«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2009-08-25 | #151, 2009-08-26 | #152, 2009-08-27


ԹՈՒՐՔԻԱ. ԴԵՊԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ

Հազիվ թե հայերս կարողանանք անաչառ լինել Թուրքիայի հարցում, վերաբերի դա նրա անցյալին, թե ներկա իրողություններին: Այլ է նրա նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանում: Թեեւ այստեղ էլ, չնայած երկու երկրների միջեւ մոտ 40 միլիարդ դոլարի հասնող առեւտրատնտեսական հարաբերություններին, պատրանքներ չկան, թե Թուրքիան երբեւէ կդառնա Ռուսաստանի բարեկամը. երկու նախկին համաշխարհային կայսրությունների փոխհարաբերությունները եւս աչքի չեն ընկել «ջերմությամբ»: Սակայն աշխարհաշրջանի դինամիկ զարգացող եւ աշխարհագրական եզակի դիրք գրավող մուսուլմանական պետությունը կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշիչների ձեւավորման մեջ, եւ ռուսաստանյան լրատվամիջոցները հաճախ են նյութեր հրապարակում Թուրքիայի, նրա վարած քաղաքականության, տնտեսության մասին: Ինչի՞ վրա են ուշադրություն հրավիրում ռուս մասնագետները:

Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանի հռչակած զարգացման նոր մոդելը հենվում է իսլամական էկոնոմիկայի արդիական տարբերակի, ներազգային ճգնաժամի հաղթահարման եւ արտաքին քաղաքական կուրսի փոփոխման վրա: Կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կողմից իրագործվող տնտեսական նախագիծը կապված է տնտեսության իրական եւ ոչ թե ֆինանսական հատվածի հետ: Այդ պատճառով էլ ներկա ճգնաժամը ուրիշ երկրների համեմատ նվազ բացասական ազդեցություն ունեցավ Թուրքիայի վրա: Ստեղծվել է տնտեսական նոր կենտրոն` Կենտրոնական Անատոլիան: Լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում հաղթահարելու էկոնոմիկայի ենթակառուցվածքային խնդիրները: Արտադրանքի արտահանմանը կողմնորոշված տնտեսության համար գերկարեւոր են տրասնպորտային նախագծերը, որոնք գերակայություն են ստացել կառավարության կողմից: Մեծածավալ ներդրումների շնորհիվ, օրինակ, վեցշերտանոց ավտոճանապարհների երկարությունը գրեթե կրկնապատկվել է: Ծրագրված է թունել կառուցել Բոսֆորով եւ այլն: Թուրքիան հավասարակշռել է իր արտադրանքի իրացման շուկան, եւ Եվրոպայում դրա անկման պայմաններում այն ավելացել է Մերձավոր Արեւելքում, այդ թվում նաեւ Իրանում ու Իրաքում:

Իսկ ի՞նչ է նշանակում իսլամական էկոնոմիկա: Զուտ տնտեսական բարեփոխումների հետ մեկտեղ Էրդողանի կառավարությունը աննախադեպ ուշադրություն է դարձնում երկրի բարգավաճման գաղափարախոսությանը, դրա հիմքը դարձնելով իսլամը: Ընդ որում, այս պարագան բնավ էլ ձեւական-քարոզչական բնույթ չի կրում: Դժվարին, լավ վճարվող աշխատանքը համարվում է «աստվաճահաճո» եւ խրախուսվում է: Իսկ ահա կապիտալի անարդյունավետ օգտագործումը (օրինակ, դրա սառեցումը բանկերում) հավասարեցվում է «մեղքին»: Ակնհայտ է նաեւ հարցի քաղաքական կողմը. իսլամական բարոյականության սկզբունքների «տնտեսական» կիրառումը բարեհաճությամբ է ընկալվում Թուրքիայում բնակվող բոլոր մուսուլմանական ազգերի կողմից (մասնավորապես նկատի է առնվում քրդական գործոնը): Եվ, որ նույնքան կարեւոր է, նման մոտեցումները ստեղծում են վստահության մթնոլորտ, ինչը մեծ նշանակություն ունի հատկապես ճգնաժամի հաղթահարման գործում: Այդ իմաստով Թուրքիայի վարկանիշը բարձր է առհասարակ մուսուլմանական աշխարհում: Մերձավոր Արեւելքի շատ մեծահարուստներ անշարժ գույք են ձեռք բերում Թուրքիայում (մասնավորապես Ստամբուլում)ՙ գտնելով, որ այդ երկիրը վստահելի է որպես դեմոկրատական-մուսուլմանական պետություն:

