Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որ 2009-ի հուլիսի 31-ին Թբիլիսիի Գլդանիի 8-րդ մեկուսարանից տեղափոխվել էր Ռուսթավիի 2-րդ ընդհանուր ռեժիմի գաղութ, 2009-ի օգոստոսի 21-ին նորից տեղափոխվել է` այս անգամ արդեն Ռուսթավիի 6-րդ խստացված ռեժիմի գաղութ:
«Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միությունն արձանագրում է, որ վրացական իշխանությունները, փոխանակ ապահովելու ջավախահայ քաղաքական ակտիվիստի անվտանգությունը, էլ ավելի են վտանգում նրան` տեղափոխելով մի հաստատություն, որտեղ պատիժ են կրում ծանր եւ հատկապես ծանր հանցագործություն կատարած անձինք:
«Վահագն Չախալյանի նկատմամբ բանտային ուղղակի եւ անուղղակի ճնշման ուժեղացմանն ուղղված այս քայլով վրացական իշխանությունները նաեւ հույս ունեն կոտրելու դատարանում պայքարը շարունակելու նրա վճռականությունը, քանի որ դատավարության ընթացքում ավելի ու ավելի է բացահայտվում քրեական գործի ամբողջովին շինծու բնույթը», նշված է «Երկիր» միության տարածած հաղորդագրությունում:
Հիմք ընդունելով վերոնշյալը` «Երկիր» միությունը «պահանջում է վրացական իշխանություններից անհապաղ դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ բանտային ճնշումները եւ երաշխավորել նրա անվտանգությունը, տեղափոխելով նրան բանտարկության նախկին վայր` Գլդանի 8-րդ մեկուսարան, մինչեւ բողոքարկման ամբողջ գործընթացի ավարտը (այդ թվում` նաեւ վերադաս ատյաններում)»:
«Երկիր» միությունը նաեւ խնդրանքով դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` ձեռնարկելու գործուն միջոցներ ջավախահայ քաղաքական ակտիվիստի նկատմամբ վրացական իշխանությունների ճնշումների նոր ալիքը դադարեցնելու եւ նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱն