«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2009-08-22 | #150, 2009-08-25 | #151, 2009-08-26


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՆ ԲՈԼՈՐԸ

Սա երթեւեկության անվտանգության ապահովման գլխավոր պայմանն է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երբ կառավարությունում հաստատվեց Հայաստանի եւ Երեւանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը, հերթական անգամ տեղի ունեցավ մեզանում հաճախ կրկնվող անհեթեթությունը: Այսինքնՙ տարիներ շարունակ հասարակությունը, լրատվամիջոցները պայքարում են ինչ-որ խնդրի լուծման համար, քննադատում են իշխանություններին ու կառավարությանը այդ հարցի լուծումը չտալու կամ ուշացնելու համար, բայց երբ այդ լուծումը տրվում է, հայտնվում են մարդիկ, որոնք սկսում են քննադատել խնդրի լուծման փաստը: Կրկնում ենք, խնդրի լուծման փաստը, այլ ոչ թե ինչքանով է խնդիրը լուծվել կամ ինչն է մնացել չլուծված: Ինչ տխմարություններ ասես, որ չգրվեցին այդ ռազմավարության ընդունումից հետոՙ սկսած նրանից, որ դրա նպատակը բյուջեն լցնելն է, վերջացրած նրանով, որ ամրագոտիներ կապելը... մարդու իրավունքների խախտում է: Երեւի կարիք չկա անդրադառնալու նմանատիպ մեկնաբանություններին: Սակայն վերոնշյալ փաստաթղթի նշանակությանն ու նրա թերություններին անդրադառնալն անհրաժեշտ է:

Որ ճանապարհային երթեւեկությունը Հայաստանում եւ մասնավորապես Երեւանում շատ ավելի վատ վիճակում է, քան, եթե չասենքՙ եվրոպական կամ ամերիկյան քաղաքներում, ապա ԱՊՀ երկրների քաղաքներում, երեւի ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ընդ որում, օրենքները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները մեզ մոտ խախտում են առանց բացառության բոլորը, սկսած նրանցից, ովքեր պատասախանատու են այստեղ կարգուկանոն ապահովելու համար, վերջացրած մեզանից յուրաքանչյուրովՙ վարորդ թե հետիոտն: Բնական է, որ այդ իրավիճակին վերջ տալու համար անհրաժեշտ էր նախ եւ առաջ երկրի ղեկավարության քաղաքական կամքը, ապաՙ համալիր ծրագիր ու միջոցառումների ցանկ: Այսօր այդ երկուսն էլ առկա են, ինչը կարեւորում են նաեւ այս ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աբգար Եղոյան, «Սպառողների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպության նախագահ.

- Ամենալավն այն է, որ վարչապետը սեփական օրինակով կարող է ցույց տալ, որ մենք բոլորս կարող ենք օրենքը պահպանել: Ամենագլխավոր պայմանն այն է, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները պահպանեն բոլորը: Այն երկրներում, որտեղ այս հարցը արմատական լուծման անհրաժեշտություն էր ստացել, առաջինն իրենց օրինակով երկրի ղեկավարները, նախարարներն ու հայտնի մտավորականներն են ցույց տվել օրենքին ենթարկվելու եւ, օրինակ, ամրագոտիներ կապելու իրենց պատրաստակամությունը:

Էդուարդ Հովհաննիսյան, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ.

- Շատ դրական, ուղղակի հոյակապ եմ համարում այս ռազմավարության ընդունումը: Դա մեծ քայլ է ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման համար: Ռազմավարության մշակումը սկսել էինք դեռ անցյալ տարի գարնանը եւ դրա վրա երկար ենք աշխատել: Պետք է ասեմ, որ ճանապարհային երթեւեկության օրենսդրություն կա, բայց վատ է կիրառվում:

Օրենքիՙ բոլորի կողմից կիրառման անհրաժեշտությունը, փաստորեն, ամենակարեւոր խնդիրն է, որին համակարծիք են բոլորը: Ճանապարհային նշաններին եւ գծանշումներին ենթարկվելը, ամրագոտիներ կապելը եւ օրենքի մյուս բոլոր պահանջները պետք է պարտադիր լինեն բոլորիՙ նախարարների, ոստիկանության, բանակի, ազգային անվտանգության, պաշտպանության նախարարության ղեկավարների ու բարձրաստիճան ծառայողների, խոշոր ու ոչ այնքան խոշոր գործարարների, չինովնիկների, զանազան անձանց այսպես կոչված «ախրաննիկների» համար: Եթե այս պայմանը իսկապես պահպանվի, ապա կարելի է ասել, որ Հայաստանում եւ Երեւանում երթեւեկության անվտանգության բարձրացման գլխավոր հարցը լուծված է: Սա թեեւ գլխավոր, բայց միակ խնդիրը չէ:

