«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2009-08-22 | #150, 2009-08-25 | #151, 2009-08-26


ԱՌԱՆՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ` ՈՉ ԽԱՂԱՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մեկ տարի առաջ, նույն այս օրը Ռուսաստանի Դաշնությունը, շատերի կանխատեսումներին հակառակ, ավելի վատթարացրեց Վրաստանի ու աշխարհի մի շարք երկրների հետ հարաբերությունները` ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Ու թեեւ Ռուսաստանի օրինակին միայն մեկ պետություն հետեւեց, այնուամենայնիվ, Ռուսաստանը չհրաժարվեց իր որոշումից, չնայած բազմիցս ու տարբեր մակարդակներում այսպիսի հորդորներ, խնդրանքներ ու անգամ պահանջներ հնչեցին:

Ավելին, մեկ տարի անց Ռուսաստանի Դաշնությունն, ի դեմս արտաքին գործերի նախարարության, հայտարարություն է տարածել` կոչ անելով միանալ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը:

Ու մինչ Վրաստանը, ի դեմս երկրի արտաքին գործերի նախարարի, Էստոնական այցելության շրջանակներում «տեղեկատվական խարտիա» է նախապատրաստվում ստորագրել ընդդեմ Ռուսաստանի, վերջինս մեկ տարի անց կրկին բարձրաձայնում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման անհրաժեշտության ու կարեւորության մասին:

Ընդ որում, ՌԴ արտգործնախարարությունն աշխարհին իր կոչը մատուցում է ճիշտ այն տեսանկյունից, որից զրույցը վարում են գրեթե բոլոր գերտերությունները, երբ սեփական քայլերը համոզիչ ներկայացնելու խնդիր են ունենում:

Մասնավորապես, Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության միջազգային ճանաչումը կարեւորել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ու անվտանգության ապահովմանն աջակցելու տեսանկյունիցՙ ընդգծելով, որ «առանց Անդրկովկասում ռազմաքաղաքական ու իրավական նոր իրողությունների ճանաչման այդ տարածաշրջանում անհնար է տեղակայել ու ընդլայնել միջազգային ներկայության որեւէ ձեւ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում»:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հետաքրքրական տեղեկանք է ներկայացրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ համագործակցության առումով: Ըստ այդմ, Ցխինվալի եւ Սուխումի հետ Ռուսաստանը ստորագրել է 12 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնագրեր տարբեր ոլորտներում:

Համաձայնեցման փուլում են 36 համաձայնագիր Հարավային Օսիայի եւ 43 երկկողմ փաստաթուղթ Աբխազիայի հետ: Խոսքը ամենից առաջ վերաբերում է ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը, սոցիալ-տնտեսական աջակցությանը, տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնմանը եւ այլն:

Որպես «անկախ պետությունների հետ» համագործակցության վկայություն ներկայացվում են ՌԴ նախագահի այցը Հարավային Օսիա եւ ՌԴ վարչապետի այցը Աբխազիա, որին, ի դեպ, Աբխազիայից դուրս արձագանքն ավելի բուռն ու դատապարտող էր:

Այս օրերին լրացավ նաեւ ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու նախաձեռնության մեկ տարին եւ այդկերպ անդամակցությունից հրաժարվելու ներկայացված դիմումը համարվեց բավարարված: Սակայն, Վրաստանն, այնուամենայնիվ, մնում է ԱՊՀ 75 միջազգային պայմանագրերի մասնակից: Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չնայած օգոստոսի 18-ից ԱՊՀ անդամ չէ, սակայն բանակցությունների արդյունքում Վրաստանը մնում է մի քանի տասնյակ միջազգային բազմակողմ պայմանագրերի մասնակից, որոնք ձեւավորվել են ԱՊՀ շրջանակներում:

Վրաստանը մնում է ապրանքների ազատ տեղաշարժի, ստանդարտացման, չափագրման ու սերտիֆիկացման ոլորտներում համաձայնեցված քաղաքականություն վարելու, երկաթգծային տրանսպորտով բեռնափոխադրումների եւ այլ ոլորտների առնչությամբ համաձայնագրերի մասնակից: ԱՊՀ կազմից դուրս գալով հանդերձՙ Վրաստանը մնում է երկաթգծերի համագործակցության, երկաթգծային միջազգային բեռնահաղորդակցությունների, վտանգավոր եւ պայթյունավտանգ միջպետական փոխադրումների կազմակերպությունների անդամ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4