Մասնատումը նախատեսված էր Բուշի վարչակարգի «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրով
Մասնատման այս կանխագուշակումը երեկվա համարում արել է մոսկովյան «Պրավդան»ՙ նշելով, որ 150 միլիոն բնակչություն ունեցող միջուկային տերություն Պակիստանը հայտնվել է տնտեսական եւ քաղաքական կազմալուծման շեմին, պետության գանձարանը դատարկ է, իսկ կառավարությունը ֆինանսական միջոցներ հայթայթելու ապարդյուն ջանքեր է գործադրում:
Ավելին, ըստ «Պրավդայի», Պակիստանում հետզհետե ծավալվում է իսլամ արմատականների ահաբեկչական գործունեությունը, պառակտված վիճակում է քաղաքական եւ զինվորական ընտրախավը, ուստի միջուկային զենքը կարող է անցնել ուրիշներ ձեռքը: Այնուհետեւ «Պրավդան» ավելացնում է. «Երկրում ամեն ինչ բարելավվում էր Մուշարաֆի իշխանության օրոք: 9 տարի շարունակ նա հաջողությամբ պահպանում էր Պակիստանի ամբողջականությունը, իսկ տնտեսությունը` բարելավում: Սակայն Մուշարաֆի գործունեությունը` ի նպաստ սեփական երկրի բարօրության, հակազդեցություն առաջ բերեց ԱՄՆ-ում եւ Անգլիայում: Մուշարաֆին տապալեցին, որ իշխանության բերեն Ալի Զերդարիին: Մինչդեռ Զերդարին ունի ԱՄՆ-ի դրածոյի համարում եւ պակիստանցիների մեծամասնությունը նրան չի ուզում»:
Պակիստանի մասնատման հետեւություն համար ի՞նչ հիմք է ունեցել «Պրավդա» թերթը, չգիտենք: Բայց որ Ջորջ Բուշի վարչակարգին «նոր պահպանողականների» ներշնչած «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը նախատեսում էր տարածաշրջանային 12 երկրի մասնատումը, այդ երկրների ցանկում ընդգրկված էին նաեւ Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Սիրիան, նույնիսկ փոքրիկ Լիբանանը, այդ թվումՙ միջուկային տերություն Պակիստանը, փաստ է:
Նախագահ Բարաք Օբամայի իսլամական աշխարհի հետ հարաբերությունները բարելավելու, Մերձավոր եւ Միջին Արեւելքում ռազմաքաղաքական լարվածությունը թուլացնելու քաղաքականությունը էապես տարբերվում է մահմեդական երկրներին սպառնալիքների թիրախ դարձնելու եւ սանձազերծված պատերազմների միջոցով տարածաշրջանի լարվածությունը հետեւողականորեն սրելու Բուշի քաղաքականությունից:
Քանի որ Օբամայի որդեգրած կուրսը հակասում է տարածաշրջանի լարվածությունը սրելու համար տարածաշրջանային երկրներին մասնատելու կամ մասնատման սպառնալիքի առջեւ կանգնեցնելու, այսինքն` Մերձավոր եւ Միջին Արեւելքի քաղաքական քարտեզը ձեւափոխելու քաղաքականությանը, որը փաստորեն ձախողված է, ուստի միանգամայն տրամաբանորեն ԱՄՆ-ում կատարված իշխանափոխությունը Վաշինգտոնի օրակարգից պետք է դուրս մղեր «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը:
Հարցը, սակայն, սոսկ ծրագրի Վաշինգտոնի օրակարգից դուրս մղումը չէ, (դա օրինաչափ էր, քանի որ Բուշի վարչակարգի տարածաշրջանային քաղաքականությունը ընդամենը անհաջողություններ է արձանագրել Իրաքում, Աֆղանստանում, Պաղեստինում, Լիբանանում, ինչպես նաեւ Իրանի եւ Սիրիայի ռազմական ներխուժման մշտական սպառնալիքի տակ պահելու հարցերում), այլ կառավարման տարիներին ռազմավարական ավանդական դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների աննախադեպ սրումը:
Ի դեպ, թալիբները եթե ոչ ավանդական, ապա տարածաշրջանում ԱՄՆ-ի կարեւորագույն հենասյուներից են եղել: Թերեւս պատահական չէր, որ նրանց Աֆղանստանում իշխանության էր բերել Վաշինգտոնը: Ներկա պահին ԱՄՆ-ը պատերազմում է թալիբների հետ, ավանդական դաշնակից Պակիստանում նա կորցրել է դիրքերը, մտահոգված է, որ կորցնի Պակիստանին: Թուրքիան լուրջ տարաձայնությունների մեջ էր ԱՄՆ-ի հետ, ուստի Վաշինգտոնը դեռեւս Բուշի օրոք կասկածի տակ էր դրել թուրքական պետության հետ ռազմավարական հետագա համագործակցության նպատակահարմարությունը: Ինչ վերաբերում է Եգիպտոսին եւ Սաուդյան Արաբիային, այս երկրներում նույնիսկ իշխող վարչակարգերն են հակադրվում Վաշինգտոնին, էլ չենք խոսում բնակչության մասին, ոչ էլ Իրանի եւ Սիրիայի, որոնք սառնասիրտ քաղաքականությամբ կարողացել են չեզոքացնել ամերիկյան ներխուժման բոլոր սպառնալիքները:
ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների մեջ մտնելու համար տարածաշրջանային երկրները, այն էլ մեծապես դաշնակից, պետք է լուրջ պատճառներ ունենային: Թերեւս այդ պատճառը տվյալ երկրների «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրով նախատեսվող մասնատումն էր: Ըստ երեւույթին, պետք է դրանով պայմանավորել Պակիստանի մասնատման «Պրավդայի» կանխագուշակումը: Ի դեպ, Թուրքիայում ընդդիմությունը նույնպես մասնատման կանխատեսումներ է անում, պայմանավորելով մասնատումը վարչապետ Էրդողանի քրդական հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությամբ, իսկ նախաձեռնությունը` պաշտոնական Վաշինգտոնի պահանջով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