«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագրի հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մեր ընթերցողներին ներկայացնելու հարկ թերեւս չկա: Նա վերջին տասնամյակների հայ իրականության ամենավառ կին քաղաքական գործիչներից մեկն է, անդադար աշխատանքային եռուզեռի մեջ, անընդհատ անհանգիստ ու պրպտող, անսահման աշխատասեր ու նվիրված իր գործին ու շրջապատի մարդկանց: Սփյուռքի նախարարության նրա սենյակը վերածվել է սփյուռքահայերի հետ հանդիպման փնտրված վայրի: Նրա մոտ եկած հյուրերը դժվարությամբ են բաժանվումՙ լինեն հայտնի դեմքեր, գործիչներ, թե սփյուռքահայ դպրոցականներ: Եվ եթե առաջին հայացքից նա կարող է խիստ ու պահանջկոտ թվալ, միեւնույն ժամանակ կարող է անչափ հուզվել իր մոտ եկած կարիքավոր որեւէ հայրենակցի խնդրանքից: Սփյուռքի նախարարի մոտ շատերը գալիս ենՙ հիշելով սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում նրա վերաբերմունքը հասարակ մարդկանց նկատմամբ:
Զրույցը, որի մի մասն ենք հրապարակում «Ազգ» օրաթերթում, շուտով ամբողջությամբ լույս կտեսնի Պրահայում հրատարակվող «Օրեր» եվրոպական ամսագրի 2/2009-ի համարում:
- Հայաստանյան եւ սփյուռքի մամուլում տպագրվում են նյութեր այն հարցադրմամբ, թե ինչպե՞ս կարող է կոմերիտմիության ղեկավարը անկախ Հայաստանում բարձր պաշտոններ ստանձնել: Այս կաղապարված մտայնությանը ինչպե՞ս եք վերաբերվում:
- Մոտ տասը տարի ղեկավարել եմ երիտասարդությանը, անցել է 20 տարի, սակայն չեն մոռանում: Նշանակում էՙ այնքան վառ ենք աշխատել, որ անմոռաց է դարձել: Սկզբնական շրջանում շատ ցավոտ էի ընդունում այդ բամբասանքները: Մտածում էի, այս ի՞նչ են ասում: Բայց տարիներ հետո այլ կերպ սկսեցի նայել այդ ամենին:
Ուզում եմՙ այս հարցը վերջնականապես փակենք: 1990 թվականին Խորհրդային Հայաստանի ամենահզոր, ամենաակտիվ, ամենակարող մասը կուսակցական էրՙ 200 հազար հոգի: Ամենակարող եւ ակտիվ երիտասարդների մեծ մասը կոմերիտականներ էինՙ 700 հազար հոգի: Հանրապետությունում կային մեկ տասնյակ այլախոհներ: Մնացածը ձգտում էին դառնալ կամ կոմունիստ, կամ կոմերիտական: Հիմա հարց է առաջանում. երբ անկախ հանրապետություն հռչակվեց, Խորհրդային Միությունը փլուզվեց, եւ կազմավորվեցին անկախ հանրապետություններ, այս մեկ միլիոն հայերը պետք է վերանայի՞ն, բարձրանային երկի՞նք եւ երկնքից անկախականնե՞ր իջնեինՙ երկիրը կառուցելու, հիմքերը դնելու կամ կառավարելու համար: Սա անընդունելի արտահայտություն է: Երկրորդՙ այն մարդիկ, ովքեր նվիրվեցին հայոց պետության կայացմանը, կարողացա՞ն իրենց աշխատանքով օգտակար գործեր անել եւ չհեղինակազրկվել: Հարցին պետք է այսպես մոտենալ:
