Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում կենտրոնականը «Միկայի» եւ «Ուլիսի» մրցավեճն էր: Հաղթելու դեպքում «Ուլիսը» կշրջանցեր «Միկային» եւ տեղ կզբաղեցներ 2-րդ հորիզոնականում: Իսկ «Միկայի» հաջողության դեպքում «Ուլիսը» 5 միավորով հետ կմնար մրցակցից:
Համառ մրցակցության ելքը վճռեցին «Միկայի» լեգեոնականներ Բոտի Դեմելի եւ Էդնեյի խփած երկու անպատասխան գոլերը: Դեմելն առաջնությունում 11-րդ գոլը խփեց եւ հավասարվեց առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս 11-րդ տուրից հետո մեկնեց Դոնեցկ, սակայն բավական ժամանակ մեր առաջնության մասնակիցներից ոչ մեկին չէր հաջողվում նույնիսկ կրկնել նրա ցուցանիշը:
«Փյունիկին» նախորդ տուրում հաղթելուց հետո «Արարատը» կարող էր առավելության հասնել նաեւ «Բանանցի» նկատմամբ: Սակայն առաջին խաղակեսի ավարտին Գեւորգ Նռանյանը մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, չիրացրեց գոլային հիանալի պահը: Արարատցիները հստակ խաղացին պաշտպանությունում` անառիկ պահելով սեփական դարպասը: Գրանցվեց ոչ-ոքի:
«Փյունիկը» Կապանում 2-0 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ: Աչքի ընկան թիմի նախորդ տարվա ռմբարկու Ալբերտ Թադեւոսյանն ու «Փյունիկի» նորեկ Ալբերտ Հովակիմյանը: Գյումրիում «Շիրակը» «Կիլիկիայի» հետ մրցավեճում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը, որը հաստատվել էր շիրակցի Կարեն Խաչատրյանի խփած գոլի շնորհիվ: Խաղավարտից 5 րոպե առաջ հյուրերից Հայկ Մկրտչյանը վերականգնեց հավասարակշռությունը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 19 | 13 | 5 | 1 | 35-8 | 44 |
2. Միկա | 19 | 13 | 2 | 4 | 42-20 | 41 |
3. Ուլիս | 19 | 11 | 3 | 5 | 30-14 | 36 |
4. Բանանց | 19 | 10 | 2 | 7 | 27-19 | 32 |
5. Գանձասար | 19 | 8 | 2 | 9 | 15-26 | 26 |
6. Շիրակ | 19 | 3 | 7 | 9 | 16-37 | 16 |
7. Կիլիկիա | 19 | 3 | 3 | 13 | 14-30 | 12 |
8. Արարատ | 19 | 1 | 4 | 14 | 8-33 | 7 |
Ռմբարկուները
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 11 |
Բոտի Դեմել | «Միկա» | 11 |
Արամ Ոսկանյան | «Միկա» | 10 |
Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 10 |
Արտյոմ Ադամյան | «Ուլիս» | 8 |
Արա Հակոբյան | «Միկա» | 7 |
Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 7 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