Հայաստանի ներկա պայմաններում, որտեղ հասարակության քաղաքական բեւեռացումը մի կողմից, եւ զանգվածային լրատվության միջոցներիՙ քաղաքական ու տնտեսական շրջանակներից կախվածությունը մյուս կողմից, ստեղծում են անհաշտ այնպիսի մթնոլորտ, որտեղ հանրօգուտ աշխատանքի ու նախաձեռնության ամեն մի ցանկություն, լինի կառավարական, ինքնակառավարման թե այլ մակարդակով, զսպվում-խեղդվում է դեռեւս սաղմնային վիճակում: Բարի ցանկությունները հաճախ փշրվում են կասկածամտության պատին խփվելիս եւ բարիք ցանկացողները երբեմն թեւաթափ են լինում:
Ամենաթարմ օրինակն ավտոմեքենաների ամրագոտիների խնդիրն է, որը, մեղմ ասած, անհանդուրժողականությամբ դիմավորվեց շատերի կողմից, ԶԼՄ-ների «թեժացրեքյան» վարմունքով էլ խթանված: Թերթերից մեկը նույնիսկ հայտարարեց, ինչպես տեղեկացրել էր «Ազգի» երեկվա համարը, թե ամրագոտիների կիրառման պարտադրանքը մարդու իրավունքների ամենակոպիտ խախտում է, մինչ մեկ ուրիշ թերթ, ցույց տալու համար, թե ինքը որքա՜ն սուր դիտողականություն ունի, «բացահայտեց», որ այդ նախաձեռնությունը փող լվանալու համար է արված:
Անշուշտ, ամրագոտիների կիրառումը հարցի լուծում չէ. պետք են բազմաթիվ նոր նախաձեռնություններ, որոնց համալիր կիրառումն ապահովելու պարագայում չի ուշանա, վստահ եմ, հասարակության նպաստավոր արձագանքը:
Իսկապես, երբեմն նույնիսկ չգիտակցված ձեւով, հասարակությունը կարիք ունի նորանոր նախաձեռնությունների, որոնք կթեթեւացնեն քաղաքացիների հոգսերը, կբարելավեն մարդկանց առողջության, կրթության, աշխատանքի, հանգստի հետ կապված բազմաթիվ խնդիրները, ապրելակերպը կդարձնեն հարմարավետ ու հաճելի:
Մյուս կողմից, մեր պետական այրերին ու քաղաքական-հասարակական գործիչներին երբեմն թվում է, թե հանրօգուտ ծառայությունները հակասում են ազատական շուկայի սկզբունքներին: Մինչդեռ քաղաքացիական կազմակերպված հասարակություն ունեցող երկրների փորձը հակառակն է ապացուցում:
Օրինակՙ բոլորս ենք բողոքում Սեւանում ծովի ու արեւի բարիքները վայելելու դժվարամատչելիությունից (խոսքը վերաբերում է միջին եւ համեստ խավերին, այսինքնՙ մեծամասնությանը): Տրանսպորտը, կեցությունը, սնունդը եւ հարակից ծախսերը իսկապես անմատչելի են «սեփականացված» Սեւանի տարածքում: Մի՞թե դժվար էր, ամառվա այս մի քանի ամիսներին Երեւանից Սեւան եւ հակառակը ավտոբուսային կանոնավոր, հանգստավետ ու մատչելի գներով երթեւեկ կազմակերպելը: Իսկ տեղում արդեն, Սեւանի տարբեր ափերին, հափշտակիչներից լայն տարածքներ ազատել, հարդարել, ավազապատել, ցնցուղներ տեղադրել, փրկարարական եւ այլ ծառայություններով ապահովել մարդկանց անվճար կամ էժան հանգիստը: Գլուխը քարը նրանց, այսպես կոչվածՙ բիզնեսմեններին, ովքեր կբողոքեն իրենց գործին խփելու համար: Այստեղ շուկայական հարաբերություններին պետական միջամտության խնդիր չկա այնքան ժամանակ, որ կառավարությունը դա եւ նման նախաձեռնություններ կիրառում է դարձյալ մասնավորի միջոցովՙ արտոնյալ վարկ կոչվող հզոր զենքի օգտագործմամբ: Թող չառարկեն նաեւ նրանք, ովքեր իբր մտահոգվածՙ պետբյուջեի մուտքի սյունակները ցույց կտան: Եթե Մ. Նահանգները եւ զարգացած մյուս երկրները այսքան եւ այսպիսի պայքար են մղում, օրինակ, ծխելու դեմ, բյուջեները չե՞ն տուժում: Անշուշտ: Սակայն դա բերում է մեծագույն խնայողությունների մեկ այլՙ առողջապահության ծախսերի ոլորտում:
Հետեւաբար, հանրօգուտ նախաձեռնությունները չեն կարող հակասել ազատական շուկայի սկզբունքներին այնքան ժամանակ, որ դրանք նվիրված են հասարակական բարօրությանը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