Երկրորդ կարեւոր ուղղությունը Էրդողանի կառավարությունը դարձրեց ազգային հաշտության մոդելը: «Ընդհանուր» իսլամական գործոնի քարոզման հետ մեկտեղ զգալի ներդրումներ կատարվեցին հիմնականում քուրդ բնակչություն ընդգրկող հարավարեւելյան շրջաններում, վերականգնվեց գյուղատնտեսությունը, երկրամասը դարձավ արտահանման կարեւոր կենտրոն` կողմնորոշվելով դեպի Իրաք: Միայն հյուսիսային Իրաքում գործում են 1200 թուրքական ընկերություններ, որոնց առեւտրական շրջանառությունը անցյալ տարի կազմել է 7 միլիարդ դոլար: Նոր աշխատատեղերի ստեղծումը, սոցիալական ենթակառուցվածքի բարելավումը, ազգային մշակույթի զարգացման սահմանափակումների նվազեցումը հնարավորություն տվեցին քրդերին զգալու նոր կուրսի դրական արդյունքները: Իսկ երբ բացվեց Իրաքի հետ սահմանը, Թուրքիայի քրդերն իրենց շատ ավելի «քաղաքակիրթ» զգացին իրաքցի ցեղակիցների համեմատ: Թուրքական Մեջլիսում կառավարող կուսակցության կազմում քրդերն ունեն 79 ներկայացուցիչ: Ոչ թե ուժի, այլ ինտեգրման միջոցով ընդհանուր հասարակություն ստեղծելու նախագիծը քայքայում է Քրդստանի բանվորական կուսակցության դիրքերը եւ թուլացնում ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ազդեցությունը: Այս տարվանից գործում է քրդական ազգային հեռուստաալիք: Եթե նախկինում ի պատասխան ահաբեկչական գործողությունների թուրքական բանակը պատժիչ միջոցներ էր ձեռնարկում քրդաբնակ վայրերում, ապա նոր պայմաններում բանակը, համաձայնեցնելով իր քայլերը քաղաքական ղեկավարության հետ, պատասխան հարվածներ է հասցնում Հյուսիսային Իրաքում տեղակայված բազաներին:

Արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան անթաքույց ձգտում է դառնալ մուսուլմանական աշխարհի լիդերը: Ի տարբերություն քրիստոնեական աշխարհի, որտեղ ԱՄՆ-ի դերը որպես առաջատարի անվերապահ է, ապա մուսուլմանական ազդեցիկ երկրներից ոչ մեկը, լինի Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրանը, Պակիստանը թե մեկ ուրիշը, տակավին անզոր է թելադրելու իր կամքը գոնե համաիսլամական սկզբունքային հարցերում: Ահա եւ Էրդողանը, ստեղծելով կոալիցիոն ամուր պոտենցիալ, փորձում է անել ավելին, քան դա կարող է իրականացնել սոսկ տարածաշրջանային խաղացողը: Էրդողանի հակաիսրայելական «դավոսյան» քայլը ինչքան ցուցադրական էր, նույնքան էլ հեռագնաՙ մուսուլմանական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու մեջ: Անկարան Եգիպտոսին հետզհետե դուրս է մղում մերձավորարեւելյան կարգավորումից, հաճախ է միջնորդ ծառայում Իսրայելի, Պաղեստինի, Սիրիայի, ԱՄՆ-ի միջեւ նրանց փոխհարաբերություններում: Ակտիվ է Թուրքիան Իրանի հետ առնչություններում, հմտորեն է օգտագործում կրոնական գործոնը Աֆղանստանի, Իրաքի, Պակիստանի իրադարձություններում եւ այլն:

Հատկանշական է Թուրքիայի նախաձեռնությունըՙ կարգավորիչ դեր խաղալու Կովկասի կոնֆլիկտային իրավիճակում: Հաջող թե անհաջող, դա ուրիշ հարց է: Այդ երկրի համար գերադաս ուղղություն են էներգետիկ հաղորդակցություններն ու դրանց անվտանգությունը: Նրա տարածքով են անցնում կարեւորագույն նավթագազատարներ, որոնց շնորհիվ դառնալով տարանցիկ տարածքՙ Թուրքիան խնդիր է դնում վերածվելու նավթ ու գազ արտահանող երկրի:

Սկսված վերափոխումների մեջ մտցնելով նաեւ նոր սահմանադրության մշակումը, Էրդողանը հայտ է ներկայացնում ստեղծելու երկրորդ հանրապետությունՙ հռչակելով Թուրքիայի նոր տեղը զարգացող աշխարհում: Հետաքրքրական է, որ նրան հաջողվում է նոր համակարգի մեջ մտցնել նույնիսկ ընդդիմությանը: Բանակին եւս գոհացնում է իր նոր առաքելությունը. ներքին կայունությանը սատարելու հետ մեկտեղ թուրքական բանակը ակտիվ գործողություններ է ծավալում նաեւ երկրի սահմաններից դուրս:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4