Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ բանկերը զգուշավորություն են ցուցաբերում վարկերի տրամադրման հարցում: Իսկ բարձր տոկոսադրույքով տրամադրելու դեպքում էլ վերջիններս իրենց ապահովագրում են բարձր ռիսկերից:
«Մենք առաջին հերթին նայում ենք բիզնեսին, ինչ բիզնես է, վերադարձելիության ինչ հնարավորություն ունի: Գրավը վերջին ինստանցիան է, որ պետք է ապահովի բանկը: Ապահովում է, որ ավանդատուի գումարը կարողանա հետ վերադարձնել», ասում է Էմիլ Սողոմոնյանը:
Որ տոկոսադրույքները բարձր են, Էմիլ Սողոմոնյանը բնական է համարում: Յուրաքանչյուր բանկ նաեւ կորուստի տոկոս է պլանավորում, թե գումարի որ մասը կարող է չվերադառնալ: Նախորդ տարի բանկային համակարգում չվերադարձելիությունը շատ քիչ էր, այս տարի պատկերը փոխվել է` կազմում է 5- 6 տոկոս:
Էմիլ Սողոմոնյանի խոսքերով, ՀՀ բանկերն այնքան գերլիկվիդային են, որ միայն 17 մլրդ դրամ 2,5% տոկոսադրույքով ավանդ ունեն դրած ԿԲ-ում: Այն հարցին, որ եթե բանկերն այդքան կայուն են, ինչու դրսից ներգարվված միջոցները կառավարությունը եւ ԿԲ-ն ուղղում են նաեւ բանկային հատված, Էմիլ Սողոմոնյանը պատասխանեց, թե այդպիսով կառավարությունը հակաճգնաժամային շատ ճիշտ ծրագիր է իրականացրել. «Տարբեր երկրներում էլ պետությունը բանկերին ֆինանսական աջակցություն է տալիս, որ բանկային համակարգը սնեն, որ ավելի վատ վիճակի մեջ չընկնի: Մեզ մոտ նպատակը փոքր ու միջին բիզնեսի զարգացումն էր: Կառավարությունն արտարժութային երաշխիք է տրամադրում, նշանակում էՙ արտարժույթի գնի մեծ տատանում չի սպասվում, իսկ դա նշանակում է, որ եւս մեկ մարտի 3 չի լինի»:
Ճգնաժամին դիմակայելու համար Հայաստանի կառավարությունն անընդհատ վարկեր է ստանումՙ դրանց մի մասը հատկացնելով առեւտրային բանկերին: «Քաղաքականությունը ճիշտ է», վստահեցնում է Հայաստանի բանկերի միության նախագահը: Ռուսական 500 մլն դոլար վարկի մի մասը կրկին հատկացվեց առեւտրային բանկերին. «Բացառում եմ այն դեպքը, որ նա տվեց, որպեսզի բանկերը չսնանկանան: Նման բան չի եղել: Ուղղակի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ տրամադրեցին, որ բանկերը ավելի լիկվիդային լինեն եւ ազատ կարողանան տնտեսությունը վարկավորել»:
Ըստ բանկերի միության նախագահի, ռուսական բանկի տրամադրած վարկով բանկերը վարկավորում են խոշոր բիզնեսը, միջին բիզնեսը, ինչպես նաեւ տրամադրում հիպոթեկային, ապառիկ եւ սպառողական վարկերՙ սկսած 16 տոկոսից:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե այդ դեպքում ինչու են արտերկրից ներգրավված վարկերն այդքան բարձր տոկոսադրույքով տրամադրվում, նա պատասխանեց, որ տոկոսադրույքները բարձր չեն. «Գործող 16% տոկոսադրույքը նորմալ է: Ով ասաց, որ ներգրավված միջոցները չնչին տոկոսադրույքներով են տրամադրվում բանկերին. միջինը 10% է, միայն կառավորության տրամադրած ռուսական վարկն է, որ 7% է: Ինքս, երբ ներգրավվել եմ, ինձ վրա 10,2% է եղել. այս պայմաններում ինչպես կարելի է խոսել 16%-ից իջեցնելու մասին»:
Այն հարցին, թե բիզնեսը զարգացնելու համար արդյոք չպիտի գնանք կոմպրոմիսի, բանկերի միության նախագահը պատասխանեց, թե ճգնաժամը միայն Հայաստանում չէ. «Նույն ճգնաժամը Ռուսաստանում էլ կա, որտեղ 36% տոկոսադրույքով վարկեր են տալիս: Մեր տնտեսությունն ավելի վատ է, այդ պատճառով ավելի բարձր տոկոսադրույքներ պետք է լինեն, որովհետեւ ռիսկերն ավելի մեծ են: Եթե տնտեսությունը վատ վիճակում է, դա չի նշանակում, որ վարկերը պետք է նվերներ տանք կամ ավելի ցածր տոկոսադրույքով. ռիսկն էլ է, չէ՞, շատ: Վերադարձելիությունը պետք է ապահովել»:
Ն. Մ.