Շուրջ 20 տարի անկախ հայրենիքում ես աշխատում եմ նվիրումով, անմնացորդ, աշխատում եմ ինչքան որ իմ գիտելիքները, փորձը, հնարավորությունները թույլ են տալիս մեր երկրի կառուցմանը մասնակցել: Ես այդ քննադատողներին եւ չարակամներին խորհուրդ կտայի իմ անցած ճանապարհում գտնել այնպիսի մի դրվագ, որ ես արել եմ ոչ ճիշտ քայլ, անօրինականություն, միլիոններ եմ կուտակել, հարստություն եմ ձեռք բերել, մարդկանց խաբել, կողոպտել, վարկաբեկել... Երբ ասում ենՙ ես բոլոր ժամանակներում մնացել եմ, իհարկե, ես պետք է մնամ, քանի որ աշխատում եմ հանուն մեր ազգի ու մեր պետության, ես չեմ աշխատում հանուն իմ բարեկեցության եւ անաշխատ եկամտի: Դրա համար ես խնդիր չունեմ: Յուրաքանչյուր իշխանությունից գնում են նրանք, ովքեր տապալում են աշխատանքը, ովքեր վնաս են հասցնում պետությանը, իսկ ովքեր վնաս չեն հասցրել, նորմալ աշխատել են, նրանք պետք է մնան եւ ծառայեն պետությանը: Մենք պետք է ուզենանք, որ նման մարդիկ մնան եւ աշխատեն: Քանի որ այսօր Հայաստանին շատ բանիմաց եւ կարող մասնագետներ են պետք, եւ ամենաշատըՙ պրոֆեսիոնալիզմն է պակասում: Որքան գիտելիքներով օժտված մարդիկ լինեն, այնքան կշահի մեր պետությունը:
Իմ անցած ճանապարհի ընթացքում ես անընդհատ ընտրվել եմ: Տասը հազարանոց երիտասարդական կոլեկտիվի կողմից ընտրվել եմ համալսարանի կոմերիտմիության լիդերՙ փակ գաղտնի քվեարկությամբ: Նույն ձեւով ընտրվել եմ ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղարՙ փակ գաղտնի քվեարկությամբ, որ կարող էին եւ չընտրել: 22 տարի անընդմեջ եղել եմ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի պատգամավոր եւ միշտ ընտրվել եմ մեծամասնական ընտրություններով, ժողովրդի քվեով: Ժողովուրդն ինձ ընտրել է, որովհետեւ ինձ հավատացել է, որովհետեւ ժողովրդին չեմ խաբել, չեմ կաշառել, չեմ կեղտոտվել եւ ժողովրդի ձայնն ու խոսքը հասցրել եմ խորհրդարան, մշակել եմ 150 օրենք: Մեր երկրին ամենաշատը պետք էին օրենքներ, կարգուկանոն, մեխանիզմներ, որոնց ստեղծմանն էլ մասնակցել եմ: Ինձ երկու անգամ են նախարար նշանակել, այսինքին 35 տարիների ընթացքում երկու անգամ եմ նշանակովի պաշտոն ստացել: Ես որեւէ մեկի մոտ չեմ գնացել եւ պաշտոն խնդրել: Ինձ հրավիրել են հանրապետության նախագահները եւ առաջարկել են նախարարի պաշտոն: 1996-ին տվել են ամենածանր ոլորտըՙ սոցիալական ապահովությունը, երբ երկիրը աղքատության եւ սովի մեջ ճգնում էր, եւ 2008-ինՙ երկրորդ ոլորտըՙ սփյուռքը, որը բավականին բարդ, տարողունակ, չմշակված եւ անհայտ մեխանիզմներով, որեւէ ձեւով չկանոնակարգված ոլորտ է, որը զրոյից պետք է սկսել: Ես պատասխանատվությամբ եմ կատարում Հանրապետության նախագահի հանձնարարականը եւ այդ բեռը կրում եմ պատվով: Անում եմ ամեն ինչ, որպեսզի իմ թիմով կարողանամ Սփյուռք-Հայրենիք կապերը սերտացնել, հզորացնել, ուժեղացնել: Որպես ՀՀ սփյուռքի նախարարՙ փորձել համախմբել, կազմակերպել եւ համակարգել սփյուռքահայությանը Հայաստանի շուրջ: Դա հայրենասիրական, ազգային գործ է: Այսօր շատ գործ կա անելու եւ պետք է անել: Հետեւաբար, կյանքիս այս երկրորդ փուլըՙ անկախության ժամանակահատվածը, ավելի գիտակցված, ավելի ինքնուրույն եւ ավելի կարեւոր է: Այս դեպքում կախված չես ո՛չ Խորհրդային Միության, ո՛չ կոմունիստական կուսակցության պայմանականություններից: Փորձում ես նոր գաղափարներ, գեղեցիկ ծրագրեր մշակել կամ եղածը տեղայնացնել, առանց ազգայինը կորցնելու: Եւ դա մեր նախարարության միջոցով արդեն կարելի է կատարել:
