ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դեթրոյթ, ԱՄՆ
Հաշիվը կորցրել ենք, թե քանի անգամ են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները այցելել Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու, փորձելով Լեռնային Ղարաբաղի կնճռոտ հարցին լուծում գտնելՙ բանակցելով հայերի եւ ազերիների հետ: Յոթ անգամ էլ նախագահական մակարդակով հանդիպումներ են տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ: Սակայն դեռեւս ոչ մի առաջընթաց չի արձանագրվել:
Մյուս կողմից, յուրաքանչյուր «կոնստրուկտիվ» հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը միշտ հանդես է եկել նոր ռազմատենչ հայտարարություններով, ցույց տալու համար, որ ռազմական գործողությունների տարբերակը բացառված չէ: Նույնիսկ կողմերին խաղաղ կարգավորում պարտավորեցնող Մայնդորֆյան համաձայնագիրը ստորագրելուց հետո Ալիեւը Լոնդոնում նորից սպառնալիքներ տեղաց, եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները կամ նրանց համապատասխան կառավարությունները մատը մատին չտվեցին կանխելու բանակցությունները խոչընդոտելու եւ Կովկասում մի նոր պատերազմ հրահրելու Բաքվի նկրտումները:
Սա, իհարկե, խրախուսեց ազերի ղեկավարությանը, որը խոսքից անմիջապես գործի անցավ: Բաքվի կառավարությունը, օգտագործելով իր «նավթադոլարները», սկսել է զենք ու զինամթերք գնելով մեծապես վերակառուցել իր բանակը: Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը 1.300 տոկոսով ավելացրել է իր ռազմական բյուջենՙ նախկին 175 միլիոնից հասցնելով 2,5 միլիարդ դոլարի 2009-ին:
Բոլոր բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը մի չնչին շեղում անգամ չի կատարել իր սկզբնական դիրքորոշումից: Նրանք շարունակում են պնդելՙ «դուրս եկեք բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Ղարաբաղից, եւ մենք հայերին կշնորհենք ինքնակառավարման ամենաբարձր աստիճանը», առանց մատնանշելու, թե դա ինչ է նշանակում իրականում:
Ռազմական այս ամբողջ վերակառուցումը կատարվում է ի հաշիվ մեկ միլիոն ազերի փախստականների, որոնք դեռեւս ապրում են վրանների տակՙ առաջացնելու համար միջազգային հասարակության կարեկցանքը:
Եվրոպահայերի դաշնությունն օրերս Բրյուսելում հանդես է եկել մի հայտարարությամբ, որով զգուշացնում է համաշխարհային հանրությանը ազերիներիՙ տագնապալի չափերի հասնող ռազմական վերակառուցման կապակցությամբ եւ կոչ անում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին ուղիներ որոնելՙ չհարձակվելու պայմանագիր կնքելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Սա չափազանց կարեւոր եւ ժամանակին արված մի զգուշացում է: Իհարկե, չհարձակվելու պայմանագիրը կարող է ուժի մեջ մնալ այնքան ժամանակ, որ հավասարություն եւ ռազմական հավասարակշռություն գոյություն ունի երկու կողմերի միջեւ: Հենց այդ հավասարակշռությունը խախտվի, ոչ ոք չի կարող «ագրեսորի» ձեռքերը կապել: Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագիրը ԽՍՀՄ-ի եւ նացիստական Գերմանիայի միջեւ վառ ապացույց է, թե ինչքան երկար կարող են տեւել նման պայմանագրերը:
Հայկական կողմը, չցանկանալով խնդիրը բարդացնել, զգուշավոր է եղել ցարդ, բայց դա ընկալվել է որպես թուլություն: Ղարաբաղի զինվորականության առաջնորդներից մեկը վերջերս հայտարարեց, թե պարտվող կողմը չի կարող այդքան ամբարտավան լինել, եւ պատերազմի ծագման դեպքում Ադրբեջանն ավելի շատ կտուժի, քան Հայաստանը: Բայց ո՞վ է կանգնած Ադրբեջանի թիկունքում: Ո՞վ է նրան այդ ամբարտավանությունը հուշում: Իհարկե, Թուրքիան եւ Իսրայելը, որոնք երկուսն էլ գաղտնագողի զինում են ազերիների բարոյալքված բանակը:
Ադրբեջանի ամբարտավանությունը չի առաջանում միայն իր ունեցած ռազմական տեխնիկայի քանակից: Ազերի ղեկավարները վստահ են, որ վայելում են տարածաշրջանային եւ համաշխարհային որոշ տերությունների աջակցությունը, որ նրանք կպաշտպանեն իրենց արկածախնդրական քաղաքականությունը:
