«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՆԱ»

Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` հիմա ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում, այլեւ Թուրքիայի շուրջը ընդհանրապես տեղի են ունենում որոշ հետաքրքրական գործընթացներ: Երեկ «Հայացք» ակումբում հայ-թուրքական հարաբերություների վերաբերյալ խոսելիս բանախոսը նկատեց, որ Թուրքիան փորձում է փոխել իր դերը տարածաշրջանում եւ դառնալ ավելի նշանակալի խաղացող:

«Հայաստանն այդտեղ ամենագլխավոր տեղը չի զբաղեցնում, այնուամենայնիվ որոշակի տեղ զբաղեցնում է, այդ իսկ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնեցված չէ: Իմ կարծիքով` կտրուկ փոփոխություններ այդ գործընթացում չեն լինի, սակայն Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա պետք է կայանա: Այդ գործընթացն, ինձ թվում է, ինչ-որ կերպ զարգանալու է: Համենայն դեպս, ես հիմք չեմ տեսնում մտածելու, որ գործընթացը կասեցված է, առաջին հերթին այն պատճառով, որ ես երբեք չեմ մտածել, որ սահմանը 2 օրում է բացվելու: Հայ-թուրքական խնդիրները տասնյակ տարիների պատմություն ունեն, եւ նման խնդրի համար այս գործընթացը բավական դինամիկ է զարգանում»:

«Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ճնշում էր թուրքական կողմի վրա` անել այնպես, որ Թուրքիան կատարի հաջորդ քայլը», նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը նախագահի այդ հայտարարությունը համարում է դիվանագիտական քայլ: Ըստ նրա, երբեմն-երբեմն նման հայտարարություններ անում է նաեւ Թուրքիան` Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Բանախոսը համոզված է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնեցվի կողմերից որեւէ մեկի ուժերով, ապա միջազգային ասպարեզում դա վատ ազդեցություն կունենա հենց նրա համար:

Միեւնույն ժամանակ, Ա. Իսկանդարյանի խոսքով, այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններում վերջին ժամանակներս, «արդեն շատ լուրջ է» եւ կա քաղաքական ուղի, որով կարելի է ընթանալ:

«Այսինքն, Հայկական հարցը քննարկվում է Թուրքիայի ներսում, Թուրքիայի ներքին քաղաքականության քննարկման թեմա է: Թուրքիայի հարցը բավական իրական քննարկվում է Հայաստանում, եւ եթե նախկինում Հայաստանում այդ քննարկումները պատմության մասին էին, այժմ քննարկվում են կոնկրետ քաղաքականությանը եւ տնտեսությանը վերաբերող հարցեր եւ խնդիրներ, ինչպիսիք են` պե՞տք է բացել սահմանը, թե՞ ոչ, դա լա՞վ է, թե՞ վատ», բացատրեց Ա. Իսկանդարյանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4