Աբու Դաբիում անցկացվեցին շախմատի կայծակնային երկու մրցաշարեր, որոնց մասնակցեցին հայ շախմատիստները: Առաջինում գերազանց հանդես եկավ Զավեն Անդրեասյանը: 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, Զավենը նվաճեց գլխավոր մրցանակը: Միայն ռուսաստանցի Յուրի Բոչարովին հաջողվեց կես միավոր վաստակել Զավենի հետ մրցավեճում: Մնացած պարտիաներում հայ շախմատիստը պարտության մատնեց Հալեդ Մոնային, Սալեհ Սալեմին, Հրանտ Մելքումյանին, Զուրաբ Ստուրուային, Յուրի Դրոզդովսկուն, Ալեքսեյ Ալեքսանդրովին, Անտոն Ֆիլիպովին եւ Ստանիսլավ Սավչենկոյին:
Հաղթողից 1,5-ական միավորով հետ մնացին ուկրաինացի Յուրի Դրոզդովսկին եւ Հրայր Սիմոնյանը: Վերջինս երկու պարտություն կրեց Ալեքսանդր Ռահմանովից ու Պարմեն Գելազոնիայից, իսկ մնացած պարտիաներում հաղթեց Ահմադ Խոուրիին, Մանսուր Խոուրիին, Հանի Ալշարիֆին, Սանան Դովլաթովին, Ռոման Օվեչկինին, Յուլիա Ռիյանովային եւ Սալեհ Սալեմին: Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը` Հրանտ Մելքումյանը 6 միավորով գրավեց 10-րդ տեղը: Նա տոնեց 5 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, նույնքան մրցախաղում էլ պարտվեց:
Կայծակնային մյուս մրցաշարում եւս հանդես եկան 3 հայ շախմատիստներ: Այստեղ 11 հնարավորից 9-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովն ու ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովը: Հրայր Սիմոնյանը 8,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Նա տարավ 8 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն: Հաղթանակներից մեկը նա տոնեց Աշոտ Անաստասյանի նկատմամբ, որը 8 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Անաստասյանը 2-րդ պարտությունը կրեց Սանար Դովլաթովից: Նա մրցաշարում 7 հաղթանակ տոնեց, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի:
Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանը 7 միավորով զբաղեցրեց 22-րդ տեղը: Լիլիթը տարավ 7 հաղթանակ, կրեց 4 պարտություն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