Մեկ տարվա վաղեմություն ունեցող վրաց-ռուսական պատերազմը եւ դրան նախորդած քաղաքական իրադարձությունները չէին կարող սրություն չմտցնել նախկինում եղբայրակից այս երկու երկրների միջեւ: Վերջին օրերին Վրաստանը պաշտոնապես դուրս եկավ ԱՊՀ կազմից: Վրացին ՌԴ-ում դարձավ «անցանկալի անձ»` մանավանդ տեղի ոստիկանության համար: Եվ միայն այդժամ մեր հյուսիսային հարեւանները հիշեցին մեզ: Վրաստանի մոսկվաբնակ քաղաքացիները ոստիկանական հետապնդումներից խուսափելու եւ հետագայում ՌԴ քաղաքացիություն ընդունելու համար գտան հեշտ ձեւ. քանի որ Ռուսաստանը վերոհիշյալ դեպքերից հետո երբեք իր քաղաքացիությունը չի տա վրացիներին, նրանք դիմում են ՌԴ-ում հայկական դեսպանատուն եւ հյուպատոսարաններ` Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Դրանով նրանք, նախ, որոշ չափով հեշտացնում են իրենց կյանքը Մոսկվայում, երկրորդ` շատ ավելի կարճ ճանապարհով ստանում են արդեն ՌԴ քաղաքացիություն:
Անշուշտ, «անձնագրային այս ֆուտբոլից» ավելի շատ օգտվում են Ջավախքի մեր հայրենակից Վրաստանի քաղաքացիները, սակայն քիչ չեն դեպքերը, երբ ազգությամբ վրացիներն են հերթ կանգնում ՀՀ քաղաքացի դառնալու համար: Դա նրանց համար, կարծես, միակ միջոցն է` չզրկվելու ՌԴ-ում ապրելու եւ աշխատելու իրավունքից:
Սակայն ի՞նչ կլինի, եթե որեւէ վրացի հայկական քաղաքացիություն ստանալուց հետո հրաժարվի կյանքի ռուսական հեռանկարից եւ գա իր «նոր հայրենիք»: Հաշվի առնելով, որ Մոսկվայում այժմ ապրող վրացիներից շատերը նյութապես բավականին ապահովված մարդիկ են, ապա նրանց համար դժվար չէ այստեղ ժամանակի ընթացքում որեւէ կուսակցություն, հասարակական կազմակերպություն ստեղծել, մտնել հայկական քաղաքական դաշտ, մասնակցել ընտրությունների: Եվ գուցե մի օր նախագահի վրացի՞ թեկնածու ունենանք: Միգուցե սա փոքր-ինչ չափազանցված է, բայց դեպքերի նման շարունակությունից ես, համենայն դեպս, չեմ զարմանա:
Ուրեմն ՀՀ անձնագիրը թղթի ինչ-որ կտոր չէ, ոչ էլ դպրոցի ավարտական վկայական, այն հանձնելուց առաջ, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը, մտածել է պետք:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