Անցյալ անգամ Ադրբեջանի դեմ մղված պատերազմը հաղթական ավարտ ունեցավ Ռուսաստանի քաղաքական եւ նյութատեխնիկական օժանդակության շնորհիվ: Այդ ժամանակ Հայաստանը դեպի Թուրքիա էր շեղվում, եւ Ռուսաստանը պետք է շտապ ուղղում մտցներ այդ քաղաքականության մեջ: Այս անգամ, սակայն, քաղաքական իրադրությունը փոխվել է Կովկասում: Մինչ Թուրքիան դեռեւս մնում է Ադրբեջանի թիկունքին, մենք վստահ չենք Ռուսաստանի դերակատարության կապակցությամբ, հատկապես այն բանից հետո, երբ ստորագրվել է գազային պայմանագիր Ադրբեջանի հետՙ խափանելու համար Արեւմուտքի ծրագրերը: Բաքվի ղեկավարներն այնքան էին ոգեւորվել այս պայմանագրով, որ նրանք նույնիսկ սպառնացին իրենց ամենամոտիկ դաշնակցինՙ Թուրքիային, որն առանց պայմանների Հայաստանի հետ հաշտեցման փորձեր էր անում: Անկարան, այսպիսով, ստիպված եղավ 180 աստիճանով փոխել իր դիրքորոշումը, հայտարարելով դարձյալ, որ Հայաստանի հետ սահմանը չի բացի, մինչեւ ղարաբաղյան հարցը չլուծվի Ադրբեջանի պայմաններին համապատասխան: Թուրք-հայկական հաշտեցման գործընթացը նորից փակուղի մտավ:
Քաղաքական արտաքին գործոնները թելադրում են, որ Հայաստանը կատարի որոշ գործնական քայլեր: Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունները, Հայաստանը եւս պարտավոր է զինվելՙ պատրաստ լինելու համար վատթարագույնին:
Պատմական զուգահեռներից մենք պարտավոր ենք դասեր քաղել: Վերջերս նշանավոր կոմիկ Վարդան Պետրոսյանի նոր ներկայացումն էր բեմադրվում Երեւանում: Պետրոսյանը միշտ էլ իր արվեստի միջոցով մի պատգամ է ցանկանում հղել հայ ժողովրդին: Այս անգամ նրա կատակերգությունը հիմնված էր 1918-20-ի դեպքերի վրա: Նա ողբում է պատմական Հայաստանի տարածքներին տեր կանգնելու հնարավորությունը բաց թողնելու համար, երբ հաղթանակը շատ մոտիկ էր: Այդ ժամանակ պարտված օսմանյան բանակը թուլացած նահանջում էր, մինչ հայկական զորքերը դեռ թարմ էին, լավ զինված ու լավ մատակարարված: Բայց, ցավոք, անվճռականությունը, դավաճանությունը եւ քաղաքական տհասությունը կամ պարզամտությունը կոտրեցին զինվորների կռվելու ցանկությունը, եւ մենք կորցրեցինք Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մամախաթունը, Բայբուրդը եւ Սարիղամիշը, որոնք թողնվեցին պարտված թուրքերին:
Վարդան Պետրոսյանի կատակերգությունը, որը պատշաճորեն վերնագրվել է «Ցմահ բանտարկյալներ», ավարտվում է հետեւյալ պատգամով. «Ո՜վ հայ ժողովուրդ, վտանգը սարերից այն կողմ չէ: Արթնացի՛ր, մի՛ քնիր եւ միայն Արարատը երազում տեսնելով մի՛ մխիթարվիր ու երազներով մի՛ օրորվիր: Ծխիր քո «Ծուխն ծխանին», միավորվի՛ր, ամփոփվի՛ր «քո բանտի»ՙ քո սահմանների մեջ, քանի որ թշնամին պատրաստ սպասում է, որպեսզի զգոնության բթացման դեպքում անարգել ներխուժի «չորսուկես հայ» մնացած այս վերջին հողատարածքը»:
Սա գաղափարական ուժեղ պատգամ էՙ ուղղված մեր քաղաքագետներին, որոնք մանր-մունր վեճերով են տարված: Մինչ թշնամին դարպասների առաջ կանգնած է, դաշնակցական կուսակցությունը պահանջում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականըՙ նույն պահանջն ուղղելով նաեւ նախագահին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմությունը կոչ է անում տապալելու կառավարությունըՙ «կաշառակերությանը վերջ տալու համար»:
Հայաստանում այս բոլոր պատմական սցենարների կրկնության պայմաններում ինչո՞ւ ենք մեղադրում Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որոնց շնորհիվ Հայաստանն ունեցավ իր այժմյան փոքրիկ տարածքը: Մինչ քեմալական կառավարությունը սահմանային հարցերով բանակցում էր Լենինի հետ, դաշնակցական կուսակցությունը տապալեց նորաստեղծ խորհրդային կառավարությանը իր 1921-ի փետրվարյան արկածախնդրությամբ, որը ոչ միայն հազարավորների կյանքը խլեց, այլեւ զրկվեց հայկական պատվիրակությանը Մոսկվայի բանակցություններին մասնակցելու իրավունքիցՙ թույլ տալով երկու կողմերին (թուրքերին եւ ռուսներին) որոշելու սահմանագիծը իրենց շահերին համապատասխան:
Մինչ Ադրբեջանը զինվում է վերսկսելու համար ռազմական հակամարտությունը, մեր քաղաքագետները զբաղված են իրենց հին խաղերով: Եթե շարունակվի իրերի այս գործընթացը, Վարդան Պետրոսյանի կանխագուշակումը անհնարին չի լինելու: Այո՛, այս անգամ թշնամին ի վիճակի է լինելու «անարգել ներխուժելու եւ գրավելու «չորսուկես հայ» մնացած մեր այս վերջին հողակտորը»:
Թարգմ. Հ. Ծ.