դեպքեր էլ հանկարծ նկատվեն, դրանք էլ գուցե այն պատճառով, որ իրար հետ «լեզու» չեն գտել կամ օրինախախտն այդ խանգարում էր իրենից հզոր որեւէ մեկին:

Մերթ ընդ մերթ, հատկապես նախընտրական կամ հետընտրական ժամանակաշրջանում միամսյակի պես ինչ-որ բան է նկատվումՙ որեւէ բնագավառում ինչ-որ չափով կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ, բայց հետո ամեն ինչ վերադառնում է «ի շրջանս իւր»: Եվ մեզանից նրանք, ովքեր դեռ հույսեր փայփայելու չափ միամիտ են, հերթական հիասթափությունն են ապրում, իրականության աչքերին նայողներն էլ հերթական անգամ հասկանում են, որ որեւէ գործողություն ցանկալի արդյունքի չի հանգեցնի ու չի էլ կարող, քանի դեռ գործող անձինք են նույնը: Գումարելիները պետք է փոխել, եթե անկեղծ ցանկություն կա նախնական-սովորականից տարբեր գումար ստանալու: Իսկ եթե ոչ, գոնե կարելի է նոր սահմանադրություն գրել-անցկացնել, որտեղ ընդամենը մեկ դրույթ կլինի. «Իրավացի է նա, ով ավելի շատ փող կամ ավելի «թափով» ծանոթ ունի»: Պարզ, անկեղծ, հասարակ: Ոչինչ, որ նաեւՙ վիրավորական: Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներն էլ կա՛մ չեղյալ հայտարարել, կա՛մ բխեցնել վերոնշյալ դրույթից: Այդ դեպքում գոնե խաբվածության զգացողություն չի լինի:

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, report.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4