«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


«ՌՈՍՆԵՖՏԸ» ԱԲԽԱԶԱԿԱՆ ՆԱՎԹ ԿԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԻ

Մեկ տարի առաջ` օգոստոսի 26-ին Ռուսաստանը, օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից քիչ անց, հայտարարեց, որ ճանաչում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Այս տարի այդ նույն օրը Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն կմեկնի Էստոնիա, որտեղ Էստոնիայի իր գործընկերոջ հետ նախատեսվում է ստորագրել «տեղեկատվական հռչակագիր» Թբիլիսիի եւ Տալլինի միջեւ:

«Գրուզիա օնլայն» կայքէջի փոխանցմամբ, փաստաթղթի նպատակն է համատեղել ջանքերը «հետխորհրդային տարածքում ռուսական էքսպանսիայի դեմ»:

Հետաքրքրական է, որ հակառուսական տրամադրությունների այսօրինակ շեշտադրումը Վրաստան-Էստոնիա հարաբերություններում դժգոհություններ է առաջացրել Վրաստանի ներսում, օրինակ, ի դեմս Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայիս նախագահի նախկին զինակից Նինո Բուրջանաձեի: Վերջինս համոզմունք է հայտնել, թե նման փաստաթղթի ստորագրումը միայն կվատթարացնի Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները, մինչդեռ, ըստ Բուրջանաձեի, ժամանակն է վերականգնելու երկու պետությունների խզված հարաբերությունները:

Եվ մինչ Վրաստանը հակառուսական դրսեւորումներում Էստոնիայի հետ տեղեկատվական հռչակագիր ստորագրելու նախապատրաստման մեջ է, Աբխազիայում մեկ այլ իրադարձություն են նախապատրաստում: Մասնավորապես, ռուս-աբխազական հարաբերությունները հաստատապես անցնում են զարգացման ուղիով` արդեն անդրադառնալով նավթարդյունաբերությանը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ Աբխազիան համաձայնագիր կստորագրի «Ռոսնեֆտ» ընկերության հետ` նավթի արդյունահանման առնչությամբ: Համաձայն հրապարակումների, որոնցից առատորեն մեջբերումներ են արել վրացական էլեկտրոնային կայքէջերը, Բաղապշը հայտարարել է, թե գուցե նավթի արդյունահանումը բացասաբար անդրադառնա զբոսաշրջության վրա, սակայն քանի որ մի շարք ամերիկյան կազմակերպություններ նավթի արդյունահանմամբ են զբաղված Սեւ ծովի վրացական առափնյա հատվածում, նաեւ բուլղարական, ռումինական, թուրքական ափերին, ուրեմն դա կարող էր արվել նաեւ աբխազական հատվածում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4