Հանրապետության նախագահը տվել է լայն լիազորություններՙ թե նախարարության կայացման եւ թե ծրագրերի առաջնահերթությունների ընտրության եւ իրականացման առումով:
Նախագահը սփյուռքի հետ կապերը համարում է առաջնային, գլխավոր: Եվ միգուցե արտաքին քաղաքականության եւ պաշտպանության խնդիրներից հետո, իր համակ ուշադրությունը բեւեռված է սփյուռքին: Չկա նախագահի մի այց օտար երկիր, ուր նա չհանդիպի հայ համայնքի հետ, ոգեւորիչ ելույթով կամ առաջարկություններով հանդես չգա: Ամեն անգամ լսելիս պատասխանատվություն եմ զգում եւ ուզում եմ, որ այն ամենը, ինչ արել ենք, համարենք շատ քիչ եւ մտածենք նոր գործեր ու նոր ծրագրեր իրականացնելու մասին: Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է ե՛ւ հավուր պատշաճի ներկայացվեն աշխարհին, ե՛ւ պետք է մեր համախմբվածությունը, միմյանց օգնելու ձգտումն ավելի մեծանա, թողնենք մանր-մունր դժգոհությունները, եւ փորձենք կազմակերպվելՙ ի շահ հայրենիքի, քանի որ ամեն ինչի հիմքում հայոց անկախ պետականությունը պետք է լինի, ազգի շահը, հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ԼՂՀ-ի հարցի արդարացի եւ խաղաղ կարգավորումը:
- Այժմ նախարարության մասին: Եթե ամփոփելու լինենք Ձեր վերջին այցերը Հարավային Ամերիկա, Կանադա, Ֆրանսիա, որո՞նք են սփյուռքի մեր հայրենակիցների կողմից բարձրացված գլխավոր հարցերը, որո՞նք են մեր մարտահրավերները:
- Մարտահրավերներից առաջինը հայապահպանության խնդիրն է: Ուծացումը գնալով մեծ չափերի է հասնում Լատինական Ամերիկայի երկրներում եւ Ռուսաստանում: Մենք պարտավոր ենք հայապահպանությունը դարձնել մեր գլխավոր հոգսերից մեկը եւ փորձել լուծումներ գտնել: Այստեղ է, որ կրթության հարցերը պետք է առաջ մղել: Ես ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունը հայտարարում է գիտելիքի վրա հիմնված տնտեսության կայացում: Գիտելիքը պետք է դարձնել առաջնային նաեւ դրսի աշխարհում: Մեր հայ երիտասարդներն ի ծնե պետք է լսեն հայկական երաժշտություն, հայկական բառ ու բան: Պատահական չէ, որ մեր աշխատակիցները, մեր նախարարությունը նախաձեռնել են ձայնագրել հայկական օրորոցայինների մի շարք եւ նվիրել սփյուռքահայ երիտասարդ ընտանիքների նորածիններին, որպեսզի հայ մայրը կարողանա հայ բառ ու բանով երեխային օրորել: Մենք սկսել ենք մեկօրյա դպրոցների թվաքանակի ընդլայնման գործընթացը:
