Եվս մի քանի օր եւ ուսումնական նոր տարին կսկսվի: Տոնավաճառներում եւ փողոցներում սկսվել է դպրոցական մեծ առեւտուրը: Ամենուր կարելի է տեսնել գրենական տարբեր պիտույքներ, ըստ ճաշակի` տարբեր մեքենաների, արտասահմանյան երգիչ-դերասանների եւ, ով զարմանք, հայ հայտնի մարդկանց նկարներով տետրեր: Բազմաճաշակ հագուստի ընտրանին, անշուշտ, ավելի մեծ է: Վերջերս քաղաքի տոնավաճառներից մեկում նկատեցի գույնզգույն հագուստներ` «Հատուկ սեպտեմբերի մեկի համար» ցուցանակով:
Այս իրարանցումը հիշեցնում է Ամանորը` մեծ, երբեմն անիմաստ ծախսեր, երբ ծնողներից շատերը գնում են, ասենք, տետրեր` ամբողջ տարվա համար եւ նույնիսկ շեշտում. «Սա քեզ ամբողջ տարին հերիք է, չէ՞»:
Փոքրիկ Վահեին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, մոր` տիկին Վեներայի հետ, հանդիպեցի Երեւանի տոնավաճառներից մեկում: Գրենական պիտույք էին ընտրում: Հարցիս, թե ի՞նչ կարիք կա միանգամից այդքան գրիչ ու տետր գնելու, տիկին Վեներան պատասխանեց. «Դե, դա կարծես ավանդույթ լինի,ուզում եմ երեխաս ոչ մի բանի պակաս չունենա` առաջին դասարան է գնալու»: Իսկ գների վերաբերյալ նա նշեց, որ ամեն ինչ շատ թանկացել է, որին, սակայն, վաճառող Գագիկը պատասխանեց. «Լավ է հիմա առնեք, վերջին օրերին ավելի է թանկանալու»:
Ամբողջ աշխարհում ընդունված է` որեւէ տոնի, իրադարձության առիթով համապատասխան ապրանքները էժանանում են, մեզանում` ընդակառակը: Կան ընտանիքներ, որոնք իրենց երեխայի համար ոչ թե ամբողջ տարվա, այլ նույնիսկ մեկ շաբաթվա համար ի վիճակի չեն գրենական պիտույք գնելու, էլ չեմ խոսում հագուստի ու կոշիկի մասին. դա շատերի համար երազանքների ոլորտից է:
Այս մեծ իրարանցումին անմասն չեն նաեւ ուսուցչուհիները` իրենց նոր հագուստներով ու սանրվածքներով: Իհարկե, բոլորս ենք ուզում դպրոցներում տեսնել կոկիկ ուսուցիչներ, բայց ոչ ամեն գնով: Կան այնպիսիք, որոնք իրենց վերջին խնայողություներն են տրամադրում սեպտեմբերի մեկին «ճոխ» տեսք ունենալու համար:
Գայանե Մանուկյանը արդեն հինգ տարի դասավանդում է մայրաքաղաքի դպրոցներից մեկում: Նրան նույնպես հանդիպեցի տոնավաճառում` հագուստի բաժնում: Անկեղծ ասած, հագուստը, որ նա ընտրեց եւ որով պատրաստվում է ուսումնական տարվա առաջին օրը դպրոց գնալ, կզարդարի ուզածդ ցուցահանդեսը: «Սեպտեմբերի մեկն ինձ համար Նոր տարուց ավելի նշանակալից է, ես ուզում եմ այդ օրն ամենագեղեցիկը լինել», նշեց հայոց պատմության ուսուցչուհի օրիորդ Մանուկյանը:
Խոնարհվելով ուսուցիչների առջեւ` այնուամենայնիվ փաստենք, որ հագուստ, առհասարակ կեցվածք ընտրելու հարցում նրանք զիջում են ուսանողուհիներին` հատկապես առաջին կուրս ընդունվածներին: Վստահ եմ, որ այս սեպտեմբերի մեկը նույնպես բացառություն չի լինի, եւ Երեւանի բուհերի բակերը կհիշեցնեն պարահանդեսային դահլիճներ, որտեղ շուտով կսկսվի բրազիլական կառնավալը:
Այնուամենայնիվ, բարի գալուստ նոր ուսումնական տարի:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