«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


ԱՐՈՆՅԱՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Ջերմուկում լավագույնը Վասիլի Իվանչուկն էր

Ջերմուկում ավարտվեց շախմատի Գրան պրիի մրցաշարի նախավերջին` 5-րդ փուլը: Մասնակիցների տեղերի վերջնական բաշխման վրա մեծ ազդեցություն ունեցան վերջին երկու տուրերում գրանցված արդյունքները:

12-րդ տուրում բոլորի ուշադրության կենտրոնում Լեկոյի եւ Արոնյանի մրցավեճն էր, որում հայ շախմատիստը խաղում էր սեւերով: Հաղթելու դեպքում Արոնյանը կգլխավորեր աղյուսակը: Սակայն դա նրան չհաջողվեց: Գրանցվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեց նաեւ մյուս առաջատարը` Վասիլի Իվանչուկը` միավորը կիսելով Դմիտրի Յակովենկոյի հետ: Իսկ առաջատարներից 3-րդը` Ռուստամ Կասիմջանովը սպիտակներով անսպասելիորեն զիջեց Բորիս Գելֆանդին: Կամսկին հաղթեց Էլյանովին, Ալեքսեեւ-Բաքրո, Չեպարինով-Կարյակին, Ինարկիեւ-Հակոբյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այսպիսով, ավարտական տուրից առաջ Իվանչուկն ու Լեկոն 7,5-ական միավորով գլխավորում էին աղյուսակը, իսկ Արոնյանը, Ալեքսեեւը, Կասիմջանովն ու Գելֆանդը նրանցից հետ էին մնում միայն կես միավորով: Այնպես որ պայքարի լարվածությունը հասել էր գագաթնակետին:

13-րդ տուրում համեմատաբար հեշտ էր Արոնյանի խնդիրը, որի մրցակիցը հետնապահ Էռնեստո Ինարկիեւն էր: Արոնյանը սպիտակներով հաղթեց ու վաստակեց 8 միավոր: Նույնքան միավոր վաստակեց նաեւ Բորիս Գելֆանդը` շահելով Լեկոյի հետ սկզբունքային մրցավեճը: Հաղթողի հարցը պետք է վճռվեր Վլադիմիր Հակոբյանի եւ Վասիլի Իվանչուկի մրցավեճում: Հակոբյանին ոչ միայն չհաջողվեց մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնել, այլեւ պարտություն կրեց, ինչը հնարավորություն ընձեռեց Իվանչուկին դառնալ Ջերմուկի մրցաշարի հաղթող: Էլյանով-Կասիմջանով, Կարյակին-Կամսկի, Բաքրո-Չեպարինով, Յակովենկո-Ալեքսեեւ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այսպիսով, մրցաշարի մասնակիցները հետեւյալ կերպ դասավորվեցին մրցաշարային աղյուսակում. 1. Վասիլի Իվանչուկ` 8,5, 2-3. Լեւոն Արոնյան, Բորիս Գելֆանդ` 8-ական, 4-6. Ռուստամ Կասիմջանով, Պետեր Լեկո, Եվգենի Ալեքսեեւ` 7,5-ական, 7. Սերգեյ Կարյակին` 7, 8. Պավել Էլյանով` 6,5, 9-10. Էթիեն Բաքրո, Գատա Կամսկի` 6-ական, 11-12. Դմիտրի Յակովենկո, Վլադիմիր Հակոբյան` 5-ական, 13. Էռնեստո Ինարկիեւ` 4,5, 14. Իվան Չեպարինով` 4 միավոր:

Լեւոն Արոնյանն այս մրցաշարում ընդհանուր առմամբ լավ հանդես եկավ: Նա կրեց ընդամենը 2 պարտություն Ռուստամ Կասիմջանովից եւ Պավել Էլյանովից: Մնացած 11 պարտիաներում Լեւոնը տոնեց 5 հաղթանակ, 6 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Քանի որ Արոնյանը հաղթող էր ճանաչվել Գրան պրիի նախորդ երկու մրցաշարերում` վաստակելով 360 միավոր, ուստի Ջերմուկում ցույց տված արդյունքը լիովին բավարար էր ընդհանուր հաշվարկով 1-ին տեղը զբաղեցնելու եւ մյուս տարի կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալու համար: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանն իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ` այդպես էլ չճաշակելով հաղթանակի բերկրանքը: Նա 10 պարտիա ավարտեց ոչ-ոքի, 3-ում պարտվեց:

Մրցաշարի ավարտից հետո կայացավ փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր հանրապետության նախագահ, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը : Ողջունելով շախմատիստներին եւ հանդիսության մասնակիցներին, Սերժ Սարգսյանը մասնավորապես նշեց հետեւյալը. «Այսօր մենք ավարտեցինք Գրան պրիի ջերմուկյան փուլը: Կյանքում նույնիսկ ամենահետաքրքրական եւ հաճելի պահերն են ունենում իրենց ավարտը: Ուրախ եմ, որ Ջերմուկում ծավալվեց համառ ու լարված պայքար: Մրցաշարը շախմատային տոն էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի շախմատասերների համար: Շնորհակալություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյումժինովին, այստեղ ներկա ՖԻԴԵ-ի ղեկավարությանը` համագործակցության համար: Երախտագիտություն եմ հայտնում մրցաշարի մասնակից հիանալի շախմատիստներին, ովքեր իրենց գեղեցիկ խաղով շուք հաղորդեցին այս առաջնությանը: Շնորհակալ եմ նաեւ մրցավարներին, կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր աջակցեցին պատշաճ մակարդակով անցկացնել մրցաշարը: Մեզ բոլորիս միավորել եւ միավորում է մի բան` սերը դեպի շախմատը: Այդ միավորումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք:

Հրաժեշտից առաջ ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ուժեղագույն գրոսմայստերներին: Այն, ինչ նրանց չհաջողվեց իրականացնել Ջերմուկում, թող հաջողվի հետագայում: Վստահ եմ, որ ձեր լավագույն պարտիաները դեռեւս առջեւում են: Դուք պարտավոր եք ուրախացնել մեզ բոլորիս, ցուցադրել գեղեցիկ խաղ, որովհետեւ առանց գեղեցիկ շախմատի մենք հոգեպես ավելի աղքատ կլինեինք: Սրտանց շնորհավորում եմ մրցաշարի հաղթողին` Վասիլի Իվանչուկին հաղթանակի համար եւ բոլորիդ հաջողություն եմ մաղթում:

Երջանիկ եմ, որ կարողացանք աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ պատվել մեծ հայորդուն` Տիգրան Պետրոսյանին: Սա նաեւ նրա տոնն է, նրա երազանքների եւ իդեալների տոնը: Մենք առանց Տիգրան Պետրոսյանի չէինք կարող ունենալ այսօրվա շախմատային Հայաստանը: Փառք Տիգրան Պետրոսյանին, խոնարհվում եմ նրա լուսավոր հիշատակի առջեւ»:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդանը եւ ՖԻԴԵ-ի ներկայացուցիչները հուշանվերներ ու պարգեւներ հանձնեցին մրցաշարի երեք մրցանակակիրներին: Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորեց նաեւ Լեւոն Արոնյանին` ընդհանուր հաշվարկով առաջին տեղը զբաղեցնելու համար: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից Արոնյանին հանձնվեց Երեւանի կենտրոնի նորակառույց շենքերից մեկում բնակարան ձեռք բերելու իրավունքը հաստատող սեփականության վկայական: Նախագահը հույս հայտնեց, որ Լեւոնի հաջողությունները դեռեւս առջեւում են:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4