Սփյուռքում հարց են բարձրացնում կրթության մասին, ուղղագրության եւ դասագրքերի խնդիրների, անորակ եւ ոչ ցանկալի մշակույթը Հայաստանից արտահանելու դեմ պայքարելու, հեռատեսիլի ոչ ընդունելի ծրագրերի հեռարձակման եւ երկքաղաքացիության մեխանիզմների բարդությունների մասին: Հարց են բարձրացնում, որ Հայաստանում իրավական հարցերին այնպիսի լուծումներ տրվեն, որ իրենք կարողանան բարենպաստ միջավայրում ներդրումներ կատարել:
Հարցերի մի մասն առնչվում էին Հայաստանից մեկնած եւ բանակում չծառայած երիտասարդների խնդիրներին: Մենք փոփոխեցինք օրենքը, 1980 թ. հոկտեմբերի 31-ից հետո ծնված եւ մինչեւ 2009-ի մայիսի 1-ը 27 տարին լրացած երիտասարդը բանակում չծառայելու համար քրեորեն չի հետապնդվի: Նրանք պետք է ամեն մի զորակոչից խուսափելու համար վճարեն 50-100 հազար դրամ եւ զինծառայության խնդիրները կարգավորեն: Մենք քննարկում ենք, որ հայերը հեշտացված կարգով գան Հայաստան: Կառավարությունն արդեն որոշում ընդունեց, եւ ապրիլի 1-ից Հայաստանի մուտքի վիզայի գինը սահմանվել է 10 դոլար:
Մենք քննարկում ենք օտարերկրյա քաղաքացիների մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը, որն ուղղված է աշխատանքի իրավունքին, որ օտար երկրից եկած հայ մարդը հավասար աշխատանքային իրավունքներ ունենա, վիզաները կանոնակարգվեն եւ այլն: Ուզում ենք սփյուռքահայ ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծել եւ հայրենիքում նրանք ուսման նույնքան վարձավճարներ մուծեն, որքան հայաստանցիները, զբաղվում ենք նրանց առողջության համար հավասար պայմանների ու վճարների հարցերով: Մենք սփյուռքի հետ աշխատանքը կազմակերպելիս աշխատում ենք տարածաշրջանային առանձնահատկությունները հաշվի առնել, ծրագրերը մշակում ենք ըստ տարածաշրջանների: Բոլորին նույն մոտեցումներով ու բանաձեւով չի կարելի չափել: Նաեւ ցանկացած սփյուռքահայի հետ աշխատանքը պետք է անհատական տանել:
Հայերի 80 տոկոսը ոչ մի կառույցում կամ կազմակերպությունում ընդգրկված չէ: Հետեւաբար, անհատ հայերի հետ աշխատելը նույնպես պետք է դառնա մեր գործունեության ձեւերից մեկը: Դրա համար էլ սկսել ենք «Հայադարձության» ծրագիրը, որպեսզի ցանկացած հայ մարդ, ով հեռացել է իր արմատից, իր համայնքից, իր եկեղեցուց, որքան հնարավոր է արագ վերագտնի իր ինքնությունը եւ իր արմատը: Ուզում ենք հայապահպանության գլխավոր զենք դարձնել «Արի տուն» ծրագիրը: Մենք գտնում ենք, որ դրանով հայ երիտասարդին կարելի է կապել հայրենիքի հետ: Ես հաճախ կատակով ասում եմ, որ Հայաստան այցելած յուրաքանչյուր մարդ դառնում է «անբուժելի հիվանդ», նա վարակվում է «Հայաստան վիրուսով», այլեւս չբուժվելու պայմանով: Որպեսզի այդ վիրուսն անընդհատ ապրի հայի հոգում, նա պետք է անպայման Հայաստան գա: Շեշտը հատկապես պետք է դնենք երիտասարդության վրա եւ նրա կապը հայրենիքի հետ ամրապնդենք:
- Իսկ սփյուռքի նախարարության աշխատանքում Ձեր ամենամեծ խոչընդոտը ո՞րն եք համարում:
