Ամառը շուտով կավարտվի, բայց կան դեռ մարդիկ, որոնք կա՛մ իրենց արձակուրդն են անցկացնում, կա՛մ էլ նոր են պատրաստվում մեկնել հանգստանալու: Հայաստանը, ձգտելով դառնալ զբոսաշրջիկների համար հետաքրքրական, ունի լուրջ խնդիրներ: Մայրաքաղաքի փողոցներում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ երեւանցիների ճնշող մեծամասնությունը գերադասում է կամ կգերադասեր հանգիստն անցկացնել արտերկրում, բայց ոչ այստեղ: Ընդ որում, դա պարզաբանվում է հետեւյալ կերպ. նախ` Հայաստանում, օրինակ, յոթնօրյա հանգիստը շատ ավելի թանկ է, քան Անթալիայում կամ Սեւ ծովի վրացական ափին: Երկրորդ` մեր քաղաքացիների մեջ կա այսպիսի սկզբունք. զբոսաշրջություն` նշանակում է անպայման երկրից մեկնել, տեսնել այլ երկրներ, մինչդեռ մեզանից ոմանք չգիտեն, ասենք, Տավուշի, Սյունիքի, Արցախի հրաշալիքների մասին: Կա նաեւ «Պատվի եւ արժանապատվության» հարց. «Ինչպե՞ս, հարեւանս Եգիպտոս մեկնի, ես` Սեւա՞ն»:
Երեւանի տուրիստական գործակալություններից իմացանք, որ յոթ օրով վրացական Քոբուլեթի մեկնելու համար անհրաժեշտ է քառասունվեց հազար դրամ` հյուրանոցի, սննդի եւ այլնի համար: Իսկ, օրինակ, Սեւանի մեկ օրվա ուղեգիրը` մեկ անձի համար, արժե քսանչորս հազար դրամ, ընդ որում, սրա մեջ մտնում են գիշերավարձն ու միայն նախաճաշը: Այսինքն, եթե ուզում եք յոթնօրյա հանգիստն անցկացնել կապուտակ Սեւանի ափին եւ այնտեղ միայն նախաճաշել, ապա, խնդրեմ, մուծե՛ք հարյուր վաթսունութ հազար դրամ: Տավուշի մարզի Իջեւան քաղաքում մեկ շաբաթով իջեւանելն այս տարի արժե հարյուր քառասուն հազար դրամ. գիշերավարձն այստեղ քսան հազար դրամ է:
Ավելորդ չէ նշել նաեւ, որ վրացական ափերում վաճառվող պաղպաղակները, կարկանդակները, զովացուցիչ ըմպելիքները եւ այլն շատ ավելի էժան են, քան մեզ մոտ:
Այսպիսով, ակնառու է դառնում, որ մեր քաղաքացիներից շատերը չեն ընտրում հայաստանյան հանգստավայրերը պարզապես այդքան փող չունենալու պատճառով, իսկ թուրքական «անթալիաները», փաստորեն, ավելի են մտածում կոնկրետ մեր քաղաքացիների գրպաններին շատ չհարվածելու մասին, ապահովելով նրանց ավելի մեծ հոսքը Թուրքիա:
Իհարկե, Հայաստանի նման երկիր չկա աշխարհում, բայց յուրօրինակության ապացուցման մեջ մեր երկիրը դեռ շատ անելիքներ ունի:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