  Աբգար Եղոյան . - Խնդիրները գալիս են ոչ միայն վատ վարորդներից եւ հետիոտներից, որոնցից առաջինները ոչ մի կերպ չեն ցանկանում ճանապարհ զիջել հետիոտնին, իսկ վերջիններս էլ փողոցը հատում են ամեն վայրից: Ասեմ, որ դա վարկաբեկում է երկիրը նաեւ զբոսաշրջիկների աչքերում: Շատ խնդիրներ կախված են ճանապարհային երթեւեկության կանոններին ծանոթ չլինելուց, ճանապարհային նշանների ոչ ճիշտ տեղադրված լինելուց կամ ընդհանրապես տեղադրված չլինելուց եւ բազմաթիվ այլ հարցերից: Ինչ վերաբերում է ամրագոտիներ կապելու պահանջին, ապա դա շատ ողջունելի է, որովհետեւ դրա շնորհիվ մարդկանց կյանքեր են փրկվելու: Մեր կազմակերպությունն առաջարկելու է, որ այդ օրենքը պարտադիր լինի նաեւ ճանապարհային ոստիկանության համար, ինչն առկա է Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում: Չէ՞ որ ծառայության բերումով ոստիկանը ստիպված է լինում արագ վարել մեքենան, ինչը նրա կյանքը վտանգի է ենթարկում:

  Էդուարդ Հովհաննիսյան . - Խնդիրներ իսկապես շատ կան: Գծանշումներն արվում են անորակ ներկով, խաչմերուկներ կան, որ հետիոտնի անցումը հնարավոր չէ, լուսացույցներ շատ տեղերում չկան, թեեւ վերջերս 70 նոր լուսացույցներ են տեղադրել: Ամրագոտիները կապելու պահանջի խստացումից հետո պարզվեց, որ խանութներում ամրագոտիներ չկան: Մեզ անգամ զանգել են եւ հայտնել մեքենաներից ամրագոտիների գողացման դեպքի մասին: Անհասկանալի է, թե ոստիկանության տեսուչներն ինչո՞ւ չեն կապում ամրագոտիները: Այսինքն, այս հարցում օրենքի փոփոխման անհրաժեշտության կա: Մթնեցված ապակիների խնդիրը: Ապակիները պետք է լինեն թափանցիկ: Կարծում եմ նաեւ, որ նոր ընդունված ռազմավարության իրազեկումն առայժմ բավարար չէ: Ոստիկանության ներկայացուցիչները այս օրերին մեկ-երկու անգամ երեւացին հեռուստատեսությամբ եւ որոշ հարցեր պարզաբանեցին, բայց լայն իրազեկում լրատվամիջոցներով չի տարվում:

Բացի լայն իրազեկումից եւ դեռեւս լուծման կարիք ունեցող խնդիրների կարգավորումից, որոնց մասին բարձրաձայնում են մեր մատնանշած հասարակական կազմակերպությունների ղեկավարները, կցանկանայինք ընդգծել ռազմավարությունը կյանքի կոչելու համար պարտադիր եւս մեկ հանգամանքՙ հետեւողականությունը: Քիչ չեն դեպքերը, երբ կառավարության որոշումները կամ երկրի նախագահի հրահանգները կատարվում են կիսատ, լինում են ժամանակավոր եւ որոշ ժամանակ անց մոռացվում: Քչերն են մտաբերում, որ, օրինակ, մի քանի տարի առաջ Երեւանի փողոցներում արգելված ձեւով մեքենաներ կայանելու, երթուղային տաքսիների կանգառներից դուրս կանգառն արգելելու ու այստեղ կարգուկանոն հաստատելու նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռնարկած միջոցառումները, թեեւ տեւեցին մի քանի ամիս, բայց, ի վերջո, մնացին կիսատ եւ աստիճանաբար մարեցին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4