- Սփյուռքի լայնությունը եւ մեծությունը, աշխատողներիՙ սփյուռքի քիչ իմացությունը, սփյուռքումՙ նախարարության աշխատողների բացակայությունը: Չնայած փորձել ենք սփյուռքահայեր հրավիրել, որ օգնեն, բայց հիմնականում այդ գիտելիքները պետք է աշխատանքի ընթացքում ձեռք բերել: Կան հատկանիշներ, որ կցանկանայի մեր աշխատողներն ունենան: Առաջինը պատասխանատվությունն է: Երբեք չեմ կարող ներել այն մարդուն, որը կարող է հանձնարարությունը ստանալ եւ օրերով չկատարել այն: Դա ինձ համար անհասկանալի է: Երկրորդՙ ճիշտ չխոսելը: Ճիշտ չխոսող մարդը չի կարող նվիրյալ լինել, որովհետեւ նա կարող է գործի կեսից հետ կանգնել: Այդպիսի մարդու հետ չես կարող մարտի գնալ: Իսկ մենք ամեն օր մարտ ենք մղումՙ հայրենիքի համար, հայապահապանության համար: Երրորդ հատկանիշն ազնվությունն է: Անազնիվ մարդն ինձ հետ ճանապարհ չի կարող անցնել: Ես իրականում առաջնորդվում եմ մեր մեծերի երկու շատ մեծ խորհրդովՙ Միսաք Մեծարենցի «Տո՜ւր ինծի Տեր ուրախություն անանձնական» եւ Հովհաննես Թումանյանիՙ «Գործն է անմահ, լավ իմացեք»: Եթե մարդն իր կյանքում գործ չի անում, հետք չի թողնում, ժամավաճառությամբ է զբաղված, այդպիսի մարդը նաեւ ժամանակ ունի բանսարկության, խաբեբայության: Միայն զբաղված ու նվիրյալ մարդը կարող է ստեղծագործել, արարել, նվիրվել: Լավ արտահայտություն կաՙ երբ գործ չես անում, պատճառներ ես որոնում արդարանալու համար, իսկ եթե ուզում ես գործ անել, միջոցներ ես փնտրում, ծով է այն տարածքը, որտեղ ամեն օր կարող ես ինչ-որ բան անել: Ես պատրաստ եմ ամեն օր սովորեցնել իմ աշխատակիցներին եւ համոզված եմ, որ նրանք հեռու կլինեն անպատասխանատվությունից:
- Ձեզ համար կյանքում ո՞րն է եղել երջանկությունը:
- Երջանկությունը շատ լայն հասկացություն է: Ես երջանիկ եմ որեւէ լավ գործ անելիս, կարիքավորին օգնելիս, ծնողներիս առողջ տեսնելիս: Դուք խոսեցիք բարեգործության մասին: Ես իմ ուժն ու եռանդը դրեցի եւ ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանի հետ ստեղծեցինք մի կենտրոն, որն ուղղակի փրկօղակ էր: Կանայք Հայաստանում հնձվում էին կրծքագեղձի քաղցկեղից, եւ որեւէ ձեւով ախտորոշում չէր իրականացվում: Մամոգրաֆիայի կենտրոնը եկավ ախտորոշելու կանանց, եւ տարվա մեջ հարյուրավոր կանանց կյանք է փրկվում: Դա ամենամեծ երջանկությունն է, երբ տեսնում ես, որ դրա շնորհիվ մայրը վերադարձավ ընտանիք իր երեխաների մոտ, եւ նրանք չդժբախտացան: Ինձ համար երջանկություն է, երբ իմ հայրենիքում այնպիսի խնդիր է լուծվում, որ ամբողջ ազգը կարող է դրանից ցնծալ: Դա ղարաբաղյան հաղթանակն էր, դրանք մեր մեծ ու փոքր այլ հաղթանակներն են: Մեծ է այդ երջանկության կարկինը, որը գնալով թող բացվի...:
- Կարելի է ասել, որ դուք Ձեր անձնական կյանքը զոհաբերեցիք աշխատանքին:
- Մեծ հաշվովՙ այո՛: Կարծես աշխատանքն ինձ շատ ավելի ձգեց կյանքում: Ինչ ես անում եմ սիրով ու նվիրումովՙ օգնություն է հայրենիքիս, ազգիս ու ժողովրդիս:
Զրույցը վարեց
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԸ, «Օրեր» եվրոպական ամսագրի խմբագիր