«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2009-08-22 | #150, 2009-08-25 | #151, 2009-08-26


ՀԵՐԹԱԿԱՆ Digitec-Ը` ՆԱԵՎ ՄՈԲԻԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Հոկտեմբերի 2-4-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի 5-րդ Digitec ցուցահանդեսը: Արդեն ավանդական դարձած այս միջոցառումը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի տարվա կարեւոր իրադարձություն է:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ներկայացմամբ, ակնկալվում է, որ այս տարի 15-20 տոկոսով կավելանա ցուցահանդեսի մասնակիցների թիվը: Նախորդ տարի խնդիրներ կային ցուցահանդեսի ընտրության վայրի առումով, ինչը հանգեցրեց մասնակիցների թվի նվազման: «Այս տարի կանխատեսվում է 11-12 հազար այցելու: Երկու տարի առաջ կատարված ուսումնասիրության համաձայնՙ Digitec-ի մասնակիցների մոտ 20 տոկոսը գործարար այցելուներն են, ովքեր լուծումներ են փնտրում իրենց ձեռնարկությունների համար, 45 տոկոսը ուսանողներ էին»:

Վարդանյանի խոսքով, մասնակիցերի մոտ 50-60 տոկոսը Digitec-ում փնտրում է մոբիլ լուծումներ: «Ցավոք, այդ տարիներին մենք չունեինք մոբիլ ծառայություններ առաջարկող մասնակիցներ, սակայն այս տարի ակնկալվում է, եւ այդ նպատակով ցուցահանդեսում ունենալու ենք մոբիլ ծառայությունների առանձին անկյուն: Կարծում եմՙ դա մեծ հետաքրքրություն կառաջացնի թե՛ երիտասարդության, թե՛ գործարար շրջանակներում, քանի որ շարժական կապն այսօր բավականին լայնորեն օգտագործվում է բիզնես լուծումներ իրականացնելու համար»:

Digitec ցուցահանդեսը բավականին ընդգրկուն է եւ հագեցած բազմաբնույթ միջոցառումներով: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս ցուցահանդեսի շրջանակներում լինելու է նորաստեղծ ձեռնարկությունների անկյուն: Այսօր մի շարք ընկերություններ Հայաստանում սկսում են նոր ծառայություններ առաջարկել (մասնավորապես Ucom ընկերությունն «Էրիքսոնի» հետ համատեղ Հայաստանում ներդնում է թվային հեռուստատեսություն), եւ Digitec-ն այն հարթակն է, որտեղ այդ ընկերությունները կարող են առաջարկել ու ներկայացնել իրենց ծառայությունները:

Digitec-ին զուգահեռ կանցկացվի նաեւ համաժողով, կլինի գործարար ներկայացումների շարք, որի միջոցով ընկերությունները կներկայացնեն իրենց վերջին լուծումներն ու ձեռքբերումներն այս կամ այն ոլորտում:

Այս տարի Digitec-ի ընթացքում կազմակերպվելու են նաեւ մի շարք վիճակախաղեր երեխաների եւ երիտասարդների համար, ինչը կխթանի երիտասարդների մասնակցությունը: Ցուցահանդեսում լինելու է նաեւ GameZone, որտեղ երիտասարդները կարող են ծանոթանալ վերջին խաղային լուծումներին, փորձարկել դրանք:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4